ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 25.02.2018, 02:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [461]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [383]
Մշակույթ [14]
Հասարակություն [660]
Սպորտ [1]
Տեսակետ [38]
Տարածաշրջան [69]
Զանազան [139]
Քաղաքականություն [537]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 10 » Ղարաբաղյան շարժումը դեռ երկար կտեւի /Էջեր օրագրից/
09:18
Ղարաբաղյան շարժումը դեռ երկար կտեւի /Էջեր օրագրից/

Հայրենիքը սիրում ես ոչ նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է։

Սենեկա
2 մարտի, 1988 թվական

Այսօր ինձ, Սիլվային, Սոսին եւ Իգորին հրավիրեցին Կենտկոմ։ Նստեցինք երկար սեղանի շուրջ. մի կողմում՝ մենք, Կարեն Դեմիրճյանի հետ, մյուս կողմում (մեր դիմաց)՝ Դոլգիխը, Լուկյանովը, Տրուշինը եւ էլի ինչ—որ մեկը ԱՊՆ—ից։
Հաղորդվում էին Սումգայիթի կոտորածի եւ ջարդերի մանրամասները։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր փաստեր։ Ինձ ապշեցրեց այն, որ նա մի տեսակ շատ հանգիստ էր (ասես հաշվետվություն տալով) արտաբերում այնպիսի բառեր, ինչպիսիք էին սպանություն, բռնաբարություն, դիակապտություն, հրկիզում։
Լսում էի Քաղբյուրոյի անդամության թեկնածուին ու մտածում … Այն մասին, թե ինչպես բառացիորեն մեկ շաբաթ առաջ հանդիպեցի Գորբաչովի հետ եւ ինչպես այդ հանդիպումից մեկ օր անց ելույթ ունեցա Երեւանում տեղի ունեցած բազմահազարանոց (ավելի քան 500 հազար մարդ) միտինգում, փորձելով համազգային գիտակցության հերկված դաշտ նետել հույսի հատիկ։
Չեմ ցանկանում լինել մարգարե։ Թեեւ, ի դժբախտություն ինձ, տիրապետում եմ կանխատեսելու այդ անիծյալ շնորհին։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ «սումգայիթից», թեկուզ դանդաղորեն, բայց սկսվելու է մեր ժողովրդի հոգեբանության որոշակի փոխակերպումը։ Ամեն ինչ պարզ է. չէ՞ որ երբ ԽՄԿԿ ղեկավարները, ասես գաղտագողի, պատմում են մեզ սումգայիթյան ոճրագործության մասին, դա նշանակում է, որ այդ ցեղասպանության կազմակերպիչները չեն բացահայտվելու։ Նշանակում է՝ չեն հետեւելու պատիժներ պետական մակարդակով, չի լինելու արդարացի հատուցում արվածի դիմաց։ Եվ այնժամ … Ի՞նչ է լինելու այդ ժամանակ։
Իմ ներսում զգում եմ մի ինչ—որ մեղավորություն։ Ի՞մը, թե՞ ուրիշինը։ Դժվար է ասել։ Եթե հետեւեմ Ֆրեյդին, ուրեմն պետք է խորհուրդ տամ, որ «սումգայիթին» պատասխանեն «սումգայիթով»։ Հայե՞րը։ Դա զառանցանք է։ Մարդկային այդպիսի ստորության աստիճան հայը չի իջնի։ Նա չի բռնաբարի, թալանի, սպանի անմեղներին … Ոչ, ես նման խորհուրդ չեմ տա։ Ոչ մեկին։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս վարվել այդ նույն «փոխակերպման»՝ չարացածության, վիրավորվածության զգացումի եւ համաժողովրդական զայրույթի հետ։ Ինչպե՞ս վարվել այն ամենի հետ, ինչն այդպես ծածուկ լսեցինք եւ իմացանք հայերի սումգայիթյան ցեղասպանության մասին։ Եվ ի՞նչ է լինելու վաղը։
Խառը զգացմունքներով ու մտքերով մեկնեցի Եղվարդ։ Շտապում էի։ Պետք էր արագ թղթին հանձնել այդ բոլոր խառը հույզերն ու մտքերը։ Ռադիոյով ինչ—որ տեղեկատվություն էին հաղորդում։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ—ի տվյալների, Երկրի վրա ապրում է արդեն հինգ միլիարդ մարդ։ Տխրությամբ, նույնիսկ անելանելի թախիծով մտածում էի. եթե կշեռքի մեկ նժարին դրվի իմ տասմիլիոնանոց ժողովրդի վիշտը, իսկ մյուսին՝ հինգ միլիարդինը, դեռ հայտնի չէ, թե որ նժարը կիջնի։


