Վարչապետն ընդունել է Ջոն Հեֆերնին եւ Քարեն Հիլիարդին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ—ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից եւ կարեւորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը։ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ—ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաեւ ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումների իրականացմանը։ Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում։
Իր հերթին դեսպան Հեֆերնը եւս ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունը։ Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը եւ առաջիկա նախագծերը։
Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ—ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր։