ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 27 » Տարբերենք օբյեկտիվ քննադատությունը քաղաքական շահարկումից
13:35
Տարբերենք օբյեկտիվ քննադատությունը քաղաքական շահարկումից

Վարչապետի պատասխանները ԱԺ—ում հավատարմագրված լրագրողներին
ՀՀ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
–Պարոն վարչապետ, ԱԺ չորս խմբակցություններ Ձեր հրաժարականի նախագիծ են ներկայացնում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին ու նաեւ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ այդ առթիվ հնչեցրած մտքին։ 
–Դա քաղաքական ուժերի իրավունքն է ու քաղաքական պայքարի գործիք է՝ ընդունված շատ երկրներում։ Տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից։ Եվ բնական է, որ այն միշտ մեր ընդդիմախոսների զինանոցում է, եւ երբ նրանք նպատակահարմար են գտնում այն օգտագործել՝ իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով, ապա կարող են այդ գործիքից օգտվել։ Դա նորմալ քաղաքական պայքարի ձեւ է։
Ինչ վերաբերում է նախարարի արտահայտությանը, ապա կարծում եմ՝ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա քաղաքական դեբատներ կառուցել, նախապատրաստվել եւ շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել։ Կարծում եմ՝ մենք պետք է արդեն հարթված համարենք այս միջադեպը եւ պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում։
–Ընդդիմությունը դժգոհ է Ձեր աշխատանքից։ Որքանո՞վ է դա հիմնավորված։
–Դուք հիշո՞ւմ եք որեւիցե կառավարություն ՀՀ պատմության մեջ կամ որեւիցե ժողովրդավարական երկրում, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից։ Քաղաքական դաշտը ենթադրում է, որ քաղաքական պայքար պետք է միշտ լինի։ Հակառակ դեպքում կնշանակի, որ մենք չունենք ընդդիմախոսներ ու ընդդիմություն։ Կոչ եմ անում, որ դրան վերաբերվեք որպես ժողովրդավարական երկրի նորմալ, օրինաչափ երեւույթի։ Եթե դուք, որպես լրագրողներ, դրան նորմալ վերաբերվեք, ապա կկարողանաք օբյեկտիվ դատել՝ արդյոք փաստարկները, որոնցով քննադատում են կառավարությանը, ճի՞շտ են, թե՞ ոչ։ Որպեսզի մեր քաղաքացիներին եւս թույլ տաք օբյեկտիվ դատողություններ կառուցել, հասկանալ, թե որն է օբյեկտիվ, հիմնավորված քննադատություն, իսկ որը՝ քաղաքական շահարկման առարկա։

–Խորհրդարանական ուժերը ցանկանում են «Նաիրիտի» հետ կապված հանձնաժողով ստեղծել, նշում են, որ դա «մութ պատմություն է»։ Հիշատակում են նաեւ Ձեր եղբայրների անունը։ Եվ ե՞րբ աշխատակիցները կստանան իրենց 15 ամսվա աշխատավարձերը։
–Շնորհակալ եմ հարցի համար, քանզի դա ինձ հնարավորություն է տալիս արձագանքել երեկվա մեղադրանքներին, որոնք հնչում էին իմ հասցեին, եւ խոսքը գնում էր նաեւ հանձնաժողովի ձեւավորման մասին։ Այն մտահոգությունը, որ ունեն Հանրապետական կուսակցության պատգամավորները, եւ ըստ որի՝ հարցը բարձրացնողները շահագրգռված չեն, որպեսզի իրականում «Նաիրիտի» խնդիրը քննարկվի, այլ ուղղակի քաղաքական շահարկումների տեղիք են ուզում տալ, ապացուցվեց։ Բերեմ մի քանի փաստեր, որոնք երեկ հնչեցին պատգամավորների ելույթներում, եւ որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ։
Առաջին՝ Չինաստանի հետ կապված պայմանագրի մասով։ Չինաստանի հետ պայմանագրին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2000թ.։ Բանակցությունները սկսվել են 1999թ.։ Պայմանագիրը ստորագրվել է 2002թ.։ Իսկ հոսքագիծը Չինաստան է տեղափոխվել 2005թ.։ Ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի ու իմ եղբայրների հետ, անհիմն են, շինծու եւ սուտ։
Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ են հետապնդում մեր ընդդիմախոսներն այդ սուտ տեղեկատվությունը կապելով իմ անձի հետ։ Միայն մեկ՝ դրանք քաղաքական շահարկումներ են՝ վարկաբեկելու նպատակով։ Այլ բացատրություն ես չեմ տեսնում։
Երկրորդը՝ այս փաստերը պարզելու համար, կարծում եմ կհամաձայնեք, հանձնաժողով ստեղծել պետք չի, որովհետեւ կառավարության թվարկված որոշումները տեղադրված են մեր կայքէջում, եւ եթե մեր պատգամավորները ցանկություն ունեն, ապա կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ։
Երրորդը՝ այս որոշումներն ընդունել են այն մարդիկ, ովքեր նստած են այս դահլիճում։ Նրանք քաջատեղյակ են, թե ինչու է կառավարությունը 2000թ. որոշում կայացրել պայմանագիր ստորագրել չինացիների հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար։ Ինչու է կառավարությունը 2002թ. հավանության արժանացրել այդ պայմանագիրը, եւ ինչու են այդ համատեղ ձեռնարկությունը ստեղծել։ Այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը, ով այսօր մեր դեսպանն է Չինաստանում եւ ով պրոֆեսիոնալ դիվանագետ է, իր աշխատանքային գործունեությունն իրականացնում էր Միացյալ Նահանգներում՝ որպես ռազմական կցորդ։ Նա Չինաստանում որպես դեսպան է նշանակվել միայն 2008թ.։
Ի՞նչ է սա փաստում։ Սա փաստում է, որ չինական պայմանագիրը, հոսքագծերի արտահանումը որեւիցե առնչություն չէին կարող ունենալ ոչ Տիգրան Սարգսյանի, ոչ էլ նրա եղբայրների հետ։
Մյուս փաստը, որը նույնպես արձանագրված է ՀՀ կառավարության որոշումներում, 2006թ. կառավարության որոշումն է, որով կառավարությունը նպատակահարմար գտավ «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնել «Ռայնովիլ» ընկերությանը։ Այս որոշումը վավերացվել է հանրապետության նախագահի կողմից։ Հասկանալի է, որ 2006 թվականին ես չէի կարող այդ որոշումը կայացնել, եւ այդ մեղադրանքն իմ անվան հետ կապելը քաղաքական շահարկման նպատակ է հետապնդում, դա քաղաքական պայքարի ձեւ է։
Փաստը մնում է փաստ, որ այդ պնդումները եւ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում, քանզի ես իմ ներկայիս պաշտոնում նշանակվել եմ 2008 թվականից։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն պնդումներին, ըստ որոնց՝ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Աշոտ Սարգսյանը՝ իմ մյուս եղբայրը, աշխատանքից ազատվելուց հետո 42 մլն դրամ վերջնահաշվարկ է ստացել, դա բացարձակ սուտ է, որ տարածվում է իմ եղբոր վերաբերյալ։
Ավելին, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ «Նաիրիտը» այդ հարցով համապատասխան տեղեկատվություն չի տրամադրել ԶԼՄ—ներին։ Գործարանի պաշտոնական հայտարարությունը տարածվել է ԶԼՄ—ներով, եւ այդ տեղեկատվությունը զրպարտելու նպատակ է հետապնդում։ Սա էլ հաջորդ փաստն է, որի քաղաքական նպատակները հասկանալի են։
«Նաիրիտի» ներկայիս աշխատակիցների աշխատավարձերի վերաբերյալ խնդրում եմ դիմել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ով այդ խնդրի պատասխանատուն է եւ տիրապետում է իրավիճակին։
–Ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը, եթե ՀՀ նախագահի կուսակիցները սկսեն հանդես գալ Ձեր քննադատությամբ, ինչպես արեցին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակիցները։