10 մարտի
 

Ընդամենը մեկ ժամով եկա Եղվարդ, որպեսզի ինչ—որ թղթեր վերցնեմ ու միաժամանակ մի քիչ աշխատեմ «Հայկաշեն» ծրագրի տեքստի վրա։ Այսուհետ ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվելու։ Միայն Ղարաբաղով։ Վեպերը, վիպակները, պատմվածքները, ակնարկները կսպասեն։ Թեեւ… կսպասե՞ն արդյոք։
Երեկվա երեկոն մի տեսակ տհաճ անցավ։ Կինոյի տան դահլիճում անցկացվեց «Ղարաբաղ» կոմիտեի ոչ այն է համագումարը, ոչ այն է պարզապես համահավաքը։ Բուռն քննարկվեց ինչպես հայի հոգին ճմլող «սումգայիթի» թեման, այնպես էլ ընդհանրապես շարժման խնդիրներն ու հետագա գործողությունները։ Իհարկե, պետք է մերկացնել թուրքական Ադրբեջանի (նկատի է առնվում Ադրբեջանական ԽՍՀ—ն–խմբ.) ղեկավարությանը. դա պարզապես անհրաժեշտ է։ Բայց որքանո՞վ է ճիշտ այսօր այդ մերկացումներում ներգրավել նաեւ Մոսկվան։ Զայրացած ժողովուրդն ընկալում է միայն ուղիղ, նույնիսկ ուղղագիծ կոչերը. ճշմարտության եւ համարձակ մտքերի կարոտ ժողովրդին դա սկսում է դուր գալ, նրանք իրենց համար մի ուրիշ այլընտրանք չեն տեսնում։ Առանձնապես ակտիվորեն ու վճռականորեն այդ առումով հանդես էր գալիս Շարժման երիտասարդ ղեկավարներից մեկը, ամեն ինչում մեղադրելով ռուս ժողովրդին եւ տոտալ գանդիականության կոչ անելով։ Նա չէր հասկանում, որ գանդիականությունը յոթհարյուրմիլիոնանոց ժողովրդի դրսեւորած երեւույթն է, եւ տասը միլիոն հայերը ոչ մի կերպ չեն կարող պատրաստ լինել դրան։ («Երիտասարդ առաջնորդներից մեկը» մեղմասություն է, որ էթիկական նկատառումներով հատուկ կիրառվել է խմբագրության կողմից։ Օրագրի տեքստում ակտիվիստի անունը նշված է)։
Հասկանալի է, որ ես չէի կարող անմասն եւ չեզոք մնալ, երբ հախուռն մեղադրում էին ողջ ռուս ժողովրդին, որն անձամբ ինձ օտար չէր։ Օտար չէի նաեւ ես ռուս ժողովրդի համար։ Չէ՞ որ անձամբ ինձ համար Ռուսաստանը Գորբաչովն ու Լիգաչովը չեն, այլ Յուդենիչը եւ Բրյուսովը։
Բայց հարցը ոչ միայն եւ ոչ այնքան նրա մեջ է, որ չլռեմ, չառարկեմ, չպաշտպանեմ սեփական սկզբունքներս։ Պարզապես ելնել ամբիոն եւ պաշտպանել այդ սկզբունքները, նշանակում է՝ չտեսնել, թե Սումգայիթից հետո ինչ է կատարվում ժողովրդի հետ։ Իսկ եթե չես պաշտպանում, նշանակում է՝ կորցնում ես այն, ինչ ժողովուրդը ձեռք է բերել տարիների ընթացքում։ Դա առանձին թեմա է, եւ ես ինչ—որ ժամանակ կվերադառնամ դրան (առավել լայնորեն թեման Զորի Բալայանի կողմից արծարծվել է հրապարակախոսական ակնարկների «Անդունդ» ժողովածուում (Երեւան, «Ամարաս», 2004թ.) խմբ.)։
Եվ այնուամենայնիվ ելա ամբիոն։ Ինձ սատարեց Սոս Սարգսյանը, որն ինձնից առաջ էր խոսք վերցրել։ Առաջին անգամ ես այդքան մոտիկից տեսա եւ, ինչպես ասում են, շոշափելիորեն ընկալեցի բուն արիությունը։ Այն ճառագում էր Սոսից, որն իմանալով, թե իրեն սուլելու են, այնուամենայնիվ ասաց այն, ինչը ճիշտ էր համարում։
Այն, որ Շարժումը թափ է հավաքում, դառնում գնալով ավելի բուռն եւ հզոր, թվում է՝ պետք է միայն ուրախացներ։ Դրանով կարելի է նույնիսկ պարծենալ։ Սակայն հենց այստեղ էլ թաքնված է վտանգը։ Չէ՞ որ բուռն հոսանքը ոչ միայն մաքրում է, այլեւ ավերում։


20 մարտի
 

Այսօր «հրապարակայնությունը» ամենատարածված բառն է խորհրդային հասարակության մեջ։ Բայց հրապարակայնությունը դա առաջին հերթին մամուլն է։ Իսկ մամուլը ղարաբաղյան հարցում առայժմ իրեն դրսեւորում է ոչ լավագույն կերպով։ Նույնիսկ՝ վատթարագույն։ 
Ինձ արդեն հայտնի էր, որ «Պրավդան» նողկալի հոդված է նախապատրաստում մեր Շարժման մասին։ Նույնը եւ «Իզվեստիան»։ Ինձ հայտնի էր եւ այն, որ այդ (կենտրոնական) թերթերից մեկում տրված էր իմ անունը՝ որպես կազմակերպչի, ոգեշնչողի, նախաձեռնողի, հրահրողի եւ այլն, եւ այլն՝ բացասական երանգներով։ Մի խոսքով, որպես «խռովարարի եւ անդորրը խաթարողի»։ Չէ՞ որ պատահական չէր, որ մի քանի օր առաջ զանգվածային լրատվամիջոցների ղեկավարների եւ կուսքարտուղարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ ԽՄԿԿ երկրորդ քարտուղար Եգոր Լիգաչովը գովեց «Սովետսկայա Ռոսսիյա» թերթում ոմն Նինա Անդրեեւայի վերջերս հրատարակած հոդվածը, որը պախարակում էր վերակառուցումը, իսկ ինձ պարսավում ու մրոտում որպես «Օջախ» «վեպի» հեղինակի։ Լիգաչովը նույնիսկ չգիտեր, որ «Օջախը» ոչ թե վեպ է, այլ յուրօրինակ հաշվետվություն «Վերածնունդ» արշավի շրջանակներում Խորհրդային Հայաստանով ճամփորդության մասին, նվիրված Ռուսաստանի կազմում Հայաստանի ընդգրկման 150—ամյակին։ Ինձ անվանելով թունդ ազգայնամոլ, Լիգաչովը, բնականաբար, դրանով հաստատեց, որ չի կարդացել իմ գիրքը, որում կան նաեւ այսպիսի տողեր. «…«սիրելու եւ բարեկամություն անելու» իմ ժողովրդի տաղանդը իր մեջ ներառում է ոչ միայն «իմ ընկերոջ ընկերը իմ ընկերն է», այլեւ «իմ ընկերոջ թշնամին իմ թշնամին է» բանաձեւերը։


