ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 18:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 23 » 24 տարի առաջ ազատագրվեցին Ֆիզուլին եւ Ջաբրայիլը
09:50
24 տարի առաջ ազատագրվեցին Ֆիզուլին եւ Ջաբրայիլը

1993թ. օգոստոսին ղարաբաղյան ռազմաճակատում բուռն իրադարձություններ էին ընթանում։ Հուլիսի 23—25—ը Աղդամ քաղաքի եւ համանուն շրջանի զգալի մասի կորստից հետո Ադրբեջանում վերստին սրվել էին երկպառակությունները, մեղադրանքներ էին հնչում նորելուկ նախագահ Հեյդար Ալիեւի եւ զինական խռովարար Սուրաթ Հուսեյնովի հասցեին, քաղաքի կորուստը համարվում էր «նախօրոք պատրաստված դավաճանության» արդյունք։ 
Հուլիսի 28—ին Թարթառի ու Մարտակերտի շրջանների սահմանագլխին կայացավ հանդիպում ԼՂՀ ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունների միջեւ, որին հայկական կողմից մասնակցում էին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Համաձայնություն կայացավ ավելի վաղ ձեռք բերված հրադադարյան պայմանավորվածությունը կատարելու եւ գերիների փոխանակման հարցում։ Ակնհայտ էր, որ սեփական երեսը չկորցնելու եւ իր նախագահությունը իրավահեղինակացնելու համար Հեյդար Ալիեւը կարիք ուներ շունչ քաշելու եւ վերադասավորելու ուժերը։ Այդպես էլ եղավ։
Կորցրած լինելով Աղդամը, Մարտակերտը, ավելի վաղ՝ Քյալբաջարի շրջանը (ներկայումս՝ Քարվաճառ—Շահումյան), ըստ այնմ՝ նաեւ Լաչինի միջանցքի հյուսիսային հատվածը՝ Ադրբեջանը 1993թ. հուլիս—օգոստոսին իր հիմնական ուժն ու հարվածի թափը կենտրոնացրեց ռազմաճակատի հարավային եւ հարավ–արեւելյան ուղղությամբ (Ֆիզուլի—Ջաբրայիլ)՝ զուգահեռաբար շարունակելով ռազմական թիրախավորման ենթարկել նաեւ ՀՀ ներկայիս Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերը։
Արդեն հուլիսի 30—ին ադրբեջանական կողմը խախտեց հրադադարը։ Ֆիզուլիից հրետակոծվեցին Հադրութը, գրոհներ կազմակերպվեցին Մարտունու դիրքերի ուղղությամբ, ինչպես նաեւ հրետակոծման ենթարկվեցին ներկայիս Գեղարքունիքի Վերին Ճամբարակ, Տավուշի Մովսես, Բարեկամավան, Կոթի սահմանամերձ գյուղերը։ Օգոստոսի 2—3—ը սկսեցին թիրախավորվել նաեւ Մարտունու գյուղերը, ինչպես նաեւ Օմարի լեռնանցքի դիրքերը, ներկայիս Գեղարքունիքի Վահան, Սյունիքի Կոռնիձոր, Տեղ, Արավուս գյուղերը։
Օգոստոսի 5—ին ԼՂՀ ու Ադրբեջանի ղեկավարության միջեւ տեղի ունեցան հեռախոսազրույցներ, որոշվեց երեք օրով երկարացնել հրադադարը։ Չնայած դրան՝ նույն օրվա երեկոյան մարտեր էին ընթանում Ասկերան—Աղդամ հատվածում, հաջորդ օրերին շարունակվեցին ռազմաճակատի հարավ–արեւելյան հատվածում ընթացող մարտերը, ավելին՝ օգոստոսի 9—ի գիշերը թեժ մարտեր ծավալվեցին Մարտունի քաղաքից հարավ ընկած օպերատիվ նշանակության Ուրյանդաղ բարձունքի (582.2 մ) համար։ Վերջինիս կարեւորությունն այն էր, որ գտնվում էր Մարտունի—Ֆիզուլի ավտոճանապարհի անմիջական հարեւանությամբ եւ գերակա ու վերահսկող դիրք ուներ ճանապարհի նկատմամբ՝ բանալի հանդիսանալով ե՛ւ դեպի Մարտունի, ե՛ւ դեպի Ֆիզուլի։ Այդ է պատճառը, որ սկսած 1992թ. հոկտեմբերից՝ Ուրյանդաղը մի քանի անգամ ձեռքից ձեռք էր անցել։ 1993թ. օգոստոսի 9—ին նշված մարտերը տեւեցին մոտ 4 ժամ, երկուստեք եղան մեծ թվով զոհեր եւ վիրավորներ, բայց հայկական ուժերին հաջողվեց հետ մղել թշնամուն եւ պահել բարձունքը։
