ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 08:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 26 » Հայ—չեխական կապերը կխորանան /Գործարարները ուսումնասիրում են ներդրումների հեռանկարները/
14:55
Հայ—չեխական կապերը կխորանան /Գործարարները ուսումնասիրում են ներդրումների հեռանկարները/

Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում հակահայկական ինչ—որ բան «պոկելու» հարմար առիթը բաց չի թողնում. ԵԽԽՎ—ում եւս փորձեց եւ կարծես թե մոտ էր հաջողությանը, սակայն քվեարկության ժամանակ զեկույցի իրենց ձեւակերպումը փոփոխվեց։ Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ ասաց. «Օրեցօր վատթարացող, անգամ կավելացնեի՝ ազատ անկման մեջ գտնվող իր միջազգային վարկանիշը Ադրբեջանը ապարդյուն փորձում է փրկել տարբեր միջազգային հարթակներում։ Փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը եւ մարդու իրավունքների ոտնահարումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ։ Դրա վառ օրինակներից էր այն փորձը, որը կատարվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձեւի քվեարկության ժամանակ։
Բայց Ադրբեջանը ձախողվեց թե՛ մեկ եւ թե՛ մյուս հարցում։ Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սկսել է սրտխառնոց առաջացնել, եւ մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունն ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ մոտեցման հետ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ»,–ասաց նախարարը՝ նշելով, որ դա օգտակար կլինի առաջին հերթին Ադրբեջանի համար, որպեսզի նա ավելի շատ մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային ասպարեզում։


Ցեղասպանության  գործընթացն անշրջելի է
 

«Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը նոր փուլ, նոր սկիզբ է այս անշրջելի գործընթացի համար»,—ասաց նախարար Նալբանդյանը՝ հատկանշական համարելով այն, որ տարբեր երկրներում ճանաչման գործընթացն իրականանում է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ եւ աջակցությամբ. «Ճանաչումների վերջին շարքում ես կցանկանայի նշել Բոլիվիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Բրազիլիան։
Շատ գնահատելի են հայտարարությունները, որոնք արվում են տարբեր երկրների ղեկավարների կողմից այս կապակցությամբ. «Այս շարքում հատկապես կցանկանայի նշել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը։ Վերջին հայտարարություններից էր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հայտարարությունը, որը բարձր գնահատականի է արժանի։ Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է»։
«Այցելելով ցեղասպանության թանգարան՝ հնարավորություն ունեցա ծանոթանալու ձեր երկրի պատմության շատ ողբերգական էջին»,—ասաց Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկն ու ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Պրահա կատարած այցի ընթացքում եղել է Չեխիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը. «Բացարձակապես պարզ է, որ իրադարձությունը պետք է պատմական ուսուցման մաս կազմի։ Դա չպետք է մոռացվի, մենք պարտավոր ենք հիշել»։


«Ռիգան» տեղաշարժ ապահովեց
 

Ինչ վերաբերում է Հայաստան–Եվրամիություն փոխգործակցությանը եւ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներին, նախարարներն ընդգծեցին Հայաստան–ԵՄ նոր իրավական հենքի ձեւավորման շուրջ բանակցությունների եւ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը։ «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով հետաքրքրություն են հայտնել ԵՄ—ի հետ Հայաստանի հետագա սերտ համագործակցության հարցում՝ չնայած ԵՏՄ—ին անդամակցելուն։ Ես բարձր եմ գնահատում այն, որ Հայաստանը մոտարկվում է ԵՄ—ին, եւ մենք պատրաստ ենք հնարավոր ամեն օժանդակություն ցուցաբերել Հայաստանին իր ջանքերում. մասնավորապես խոսքը վերաբերում է պաշտոնական ձեւաչափով Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր իրավական դաշտի ստեղծման շուրջ բանակցությունները շարունակելուն»,–ասաց Չեխիայի ԱԳ նախարարը։ 
Զաորալեկի խոսքով՝ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները շատ դրական՝ դեպի առաջ տեղաշարժ ապահովեցին նոր մոտեցման շնորհիվ. «Արեւելյան գործընկերությունը զարգացնելու միտում կա՝ տարբերակման եւ ներառականության սկզբունքների պահպանմամբ։ Դա Ռիգայի հռչակագրում էլ է ասված։ Ես շատ բարձր գնահատեցի արդյունքը. Կարծես այն նաեւ հնարավորություն է ընձեռում մեզ եւ Հայաստանին։ Ռիգան համարում եմ դրական քայլ դեպի առաջ եւ ուրախ եմ, որ ձեր երկրում եւս համանման մոտեցում կա»։


