ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 11:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 20 » «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» /Տեղի են ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված արարողություններ/
14:49
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» /Տեղի են ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված արարողություններ/

Հրանտ Դինքի սպանության 9—րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում հիշատակի միջոցառում է անցկացվել։ Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը եւ «Հրանտ Դինք» հիմնադրամը Երեւանի քաղաքապետարանի մոտ ստորագրահավաք են անցկացրել՝ մայրաքաղաքի փողոցներից մեկը Դինքի անունով կոչելու նպատակով։
Ստորագրահավաքին միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Երեւանի քաղաքապետարանի մոտ շուրջ մեկ ժամ լուռ ակցիա անցկացնելուց հետո կազմակերպիչները հավաքված ստորագրություններով Երեւան քաղաքի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով անվանելու պահանջով դիմումը հանձնել են Երեւանի քաղաքապետարան։
9 տարի առաջ հունվարի 19—ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով կատարվեց պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը։ Թուրքական պետության պատմության ցավոտ էջերին անդրադառնալու եւ կարեւորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը։ Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները խուլ էին ձեւանում։ Նրա հուղարկավորությանը մասնակցող բազմազգ ու բազմահազարանոց ամբոխը միաձայն բացականչում էր՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»։
Երեկ, հիշատակի արարողություններ տեղի ունեցան Ստամբուլում, Երեւանում, աշխարհի այլ քաղաքներում։
Ստամբուլում Հրանտի ընկերները ծաղիկներ դրեցին հենց այն վայրում, որտեղ սպանվել էր լրագրողը։ Սեդաթ շենքի դիմացի հրապարակում անցկացվեց հիշատակի հավաք՝ ոստիկանության խիստ հսկողության ներքո։
Հավաքվածների թվում էին մտավորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ, նաեւ Թուրքիայի խորհրդարանում տարբեր կուսակցություններից ընտրված պատգամավորներ Սելինա Դողանն ու Կարո Փայլանը։
«Հրանտի ընկերների» հայտարարության մեջ ասված էր.
«Այստեղ ենք՝ կարոտով։
Կարոտում ենք Հրանտ Դինքին, ով ամեն մարդու, ամեն լեզվի, հավատքի, ամեն խոսքի հավասար էր վերաբերվում։
Այստեղ ենք՝ զայրույթով։
Հրանտ Դինքին մեզանից խլող, երեխաներին մարդասպան դարձնող խավարը արդեն 9 տարի է՝ շարունակում է մարդասպաններ ծնել։ Այդ խավարը տարածվել է երկրի շուրջբոլորը եւ ամեն օր նոր մահագույժ է տարածում։ Ճանաչում ենք, գիտենք։ Մեր զայրույթը կանգուն է, կատարվածները՝ մեր մտքում։
Այստեղ ենք՝ համառորեն»։
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը անդրադարձել է լրագրողի սպանության գործով դատավարությանը։
«Դատավարությունը տեւեց շուրջ հինգ տարի, որն ընթացավ բազմաթիվ քննադատություններով, նաեւ ձերբակալություններով, բայց այդպես էլ իսկական կազմակերպիչները չհայտնաբերվեցին։ Դատական գործընթացը շարունակվում է, այդ իսկ պատճառով էլ ասում եմ, որ այս ողբերգությունը Թուրքիայում վերածվել է կատակերգության»,–նշել Է.Մինասյանը։
Ըստ նրա՝ Դինքի սպանության իրական պատճառները պետք է փնտրել նրա համարձակ ելույթներում, որոնց ընթացքում դատապարտում էր Թուրքիայում մարդու իրավունքների սահմանափակումը, ազատ խոսքի անմիջական սահմանափակման փաստը, պատմական արդարության շատ գաղափարների դեմն առնելը։
Պատմաբանի խոսքով, հայ—թուրքական սառեցված բանակցության պայմաններում միջազգային հարթակներում խնդրի բարձրացման ուղղությամբ պետք է ակտիվ քայլեր արվեն։ Ըստ նրա. «Հաշվի առնելով Դինքի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, խաղաղության, ժողովրդավարացման հաստատման գործընթացում, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ճնշումներ գործադրի թուրքական իշխանության վրա»։
Նա նշել է, որ այս հարցում վճռականություն՝ գործի ամբողջական բացահայտման, կազմակերպիչների հայտնաբերման ուղղությամբ, թուրքական իշխանությունների կողմից չկա. «Ուղղակի կասկածում եմ, որ այս գործը մինչեւ վերջ կբացահայտվի»։
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը վերստին կոչ է արել թուրքական իշխանություններին՝ արագ եւ թափանցիկ դատական կարգով բացահայտել սպանության հետեւում գտնվող պատվիրատուներին։ Այս մասին տեղեկացնոմ է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
«Ես հուսով եմ, որ դատավարության վերջին զարգացումները կօգնեն սպանության պատվիրատուներին կանգնեցնել արդարադատության առաջ»,–նշել է Միյատովիչը՝ նկատի ունենալով 2015թ. դեկտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազության որոշումը՝ հաստատել դատախազի ներկայացրած մեղադրական ակտը եւ հետաքննել 25 պաշտոնատար անձանց։
«Ես հավատում եմ, որ դատավարությունը վերջապես արդարություն կբերի Հրանտ Դինքի ընտանիքի, ընկերների եւ գործընկերների համար։ Պատվիրատուների բացահայտումը նաեւ ողջ հասարակությանը ցույց կտա արտահայտման ազատության կարեւորությունը եւ լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ շարունակական պայքարի անհրաժեշտությունը»,–ասել է Դունյա Միյատովիչը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024