Օգոստոսի 15—ին Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում տեղակայված ադրբեջանական միավորումները նոր թափով սկսեցին գրոհել Հադրութի եւ Մարտունիի հայկական դիրքերը, ռմբակոծվեցին Հադրութ եւ Կապան քաղաքները՝ պատճառելով մարդկային եւ բնակֆոնդի կորուստներ։
Անգամ ադրբեջանական կողմի համար ակնհայտ էր դառնում, որ վրա է հասել Ֆիզուլիի հերթը։ Բաքվում, կանխազգալով վերջինիս եւ Ջաբրայիլի անկումը, դրանց իրական կորստից 7—10 օր առաջ արդեն տեղեկատվական նախապատրաստություն էին տեսնում՝ ի լուր աշխարհի գուժելով հայկական ուժերի կողմից զույգ քաղաքների «գրավումը»։ Իսկ այն, որ դեպքերն այդպես էլ զարգանալու էին, իրոք ակնհայտ էր։
Դեռ օգոստոսի 9—ին ՊԲ շտաբի որոշմամբ Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում էր տեղաբաշխվել կենտրոնական պաշտպանական շրջանի զինուժը։ Տեղին է նշել, որ վերջինս ՊԲ ամենամարտունակ զորամիավորումներից էր, եւ 1992թ. մայիսից հետո, երբ թիկունքից Ստեփանակերտին այլեւս վտանգ չէր սպառնում, վերջինս կամ նրա առանձին միավորումներ հաճախ ուղարկվում էին գործելու ռազմաճակատի ամենաբարդ հատվածներում։ Տեղում էր գործում նաեւ մեկ այլ մարտունակ ու անուն հանած միավորում՝ Ռեմիկ Մարդանյանի հիմնած 5—րդ մոտոհրաձգային բրիգադը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան)։ Բացի այս ուժերից եւ տեղում գործող 1—ին (Հադրութի) ՊՇ միավորումներից, ռազմաճակատի հարավային շրջան էին գործուղվել նաեւ 6—րդ (Մարտակերտի) ՊՇ ուժերը։ 6—րդ ՊՇ ուժերը Հադրութի շրջանում համածառայակիցներին օժանդակելուց զատ, 150 մարտիկի չափով օգոստոսի 24—ից սեպտեմբերի 6—ը մասնակցեցին ռազմաճակատի հարավ–արեւմտյան հատվածում Ղուբաթլուի շրջանի ազատագրմանը (Խծաբերդ—Բաշարաթ—Ղարաքիշիլյար—Կոռնիձորի բարձունքներ—Ղուբաթլու ուղղությամբ)։
Մարտունու շրջանի անվտանգությունը հոգում էին տեղի 2—րդ ՊՇ մարտիկները։ Այսպես, վերջիններիս հաջողվեց շրջափակման մեջ առնել եւ ոչնչացնել Մարտունու շրջան ներխուժած թշնամական միավորումներին։ Ազատագրվեց շրջանի արեւելյան գյուղերից Բերդաշենը։ 2—րդ ՊՇ ուժերը զարգացնում են հաջողությունները հարավային (Վերին Յաղլավենդ—Ղարամամեդլու—Դիլաղարդա) եւ հարավ–արեւելյան (Ղոբու Դիլաղարդա—Նամազչալայի բարձունք (348.5 մ)—Ներքին Վեյսալու—Ղարավենդ) ուղղություններով՝ էական վնաս հասցնելով այնտեղ տեղակայված ադրբեջանական հարավային խմբավորման ուժերին։ 
Տարածքի տեղագրական քարտեզին նետված հպանցիկ հայացքն անգամ բավարար է հասկանալու համար, որ թշնամու կենդանի ուժին հասցված վնասից զատ, սրանով հայկական ուժերը լուծեցին մի քանի կարեւոր խնդիր։ Նախ՝ երկու կողմից վերահսկողության տակ առնվեց Մարտունի—Ֆիզուլի ճանապարհը, երկրորդ՝ եթե 1993թ. ապրիլից հայկական ուժերի վերահսկողության տակ էր Կավաքի (Գովշաթլու) բարձունքը (599.9 մ), որ արեւմուտքից իշխում էր Ֆիզուլի քաղաքին, ապա այժմ հայկական կողմի վերահսկողության տակ էին նաեւ հարավից եւ արեւելքից Ֆիզուլիի հանդեպ գերակա բարձունքները (արդեն նշվածներից զատ, նաեւ Ղարամամեդլուի 467.5 մ եւ Վերին Յաղլավենդի 532 մ եւ 577.5 մ բարձրությամբ անանուն բարձունքները)։ Հայկական ուժերի վերահսկողության տակ էին Վարանդա գետի աջ ու ահյակ ափերը։ Մեր ուժերը գտնվում էին Ֆիզուլիից 2—4 կմ հեռավորության վրա. Ֆիզուլի քաղաքը դատապարտված էր։ Քաղաքը պաշտպանող ադրբեջանական 160—րդ գունդն ու բրիգադն ինքնակամ լքեցին քաղաքի եւ համանուն շրջանի տարածքը։ Օգոստոսի 22—ին առանց քաղաքային մարտերի Ֆիզուլի քաղաքն անցավ հայկական կողմի վերահսկողության տակ։