Հարաբերությունների զարգացման  մեծ ներուժ կա
 

Նախքան ասուլիսը Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հանդիպում ունեցավ Լյուբոմիր Զաորալեկի հետ։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հաճախակի փոխայցերը՝ շեշտելով, որ դրանք նպաստում են տարբեր բնագավառներում համագործակցության առավել զարգացմանը եւ վկայում հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
Նալբանդյանը նշեց, որ իր չեխ գործընկերոջ հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որոնցից վերջինը երկու ամիս առաջ էր՝ ապրիլ ամսին. «Սա լավ հնարավորություն է՝ շարունակելու մեր քննարկումները, եւ բանակցությունների ժամանակ մենք անդրադարձանք երկկողմ հարաբերությունների բավական հագեցած օրակարգին, քաղաքական երկխոսությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, կարեւորեցինք բարձր մակարդակի փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերը»։
Նախարար Նալբանդյանը նկատեց, որ ՀՀ վարչապետի՝ Չեխիայում գտնվելու ժամանակ Պրահայում բավական լավ բանակցություններ են կայացել, հատկապես տնտեսական համագործակցության խորացման վերաբերյալ։
«Մեր հարաբերությունների համար շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ. պետական այցելությունը Պրահա, որի ընթացքում Չեխիայի նախագահի եւ բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման, առավել ամրապնդման, խորացման հեռանկարները, եւ այսօր մենք գոհունակությամբ կարող ենք նշել, որ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում։
Գոհունակությամբ ես կնշեի, որ երկու մայրաքաղաքներում արդյունավետ գործում են մեր դեսպանությունները։ Այսօր մենք նաեւ պաշտոնապես կբացենք Չեխիայի դեսպանությունը Հայաստանում, որն արդեն գործում է բավական ժամանակ։ Ես կցանկանայի նշել նաեւ մեր երկու դեսպանների՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքը»,–նշեց Է. Նալբանդյանը։
Գործընկերներն անդրադարձել են նաեւ տարբեր միջազգային, տարածաշրջանային հարցերի. «Ես ներկայացրի իմ գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը»։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ հյուրընկալության համար՝ նախարար Զաորալեկն իր հերթին նշեց, որ Չեխիայի Հանրապետությունը Հայաստանը համարում է արժեքավոր բարեկամ եւ կարեւոր գործընկեր, կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումն ու ամրապնդումը, եւ իր այցելությունը հենց այդ նպատակն է հետապնդում։ Երկուստեք ընդգծվեց, որ վերջին տարիներին հայ—չեխական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերություններում առկա բարձր մակարդակը պայմանավորված է նաեւ Պրահայում եւ Երեւանում դեսպանությունների նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանքով։ Բանակցություններին անդրադարձ արվեց նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ակտիվ միջխորհրդարանական համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկկողմ հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են։ Կոնկրետ օրինակներից կարելի է նշել վերջին շրջանում դեսպանությունների բացումը։ Ուրախ եմ նաեւ, որ շատ բարձր ինտենսիվության շփումներ են ընթանում ամենաբարձր մակարդակով։ Նկատի ունեմ առաջին հերթին հանրապետության նախագահ պարոն Սարգսյանի՝ անցյալ տարի Պրահա կատարած պետական առաջին այցը, եւ մի քանի շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղավ Պրահայում։ Հուսով եմ, որ նախագահի եւ վարչապետի՝ Հայաստան ակնկալվող այցերը լրացուցիչ խթան կլինեն հարաբերությունների զարգացման համար։ Ինձ թվում է, որ այդ հարաբերություններում դեռեւս չօգտագործված շատ մեծ ներուժ կա՝ էներգետիկայի ոլորտում, վերականգնվող ռեսուրսների օգտագործման, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, երկաթուղային ենթակառուցվածքի եւ այլ ոլորտներում։ Ես գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ եւ ձեռնարկություններ կան, որոնք պատրաստ են ինչ—որ բան սկսել ձեր երկրում, եւ շատ ուրախ եմ, որ ձեր երկիրը նույնպես պատրաստակամ է համագործակցել Չեխիայի Հանրապետության եւ Եվրոպական միության հետ»,– ասաց Լյուբոմիր Զաորալեկը։
Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի համատեքստում ամբողջ աշխարհում անցկացվող ոգեկոչման միջոցառումները եւ դրանց խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակեց նաեւ ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ապրիլին ընդունված բանաձեւը, Չեխիայում կազմակերպված տասնյակ միջոցառումները։
Կողմերն անդրադարձան մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամին, մերձավորարեւելյան զարգացումներին։
Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Նախարարները քննարկումները շարունակեցին ճաշի ընթացքում, որից հետո ներկա գտնվեցին Չեխիայի դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։
Նշենք, որ Չեխիայի արտգործնախարարը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ։
Նա եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում եւ գրառում թողել հուշամատյանում։ Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Չեխիայի արտգործնախարարի ղեկավարած պատվիրակությունը ծաղիկներ է դրել հավերժական կրակի մոտ։ Զաորալեկը նաեւ ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «NEWS.am»—ի եւ «Արմենպրեսի» թղթակիցների հետ զրույցում Չեխիայի ԱԳ նախարարն ասել է. «Պատմությունը միայն անցյալը չէ, այն պետք է լինի նաեւ ներկա, եւ մենք պետք է խոսենք այդ մասին, մենք պետք է հիշենք այդ իրադարձությունների, այդ ողբերգությունների մասին։ Շատ խոր տպավորություններ ունեմ, քանի որ սա սարսափելի ողբերգություն է։ Իմ տեսանկյունից, ամենակարեւորն այն է, որ սա չպետք է մոռանալ։ Մենք պետք է դա պահենք մեր մտքերում»։
Հարցին՝ ե՞րբ է Չեխիան միանալու այն երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, չեխ նախարարը պատասխանել է, որ Չեխիան պարբերաբար նշում է այդ հիշատակը. «Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հռչակագիր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին։ Նաեւ մեր նախագահը Պրահայում ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պաշտոնապես խոսել է այդ իրադարձությունների մասին որպես ցեղասպանության։ Վստահ եմ, որ մեր երկիրը կշարունակի այդ քննարկումները, եւ մենք այդ հիշողությունները վառ կպահենք»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 470 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024