14 ապրիլի, 1988 թվական
 

Վաղուց չէի եղել Եղվարդում, որտեղ հինգ տարվա ընթացքում հասցրել էի գրել ինը գիրք, չհաշված պարբերական մամուլում տպագրված հրապարակախոսությունը։ Բայց հասցրել էի երկու անգամ լինել Մոսկվայում։ Նորից հանդիպել «օգոստափառ» անձանց հետ, որոնք բազմում էին Հին հրապարակի բարձր աշխատասենյակներում։ Նրանց ահավոր հուզում են գործադուլները Ղարաբաղում։ Մինչդեռ Մոսկվայում մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում Սումգայիթը։ Չգիտեն՝ ով ում է սպանել։ Չգիտեն նաեւ, որ զոհերի մեջ էին տասնյակներով ռուս տղաներ։ Դրանք այն զինվորներն էին, որոնց ուղարկել էին կարգուկանոն հաստատելու, բայց որոնց արգելել էին կրակել մարդասպանների եւ դիակապտողների վրա։ Եվ ահա նրանց վրա կրակեցին մարդասպաններն ու դիակապտողները։
Տեղեկացա, որ պատրաստ է եւ շուտով եթեր դուրս կգա Հենրիխ Բորովիկի «Դիրքորոշում» հաղորդումը։ Կարծես թե առաջին անգամ ասվելու է ճշմարտությունը, թեկուզեւ ոչ ամբողջը։
1988 թվականի մայիսի 1—ին անպայման կմեկնեմ Ղարաբաղ։ Այնտեղ ինձ համար լավ նորություն կա։ Վերջապես իմ հայրենիքը կսկսի հեռուստահաղորդումներ ընդունել Երեւանից։ Ցանկանում եմ լինել առաջին հաղորդումների ականատեսը։ Ցանկանում եմ այդ օրը Հենրիխ Պողոսյանի հետ (կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարը՝ Բ. Կեւորկովից հետո։ Հենրիկ Պողոսյանը Բալայանի մանկության ընկերն է–խմբ.) նստել հեռուստացույցի առջեւ եւ էկրանից, ասես առաջին անգամ, լսել հայերեն խոսք։ Ուզում եմ իմ ձեռքերով «շոշափել» այն երջանկությունը, հանուն որի պայքարել եմ տասնհինգ տարի՝ Կամչատկայից վերադառնալուց հետո։ Կարեցածին չափով արագացնում էի այդ օրվա գալուստը։
Միայն Աստված գիտի, թե քանի տարի եմ տանջվել սրտիս թանկ Ղազանչեցոց տաճարի հետ։ Շուշին երկար ժամանակ մերը չէր։ Անթույլատրելիորեն երկար՝ մի այնպիսի քաղաքի համար, որտեղ մինչեւ 1920 թվականը լույս էին տեսնում 22 թերթեր. քսանը՝ հայերեն եւ երկուսը՝ ռուսերեն։ Բայց Շուշին, որտեղ ծնվել է մայրս, դեռեւս մերը չէ։ Ինչ—որ ժամանակ այն նորից մերը կլինի։ Այդ պատճառով էլ պետք է արագացնել տաճարի վերականգնման աշխատանքները։ Պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնել ոչ այնքան հարդարմանը, որքան բետոնային աշխատանքներին. ամրացնել փառահեղ եկեղեցու թուլացած տեղերը։
Թող առայժմ Ղազանչեցոցը կանգուն մնա որպես մարտական հիշողություն անցած ժամանակների մասին։ Կգան եւ ներկա ժամանակներ։ Կլինեն ե՛ւ գմբեթ, ե՛ւ խաչ։