Համանման մարտավարությամբ հայկական ուժերն ազատագրեցին նաեւ Ջաբրայիլ քաղաքը եւ համանուն շրջանը։ Այս ուղղությամբ օգոստոսի 15—ին ձեռնարկված հակահարձակողական գործողությունների շնորհիվ 1—ին եւ կենտրոնական ՊՇ—ի ուժերին հաջողվում է առաջանալ շուրջ 16 կմ՝ ազատագրելով Ցոր, Բանաձոր, Առաքյուլ (Առաքել) գյուղերը՝ հյուսիսից վերահսկողություն հաստատելով Ջաբրայիլ քաղաքի շրջակա բարձունքների եւ Ջաբրայիլ—Ֆիզուլի ճանապարհի նկատմամբ։ Նման պայմաններում արդեն ամսվա կեսերից դեպի Իրան փախչող ադրբեջանցի զինծառայողներն ու խաղաղ բնակչությունը օգոստոսի 23—ին վերջնական պարպեցին քաղաքը եւ համանուն շրջանի մեծ մասը։
1993թ. ամառային, այդ թվում՝ օգոստոսյան հաղթանակները հայկական ուժերի կազմակերպված գործողության արդյունք էին։ Շարունակելով Մարտակերտում եւ Աղդամում հաջողությամբ պսակված մարտավարության կիրարկումը՝ Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի պարագայում եւս կենդանի ուժով եւ զինտեխնիկայով թշնամուն զիջող հայկական ուժերը խուսափեցին դիմահար քաղաքային մարտերից, փոխարենն օղակեցին քաղաքները՝ վերահսկողություն հաստատելով դրանց նկատմամբ գերիշխող դիրք ունեցող բարձունքների նկատմամբ՝ անխուսափելի դարձնելով թշնամու ուժերի կամավոր նահանջը։
Բնավ չնսեմացնելով հայկական կողմի հաղթանակի արժեքը՝ տեղին է նշել, որ պատերազմի այս հատվածում մենք զգալիորեն օգտվում էինք թշնամու ճամբարում տիրող քաղաքական սուր ճգնաժամից, որ հանգեցնում էր նաեւ ռազմական ուժերի ջլատման։ Մի կողմից՝ իշխանության նոր եկած Հեյդար Ալիեւը խնդիր ուներ զինված ուժերը մաքրել իրեն անցանկալի ժողճակատային տարրերից, ինչի արդյունքում, բնականաբար, գրանցվում էր կենդանի ուժի թվի անկում, մյուս կողմից էլ՝ տեղերում ինքնագլուխ գործող, շատ հաճախ՝ Հ. Ալիեւի իշխանությունը դեռեւս չընդունող ղեկավարության համար ձեռնտու էին ռազմական անհաջողությունները, որոնք կարելի էր բարդել նախագահի վրա։ Այսպես, օգոստոսի 23—ին, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Հ. Ալիեւը մեղադրեց Ֆիզուլու շրջվարչակազմին՝ քաղաքն ինքնակամ լքելու համար, ինչպես նաեւ Աղջաբեդիի գումարտակի հրամանատար գնդապետ Հումբաթովին՝ ձեռք բերված հրադադարը դիտմամբ խախտելու եւ հայկական կողմի հակահարձակումը հրահրելու համար։
Այսքանով իսկ, պատմության էջերում Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ազատագրման գործողությունները նշելով որպես հայ ռազմարվեստի եւ ղարաբաղյան պատերազմի նշանավոր էջեր, միեւնույն ժամանակ չպետք է ադրբեջանցիների ներկայիս ռազմական ուժի մասին դատողություններ անենք՝ հիմնվելով 1993 թվականի տվյալների վրա։
Ինչ վերաբերում է այս զույգ քաղաքներին, ապա վերջիններս այսօր գտնվում են Հադրութի շրջանի կազմում՝ համապատասխանաբար Վարանդա եւ Մեխակավան անուններով։ Թեպետ Ջաբրայիլի փոխարեն ժողովրդի շրջանում կենցաղավարում է «Ջրակ(ա)ն» տարբերակը, սակայն քաղաքի ստույգ պաշտոնական անունը «Մեխակավան» է՝ ի պատիվ «Մարտական խաչ» 1—ին աստիճանի շքանշանի ասպետ փոխգնդապետ Մեխակ Մեխակյանի։ hhpress.am

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 687 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024