–Նման համեմատությունը կոռեկտ չեմ համարում, իսկ Հայաստանում նման սցենարի կրկնությունն անիրատեսական է։ Ասեմ, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են այդպիսի սցենարի մասին, սակայն ես կարծում եմ, որ այդպիսի սցենարներ Հայաստանում չեն կարող լինել մի քանի պատճառներով։ 
Առաջին պատճառն այն է, որ մեր քաղաքական թիմի դիրքորոշումը եւ մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է հետեւյալը. մենք պետք է մեր ընդդիմախոսների հետ կառուցենք երկխոսության կամուրջներ։ Լինի դա խորհրդարանում կամ դրանից դուրս, մենք մշտապես համագործակցության եզրեր գտնելու կողմնակից ենք, եւ այդ առումով մեր քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է։
Մյուս գործոնն այն է, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրն ունի տնտեսական խնդիրներ, ինչի մասին առաջինը բարձրաձայնում են իշխանությունները։ Սա շատ կարեւոր նշանակություն ունի համագործակցության եզրեր գտնելու առումով։ Այդ առումով մեր դռները միշտ բաց են, համագործակցության ցանկացած առաջարկի վերաբերյալ մենք երբեք մերժողական դիրքորոշում չենք ունեցել, ինչը որակապես նոր միջավայր է ստեղծում։
Սակայն ամենակարեւորը համարում եմ ժողովրդի դիրքորոշումը։ Մեր ժողովուրդն անցել է այդ ճանապարհը, եւ մենք գիտենք այդ ճանապարհի վտանգները։ Դա դաս է եղել մեր իշխանությունների համար, բոլոր կուսակցությունների համար։ Համոզված եմ, որ ժողովուրդը իր խոր իմաստնությունը եւ շրջահայացությունը կդրսեւորի նաեւ այս պարագայում։
Չափազանց կարեւոր գործոն եմ համարում նաեւ այն հանգամանքը, որ արտաքին քաղաքական կուրսի հարցում ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է իշխանություններին։ Այն քաղաքական որոշումը, որ կայացրել է մեր երկրի նախագահը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, բնակիչների ճնշող մեծամասնությունը հավանության է արժանացրել, ինչը նշանակում է, որ այդ առումով էլ քաղաքական խնդիրներ ստեղծելու համար օբյեկտիվ հիմքեր չկան։
Հայաստանի համար ցավալի են Ուկրաինայի իրադարձությունները, քանի որ վերջինս մեզ բարեկամ երկիր է։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն։
–Կկայանա՞ արդյոք Մաքսային միությունը, եթե Ուկրաինան չանդամակցի այդ կառույցին։
–Մաքսային միությունն արդեն կայացած կառույց է եւ սերտ համագործակցության համար հաջորդ քայլն է անում՝ նախաձեռնելով Եվրասիական տնտեսական միության ստեղծումը։ Ես առաջին հերթին ցանկանում եմ արձանագրել, որ այդ կառույցն արդեն կայացած է եւ արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը։
Բացի այդ՝ Մաքսային միության անդամ երեք երկրների նախագահներն արդեն հայտարարել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին, ինչը նշանակում է, որ նրանք դեպի համագործակցության նոր փուլ են գնում։ Այդ նոր փուլը ենթադրում է 4 ազատ լուծումների ամբողջականություն մեկ տնտեսական տարածքում, որոնք են ապրանքների, կապիտալի, ծառայությունների եւ աշխատուժի ազատ հոսքերը։ Այդպիսի ազատությունների միասնական դաշտի ստեղծումը վկայում է այն մասին, որ արդեն կայացած այդ կառույցը անում է հաջորդ քայլը զարգացման առումով։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 471 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024