20 հունիսի, 1988 թվական
 

Ինչ գնով էլ լինի, պետք է փրկել Շահումյանի շրջանը (Գյուլիստանի մելիքություն)։ Ողբերգական է այն հայերի ճակատագիրը, որոնք ապրում են հարազատ հողի վրա, որն ընդգրկված չէ նույնիսկ կեղծ ինքնավարության մեջ (ԼՂԻՄ՝ խմբ.)։ Կեղեքում, ծանակում, ստորացում։ Ամբողջ յոթանասուն տարի։
Այսօր վերածնված հայրենիքը սկսվում է Ղարաբաղից։ Շահումյանի շրջանը պետք է փրկվի։ Պետք չէ ձգձգել։ Գորբաչովը, Լիգաչովը … մի խոսքով, վերակառուցման հայրերը մեծ սխալ են թույլ տալիս։ Կա՛մ պետք է լուծել Ղարաբաղի հարցը, կա՛մ վաղը կտուժի ինքը՝ վերակառուցումը։ Կույր պետք է լինել՝ իր առջեւ բացված անդունդը չտեսնելու համար։ Կա՛մ գերագույն իշխանությունը փրկում է Ղարաբաղը, կա՛մ իմաստից զրկվում է տասնիններորդ կուսկոնֆերանսի անցկացումը։ Քանզի դրանից հետո վրա կհասնի Շարժման բարձրակետը։ Եվ վերակառուցումը կփոխարկվի փոխհրաձգության (Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության XIX համամիութենական կոնֆերանսը տեղի ունեցավ Մոսկվայում 1988 թվականի հունվարի 28—ից մինչեւ փետրվարի 1—ը (կուսկոնֆերանսն ընդունեց հինգ բանաձեւ. «Խորհրդային հասարակության ժողովրդավարականացման եւ քաղաքական համակարգի բարեփոխման մասին», «Բյուրոկրատիզմի դեմ պայքարի մասին», «Ազգամիջյան հարաբերությունների մասին», «Հրապարակայնության մասին» եւ «Իրավական բարեփոխման մասին»)։


Ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ
 

Ուշադրությամբ ծանոթացա կոնֆերանսի փաստաթղթերին եւ եկա այն եզրահանգման, որ ԽՄԿԿ առաջնորդները զբաղվում են օնանիզմով։ Նրանք այդպես էլ չհասկացան, որ պատերից դուրս բոլորովին ուրիշ ժամանակներ են, բոլորովին ուրիշ եղանակ։
Ղարաբաղյան շարժումը չէր կարելի կանխարգելել, ինչպես չի կարելի կանխարգելել արեւածագը։ Կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր։ Եվ խորհրդային կոմունիստների առաջնորդները դա առայժմ չեն գիտակցել։ Կգիտակցե՞ն արդյոք։ Եվ արդյոք ուշ չի՞ լինի։
Այնպես է ստացվել, որ Հայաստանի ընդհանուր աշխարհաքաղաքականության մեջ Ղարաբաղի աշխարհաքաղաքականությունը, առանձնապես վերջին ութ տարիներին, պարտավորեցրել է ղարաբաղցիներին միշտ լինել անփոփոխ մարտական վիճակում։ Հրեշավոր կեղեքմանը եւ մարդկային արժանապատվությունը նսեմացնող ամոթին չվարժված Ղարաբաղը հանկարծ հայտնվեց տականքների կրնկի տակ, որոնց աջակցում էր հզոր պետությունը։ Ի՜նչ ճշգրիտ են Ղարաբաղին համապատասխանում մեծն Մաքիավելիի խոսքերը, որը պատկերել է Իտալիայի ողբերգական կերպարը. «… որպեսզի իր մեջ վերագտներ իտալական ոգու կորովը, Իտալիան պետք է հասներ իր ներկայիս խայտառակությանը. ավելի ստրկացվեր, քան հրեաները, ավելի նվաստացվեր, քան պարսիկները, ավելի պառակտվեր, քան աթենացիները …»։ Ա՛խ, եթե միայն Մաքիավելին իմանա՜ր Ղարաբաղի մասին …
Ղարաբաղը հասավ իր խայտառակությանը։ Եվ միակ ելքն էր՝ իր մեջ վերագտնել ղարաբաղյան ոգու կորովը։ Եվ Ղարաբաղը վերագտավ։


