Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 29 » ՀՀԿ գործադիր մարմնի նիստը / Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը/
09:17
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը / Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը/
Եվրամիության Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ եվրոպական ավելի շատ երկրներ են սկսել ընկալել Հայաստանի մոտեցումները՝ կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում ամփոփվել են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները. «Ի տարբերություն Վիլնյուսի գագաթնաժողովի՝ այստեղ ավելի շատ երկրներ ցույց տվեցին, որ ընկալում են Հայաստանի մոտեցումները։ Մենք մեր դիրքորոշումը ձեւակերպել ենք հետեւյալ կերպ. «Հայաստանն ունի արդեն իսկ ձեւավորված հարաբերություններ ԵԱՏՄ—ի հետ, եւ մենք պատրաստ ենք խորացնել հարաբերությունները ԵՄ երկրների հետ այնքանով, որքանով դրանք չեն խոչընդոտում ԵԱՏՄ—ի հետ ձեւավորված հարաբերություններին»։ Այս ձեւակերպումը ընդունելի է Եվրամիության մի շարք երկրների համար»։
Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ Հայաստանն ունի բավական լուրջ հնարավորություններ՝ խորացնելու հարաբերությունները ԵՄ երկրների հետ ինչպես հումանիտար, այնպես էլ շատ այլ ոլորտներում։
Նրա տեղեկացմամբ՝ նիստին քննարկվել են նաեւ ընթացիկ հարցեր՝ կապված ներկուսակցական կյանքի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ ԱԺ—ում ՀՀ 2014թ. բյուջեի կատարման քննարկման ընթացքի հետ։