ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինին եւ Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը եւ վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի եւ Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, եւ հավելեց, որ այն կարտացոլի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորությունը, մակարդակը եւ ծավալը։
ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ փաստաթուղթը վկայում է այն կարեւորության մասին, որ Հայաստանը տալիս է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։
Հանդիպմանը հաջորդեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։
Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ առեւտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը եւ առեւտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը նախաստորագրեցին Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու կարեւոր քայլ կհանդիսանա։ Այն կամրապնդի քաղաքական երկխոսությունը եւ ամուր հիմք կստեղծի տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները շարունակելու համար։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությունն ընկած է նոր համաձայնագրի եւ Հայաստան—ԵՄ հետագա համագործակցության հիմքում։ ՀԸԳՀ—ն նաեւ կստեղծի ավելի ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը եւ շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առեւտրի եւ ներդրումների բնագավառում եւ դյուրացված շարժունակություն՝ ի շահ քաղաքացիների։
Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին։ ՀԸԳՀ—ն համատեղ ջանքերի արդյունք է, որն էլ ավելի կխորացնի կողմերի հարաբերությունները Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում։
ՀԸԳՀ—ն հնարավորություն կընձեռնի ԵՄ—ին եւ Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։
|