15 սեպտեմբերի
 

Վաղը թռչում եմ Ստեփանակերտ։ Պետք է բանակցել Վոլսկու հետ, որին հասցրել եմ բարեկամանալ։ Պետք է ասել նրան, մեջբերելով մեծն Մարիետա Շահինյանին, այն մասին, որ նույնիսկ ոչ թե «ՆԱԽՔԱՆ», այլ Ղարաբաղի խորհրդային շրջանի դեռեւս ամենասկզբում այնտեղ հայկական բնակչությունը կազմում էր իննսունչորս տոկոս։ 
Իհարկե, Վոլսկին բարձրակիրթ մարդ է եւ Ղարաբաղ է գործուղվել ոչ թե հենց այնպես, այլ լուրջ որոշումներ իրականացնելու համար։ Եվ դրանց, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվել է որպես պետական մասշտաբի գործիչ։ Ուրեմն առավելեւս, նրան եւ Հենրիխին (Պողոսյանին խմբ.) կտանեմ ծրագրի նախագիծը («Հայկաշեն» — խմբ.)։ Թող ծանոթանան։ Գիտե՞ն արդյոք նրանք, որ ցանկացած պահի կարող է դժբախտություն պատահել։ Արկադի Վոլսկին երեւի նայում է Ղարաբաղի քարտեզին եւ մտածում, թե ամեն—ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նկարված է քարտեզին այսօր։ Գուցե նույնիսկ համոզված է, թե Շուշին իրոք ադրբեջանական քաղաք է, քանի որ հիմա այնտեղ ապրում են ադրբեջանցիները։ Թե Ստեփանակերտին հյուսիս—արեւմուտքից մերձակա Կրկժան գյուղը, որտեղ տեղավորվել են ադրբեջանցիները, գոյություն է ունեցել հին ժամանակներից։ Ինչպեսեւ Մալիբեյլու գյուղը, որը քաղաքին է նայում հյուսիս—արեւելյան կողմից։ Եվ կամ Խոջալուն, որը տեղադրված է Քարքար գետի ձախ ափին եւ մի տեսակ անջատող փակոց է ծառայում Ստեփանակերտի ու Ասկերանի միջեւ։ Այն նույն Խոջալուն, որտեղ դեռեւս XX դարի սկզբին ապրում էին ընդամենը մի քանի հայ ընտանիքներ, որոնց մեջ էին նաեւ իմ նախնիները մայրական գծով։ Ընդամենը մի քանի հայ ընտանիքներ եւ ոչ մի մահմեդական։ Գիտի՞ արդյոք Վոլսկին, որ հեռուն գնացող ծրագրերով պատմությունը կեղծելու համար այդ ամենը սովետների օրոք ստեղծվել է հավատարիմ լենինյան Միրջաֆար Բաղիրովի եւ շարունակվել Բրեժնեւի սիրելի Հեյդար Ալիեւի կողմից։ Դա մի ամբողջ ծրագիր էր. սկզբում կղզու վերածել մահմեդական բնակչությամբ շրջապատված բուն Ղարաբաղը, իսկ հետո նաեւ նրա մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը։ Այդ նպատակով Ղարաբաղում վերաբնակեցրեցին Ղրիմի թաթարներին, որոնց հայերը սովորության համաձայն կոչում էին «թորքեր»։ Ինչի՞ համար էր այդ ծրագիրը։ Իրենց հարազատ հողերից հայերին վտարելու, հայրենի օջախներից դուրս մղելու համար։ Համապատասխան պայմանների դեպքում՝ նաեւ «սումգայիթների» միջոցով։ Այսօր, երբ ղարաբաղյան հարցը չի լուծվում համաձայն պատմական արդարության, համաձայն հայ բնակչության կամքի արտահայտման, որը դեռեւս մեծամասնություն է կազմում, «սումգայիթ» ոճրի կրկնությունը միանգամայն իրական է։ Եվ այն կարող է սկսվել Ստեփանակերտը շրջանակող օղակի ցանկացած կետից։ Գուցե՝ միանգամից բոլոր կետերից։
Բայց Վոլսկու գալուստը կարծես թե հուսադրում է։ Թեեւ Ղարաբաղի արշալույսի սպասումը՝ կապված Վոլսկու հետ, ամբողջ ժամանակ իմ ներսում խառնվում է Գորբաչովի հետ կապված ծանրատանջ զգացումին։ Չէ՞ որ հայերը (ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Երեւանում), մի կողմ նետելով «Լենին–պարտիա–Գորբաչով» էությամբ անհեթեթ կարգախոսը, դրա հետ միասին իրենց սրտից դուրս նետեցին նաեւ հարգանքը, վստահությունը եւ նույնիսկ սերը նրա նկատմամբ։ Դա վտանգավոր է։ Միաժամանակ նաեւ անարդարացի. չէ՞ որ վերակառուցումը կապված է հենց Գորբաչովի հետ։ Մի ինչ—որ խառնաշփոթ է ստացվում, գրո՛ղը տանի։ Մի կողմից մոտենում է ՄԵՐ օրը (Վոլսկին իր կոմիտեով), մյուս կողմից՝ անվճռական Գորբաչովը եւ նոր «սումգայիթների» վտանգը։


Ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ
 

Պատմական զուգահեռներ անցկացնելու փորձը հետապնդում է կոնկրետ նպատակ՝ կանխել ճակատագրական սխալներն ու վրիպումները։ Հավանաբար չեմ սխալվի, եթե Ղարաբաղյան շարժումը դիտարկեմ որպես սեփական հողի վրա հայ ժողովրդի վերջին մարտի սկիզբ։ Եվ այնժամ, իրոք, ողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի այն բանին, որ թույլ չտրվեն ճակատագրական սխալներ։ Երբ Մաքիավելիի մոտ  կարդում եմ հռոմեացիների մասին, ապա աչքերիս առջեւով անցնում են հայերը, քանզի հռոմեացիք նույնպես ունեցել են իրենց «ղարաբաղյան շարժումը», որն էլ հենց փրկեց նրանց։ Հռոմեացիների սրտին մոտ չէր ասույթը, որը երբեմն հնչում է ներկայիս իմաստունների շուրթերից. «ապավինեք բարենպաստ ժամանակներին»։ Հռոմեացիները բարենպաստ համարեցին սեփական արիությունն ու հեռատեսությունը։ Հապաղումն ինչ ասես կարող է բերել, քանզի ժամանակն իր հետ բերում է ինչպես չարիք, այնպես էլ բարիք։ Ինչպես բարիք, այնպես էլ չարիք։

***
Երկու փրկիչ բառեր՝ արիություն եւ հեռատեսություն։ Երկու կողմերը նույն մեդալի, որի անունն է Պայքար։ Սակայն որքանո՞վ են փայլում հեռատեսությամբ Շարժման որոշ առաջնորդների փորձերը, որոնց գործունեության դաշտը սկսվում ու ավարտվում է Թատերական հրապարակով, պաշտոնազրկելու խորհրդային հիերարխիական կառուցվածքի ներկայացուցիչներին՝ որպես նոմենկլատուրային «կալվածատեր իշխանների»։ Մելիքների, խաների, արքայիկների եւ այլն, եւ այլն։ Հիմարություն է։ Ինքնախաբեություն։ Ինձ օգնության կկանչեմ Սպինոզային, որին բարձր էր գնահատում իմ կողմից խորապես հարգված Մաքիավելին. «…որքան անխոհեմ են վարվում շատերը, ձգտելով վերացնել բռնակալին, մինչդեռ չեն կարղ վերացվել պատճառները, որոնց հետեւանքով իշխանը վերածվում է բռնակալի..»։
Իհարկե, Ղարաբաղյան շարժումը ցնցեց նաեւ սոցիալական խնդիրների լճացած ճահիճը, որոնք տարեցտարի ավելի էին խորանում։ Եվ այնուամենայնիվ Ղարաբաղյան շարժումը, լինելով խորապես ու ամբողջապես ժողովրդական, չի դադարում լինել զուտ ազգային շարժում, զուտ Ղարաբաղյան։ Ինչ վերաբերվում է «զանգվածների հեղափոխական գիտակցության» խորապատկերին ժողովրդավարություն պատկերելու վաղաժամ խաղերին, ապա պետք է ոչ թե հեռացնել նախարարներին ու տնօրեններին, այլ հրապուրել նրանց Շարժման կողմը, օգտագործել նրանց փորձը …
Սխալներ, սխալներ … Այսօր, առավել քան երբեւէ, պետք է վախենալ դրանք գործելուց։ Չէ՞ որ թշնամին, որը լավ ուսումնասիրել է մեզ, արդեն նախապես գիտի, թե որտեղ եւ ինչպես դրանք՝ այդ սխալները, կարտահայտվեն։ Այդ իսկ պատճառով միտինգների ժամանակ ոչ թե պետք է պերճախոսության վարժանքներ անել, զբաղվելով քաղաքական ստրիպտիզով ու օնանիզմով, այլ յուրացնել այն, ինչը վաղուց մշակված է ժողովրդի կողմից։ Արդար է այն պայքարը, որն անհրաժեշտ է։ Եվ սրբազան է այն զենքը, որի վրա է դրված միակ հույսը։


