Վերջերս Ադրբեջանում հակահայկական հռետորաբանության սրում է նկատվում, իսկ սահմանին էլ իրավիճակը լարված է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ լարվածության թուլացմանը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այս առումով նկատել է. «Այդ հանդիպումն ու տասնյակ նախորդ հանդիպումները միայն մեկ խնդիր են հետապնդում՝ պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը»։
Նա նաեւ անդրադարձել է ԼՂ հակամարտության եւ ԵՏՄ մտնելու միջեւ եղած կապին եւ նշել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունները որեւէ կապ չունեն Հայաստանի ինտեգրացիոն գործընթացի հետ, քանի որ դրանք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ երեք համանախագահների շրջանում։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցությունը միակ ձեւաչափն է, որի շրջանակներում Ռուսաստանը, Ֆրանսիան՝ այսինքն Եվրամիությունը, ԱՄՆ—ն համագործակցում են։
Իսկ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերջնականացումը տեխնիկական խնդիրների հետ է կապված եւ ոչ թե աշխարհաքաղաքական հարցերի։ «Առավել եւս Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է այն պատճառով, որ տվյալ կազմակերպության համահիմնադիրներն իրար հետ ունեն լուրջ խնդիրներ, եւ շատ հաճախ Հայաստանի անդամակցության հարցը լծակ է դառնում, որը Բելառուսն ու Ղազախստանն օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ՝ վերջինից ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար»,–կարծիք է հայտնել Սերգեյ Մինասյանը։
Ըստ փորձագետի՝ իրականում կապ չունենալով շարունակվող բանակցային գործընթացի հետ, շատ տրամաբանական է, որ հասարակությունը էմոցիոնալ է արձագանքում այդ ձգձգվող գործընթացին։ Սակայն այն մեծ մասամբ պայմանավորված չէ քաղաքական խնդիրներով։ Հայաստանի անդամակցության ձգձգումը Եվրասիական տնտեսական միությանը զուտ տեխնիկական գործընթաց է, որը կախված է նախ նրանից, որ այդ կառույցը դեռ գոյություն չունի։ Այդ կազմակերպության փաստաթղթերը ստորագրված են գրեթե մեկ ամիս առաջ, եւ այն պետք է սկսի գործել միայն 2015 թ. հունվարի 1—ից։
«Իսկ արդեն հոկտեմբեր—նոյեմբեր ամիսներին մենք կունենանք հստակ պատկերացում, թե միությանը անդամակցելուց հետո ինչպիսի զարգացումներ կլինեն Հայաստան—Եվրամիություն փոխհարաբերությունների շրջանակներում։ Ըստ դրա Հայաստանը կկարողանա հասկանալ այն սահմանները կամ սահմանափակումները, որոնք նա պետք է հաշվի առնի Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում»,– նկատել է նա։
Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, Ս. Մինասյանը կարծիք է հայտնել, որ փոփոխություններ հազիվ թե լինեն։ Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր են իրական ակտիվ զարգացումներ միայն այն դեպքում, եթե լինեն լուրջ արտաքին «ֆորս—մաժորներ», իսկ դրանց բացակայության դեպքում պետք է սպասել 2017—ի հերթական խորհրդարանական ընտրություններին։
Նրա խոսքով, այսօր ընդդիմադիր դաշտն ակտիվ քննադատում է իշխանության այս կամ այն գործողությունը, սակայն այդ քննադատությունները երկրի ներքաղաքական կյանքում չեն կարող բերել զարգացումներ։
«Հասարակության շրջանում կան լուրջ դժգոհություններ։ Սակայն ընդդիմադիր ուժերը նույնիսկ ի վիճակի չեն մոբիլիզացնել այն ուժերը, այսինքն՝ ընդդիմությունը չի կարող այդ ռեսուրսներն օգտագործել քաղաքական դաշտում ավելի տեսանելի լինելու համար»,–նշել է Ս. Մինասյանը։
Թուրքիան գնում է երկու հակառակ ուղղություններով
Օրերս Թուրքիան հայ—թուրքական սահմանի բացման վերաբերյալ ակնարկ էր տարածել կառավարության վստահությունը վայելող թերթերից մեկի միջոցով։ Հայաստանում այս քայլերի իմաստը լավ են հասկանում։ Այս եւ նմանատիպ այլ ժեստերը միջազգային լսարանին են ուղղված։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, թե չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության 100—ամյակին ընդառաջ Թուրքիայի կողմից դարձյալ նման ժեստեր լինեն։
«Հնարավոր է, որ այդ քաղաքականության քայլերից մեկը լինի ոչ անպայման սեպտեմբեր—հոկտեմբերին, բայց հաջորդ տարվա ապրիլի առաջին կեսին սահմանի բացման մասին խոսքը կամ որոշ պայմանների ներքո իրականացումը։ Եթե դա լինելու է Հայաստանի հաշվին, ես դեմ եմ դրան. Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ինչ—որ բան անեն, որ սահմանը բացվի այն պետության կողմից, որը փակել է ու հայ ժողովրդին պահում է շրջափակման մեջ»,–լրագրողների հետ զրույցում ասել է նա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|