ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 08.05.2024, 12:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 7 » Արդյունավետ հանդիպումներ /Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս/
13:46
Արդյունավետ հանդիպումներ /Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս/

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3–ին բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։
Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, աշխարհասփյուռ հայության եւ բարեկամ երկրների միասնական ջանքերով աշխարհի բազմաթիվ քաղաքներում իրականացվում են տարբեր միջոցառումներ։ ԱԺ նախագահի խոսքով՝ այդ խորհրդանշական տարելիցին նվիրված միջոցառումները սոսկ հիշատակի միջոցառումներ չեն, այլ ընդգրկում են մի քանի ուղղություն, որոնց հանրագումարն է դարձել «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը։ Այս կարգախոսը Հայոց ցեղասպանությունը եւ երբեւէ իրագործված բոլոր ցեղասպանությունները դատապարտելու համամարդկային ուղերձ է։ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Պատահական չէ, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հյուրընկալ հարկի ներքո հանդիսավոր բացվում է «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում եւ վավերագրերում» խորագրով ցուցահանդեսը։ Հայերի, պոնտացի հույների, ասորիների հանդեպ սառնասրտորեն իրականացված տեղահանության եւ բնաջնջման մեծ ողբերգությունը պատկերող բացառիկ այս լուսանկարների ցուցադրման առաքելությունն է՝ վառ պահել հիշողության կանթեղը, հանրությանն ու հատկապես երիտասարդ սերնդին իրազեկել անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության գործած սոսկալի ոճրագործությունների մասին։ Որքան էլ տառապալից է ողբերգական այս իրադարձությունների վերհուշը, նույնքան պարտավորեցնող է «Այլեւս երբեք»–ի պատգամը սերնդեսերունդ փոխանցելը։ Այս ցուցահանդեսն ինքնին վկայում է այն մասին, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու, քանի որ մարդկության դեմ գործած ոճիրները վաղեմության ժամկետ չունեն»։
Այնուհետեւ Գալուստ Սահակյանն իր երախտագիտության խոսքն է ուղղել Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին, Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրինությանը եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը։
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն իր խոսքում նշել է. «Մարդկության դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները անտարբեր չեն թողել քաղաքակիրթ աշխարհին։ Միջազգային մամուլը դեռ 19–րդ դարի վերջին տասնամյակում քննադատել է Թուրքիայի այդ պահվածքը։ Այդ մասին վկայում են այս ցուցահանդեսում ներկայացված ֆրանսիական, իտալական, բրիտանական, ամերիկյան, ռուսական եւ կիպրական թերթերի հրապարակումները։ Օսմանյան կայսրությունում աշխատող օտարերկրյա պաշտոնյաները այդ իրադարձությունների մասին տեղեկացրել են իրենց կառավարություններին, որոնցից շատերն իրենց բողոքն են արտահայտել թուրքական իշխանություններին։ Այդ մարդկանց վկայությունները, սարսափելի տեսարանները ներկայացնող լուսանկարները հետագայում հրապարակվեցին թերթերում կամ հուշագրություններում, դրանք այժմ արժեքավոր արխիվային նյութեր են եւ թուրքական սարսափելի բարբարոսությունների վառ ապացույցը»։
Պարոն Օմիրուն փաստել է նաեւ, որ Կիպրոսն անտարբեր չի եղել հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ։ 1890 թվականից ի վեր թուրքական վայրագությունները նկարագրող բազմաթիվ հրապարակումներ պարբերաբար հրապարակվել են Կիպրոսի հունալեզու մամուլում։ Այդ հրապարակումների մի մասը ներկայացված է ցուցահանդեսում։ Ըստ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ հայ գաղթականները Կիպրոս են եկել 19–րդ դարի վերջում։ Տասը հազարից ավելի հայ գաղթականներ հեշտությամբ ինտեգրվել են Կիպրոսի հասարակությանը եւ աստիճանաբար դարձել կիպրացի ժողովրդի անբաժանելի մասը։ Կիպրոսի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր հայկական կրոնական խումբը ներկայացված է եղել հունական համայնքային վեհաժողովում, իսկ 1965 թվականից՝ Ներկայացուցիչների պալատում։ Այնուհետեւ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի Հանրապետությունն աջակցում է եղբայրական հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ արդարությունը վերականգնելու գործում։
Նշենք, որ «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում եւ վավերագրերում» ցուցահանդեսի նյութերը տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կողմից։
Գալուստ Սահակյանը նույն օրը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար եւ վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում։ Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի, որպեսզի աշխարհը ճանաչի Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործությունը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարն ասել է, որ երկու ժողովուրդներն ունեն ճակատագրական ընդհանրություն. երկուսն էլ տուժել են Թուրքիայի անմարդկային գործողություններից։
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, վստահեցրել է, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի երկխոսություն։ Նա նշել է, որ հայ–կիպրական միջպետական հարաբերություններում հատուկ դեր է վերապահված օրենսդիր մարմիններին։ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա միջխորհրդարանական հարաբերություններն առանձնանում են իրենց շարունակական ակտիվությամբ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ակնկալում է, որ երկու խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում։ Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, սակայն դրանց կարգավորման միջոցների առումով ընդհանուր մոտեցումը նույնն է՝ առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա։ Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Հայաստանի համար այս ձեւաչափը չունի այլընտրանք, եւ սա է մեր սկզբունքային դիրքորոշումը»։
ՀՀ խորհրդարանի ղեկավարը եւս մեկ անգամ փաստել է, որ Հայաստանը դեմ է պատերազմին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան։ Խոսելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նախորդ տարի իրականացված լայնամասշտաբ ռազմական գործողություններին ու նշել, որ այդ օրերին Հայաստանուն ազգը եւ բանակը միավորվել էին մեկ գաղափարի շուրջ։ Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանը հրաշալի գիտակցում է հնարավոր պատերազմում իր ջախջախիչ պարտությունը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի եւ անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությունը եւ համատեղ ծրագրերի արդյունավետությունն առավել զարգացնելու ուղիները։
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունել է նաեւ Համայն Կիպրոսի եւ Նովա Յուստինիանիի արքեպիսկոպոս Խրիստոմոս Երկրորդը։ Այցելություն է եղել նաեւ Բյուզանդական թանգարան, որտեղ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։
Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն։ Պատվիրակությունը Երեւան է վերադարձել ապրիլի 5–ին։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 442 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024