14 հոկտեմբերի, 1988 թվական
 

Եվ այնուամենայնիվ ի՞նչ կատարվեց մեզ հետ։ Ինչո՞ւ հանկարծ սկսեցինք նմանվել Վեզուվ հրաբխին՝ իր ժայթքման պահին։ Ի՞նչը համոզեց ժողովրդին՝ մեկ մարդու պես ելնել փողոցներ ու հրապարակներ։ Ո՞րն է այդ ժայթքման պատճառը։ Պետք է պարզել։ Դա հարկավոր է լուծելու համար ոչ միայն Շարժման ռազմավարական, այլեւ այսրոպեական, զուտ մարտավարական նպատակները։ Թեմա, որն արժանի է դոկտորական շատ դիսերտացիաների։ 
Բայց… մի՞թե այսօր դիսերտացիաների ժամանակն է։ Մանավանդ որ պարզվեց՝ մեր համարյա բոլոր ինստիտուտները մեռած են։ Թեման ուսումնասիրող մարդ չկա։ Եվ ժամանակ էլ չկա։ Գուցե այդ դեպքում դիմենք պատմությա՞նը, Աստվածաշնչի՞ն, գրականությա՞նը։ Հիշենք Մովսեսին, որը հրեա ժողովրդին համոզեց իր հետեւից գնալ, փախչելով եգիպտական լծից։ Կամ Հռոմուլոսին, որը դարձավ Հռոմի արքա եւ պետության հիմնադիր, քանզի ի ծնե նետված էր ճակատագրի քմահաճույքին։ Կամ Կյուրոսին, որը հզորության հասավ շնորհիվ այն բանի, որ պարսիկները չարացած էին մարերի տիրապետությունից։ Թեսեւսն, օրինակ, իր արիությունը դրսեւորեց, քանի որ տեսավ, որ աթենացիներն ապրում են իրարից անջատ։ Կարելի է բերել նաեւ այլ օրինակներ պատմությունից, որտեղ անհատի դերը այնքան էլ վառ արտահայտված չի լինի, ի տարբերություն բուն երեւույթի, որը վերջին հաշվով բերեց հայրենիքի փառաբանման, նրա ժողովրդի երջանկացման։ Միայն թե ինչո՞ւ դա անել, ինչպես ասում են, այստեղ ու հիմա։
Գուցեեւ ոչինչ պետք չէ պարզել։ Ամեն ինչ առանց այդ էլ պարզ է։ Գործել է պետք։ Պետք է գործեն ամենքն ու ամեն կերպ։ Սկսած առաջին քարտուղարներից, մինչեւ հաստոցի մոտ կանգնած բանվորը, նախարարից մինչեւ բուհի ուսանողը, իրավապահներից մինչեւ (մեղք առնեմ հոգուս) իրավախախտը։ Ամենքն ու ամեն կերպ։ 
Քանզի Ղարաբաղյան շարժումը դեռ երկար կտեւի։ Քանզի մենք ունենք մեկ նպատակ. Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի քաղաքական եւ վարչական ենթակայությունից։ Մնացյալ ամենը դատարկ հնչյուն է։

Զորի ԲԱԼԱՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 8 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018