ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 03:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 9 » Կնոջ մի բուռ սրտից տիեզերքն է հյուսվել /Սիրով, արժանապատիվ հարգանքով եւ նվիրվածությամբ/
09:29
Կնոջ մի բուռ սրտից տիեզերքն է հյուսվել /Սիրով, արժանապատիվ հարգանքով եւ նվիրվածությամբ/

Մարտի 8—ը, անշուշտ, մեզ համար հրաշալի ու առանձնահատուկ առիթ է մեկ անգամ եւս վերաիմաստավորելու եւ վերարժեւորելու կնոջ դերը հայերիս գոյատեւման խորապատկերում։
Չգիտենք, թե այլ ժողովուրդների պարագայում ինչպես է, բայց տարակույս չկա, որ հայերիս կերպը պահպանվել է ամենից առաջ հայուհիների շնորհիվ։ Տակավին Եղիշեն է փաստել, որ հայոց աշխարհի փափկասուն տիկնայք, հանուն իրենց ամուսինների, հավատի ու հայրենիքի, պատրաստակամորեն ու կամովին դիմակայել են ամենաանմարդկային տառապանքների։ Ոչ սակավ փափկասուն կանայք զենքը ձեռքներին դիմագրավել են թշնամուն, վկան՝ Այծեմնիկը, վկան՝ Սոսեն, վկան՝ Արցախի հերոսամարտի կին մասնակիցները։ Հանգամանքների բերումով այսօր նույնպես կանանց փխրուն ուսերին է ազգիս լինելիության ճակատագիրը։
Հայտնի բան է, որ ազգն իր ուրույն կերպը չի կորցնում միայն այն դեպքում, երբ առողջ է ֆիզիկապես եւ հոգեպես, իսկ դա ապահովում են ամենից առաջ առողջապահության ու կրթության համակարգերի աշխատողները։ Գաղտնիք չէ, որ բժիշկների եւ ուսուցիչների գերակշիռ մասը կանայք են, ասել է թե՝ հայերիս ապագան այսօր էլ հիմնականում նրանք են կերտում։ Էլ չենք խոսում կնոջ՝ որպես ընտանիքի սոսնձման եւ պահպանման, նաեւ ընտանիքի նյութական ապահովման համար նրա ամենօրյա հերոսական պայքարի մասին։
Բացի այդ, այսօր կանայք մասամբ իրենց վրա են վերցրել նաեւ երկրի կառավարման, գործարարության եւ մարդկային գործունեության մյուս բնագավառներում առաջամարտիկի դերը՝ օգտագործելով միայն իրենց հատուկ մտավոր ու բարոյահոգեբանական վիթխարի ներուժը, որն անկասկած աստվածային շնորհ է։ Պատրաստ են եւ ի վիճակի են, անշուշտ, ավելիին՝ միայն թե մեր հասարակությունը բարեհաճ գտնվի կանանց ընդառաջելու հարցում։ Առաջիկա ընտրություններն, ի դեպ, շատ լավ հնարավորություն են այդ խնդրի իրագործման ճանապարհին։
Դե, իսկ ինչ վերաբերում է հայուհիների գեղեցկությանը, նրբագեղությանը, միով բանիվ՝ բացառիկ կանացիությանը, ապա աշխարհին են հայտնի ամենատարբեր ասպարեզներում իրենց լավագույնս դրսեւորած եւ այսօր էլ դրսեւորող հայ գեղուհիները։
Տոնի առթիվ սրտանց շնորհավորում ենք եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հայուհիներին՝ այդ քնքույշ ու հաստատակամ, ավանդապաշտ ու ամենայն նորն ընկալող՝ Աստծո հրաշափառ արարչագործության կատարյալ մարմնացումներին՝ ներողամտություն հայցելով, որ հանապազօրյա հոգսերի հորձանուտում հաճախ չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել հայ գեղուհիների փրկարար առաքելությունը։


Աստծո զարմանահրաշ ստեղծագործությունը
Իմաստուն առակ կնոջ արարման մասին

 

Երբ Աստված ստեղծում էր կնոջը, նրա մոտ մտավ հրեշտակը եւ հարցրեց.
—Ինչո՞ւ ես այդքան շատ ժամանակ կորցնում նրա վրա։
Աստված պատասխանեց.
—Նկատի ունեցիր այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ես պետք է պահպանեմ, որպեսզի ստեղծեմ նրան։ Նա պետք է լինի հեշտ լվացվող, բայց ոչ պլաստիկից, ունենա 200—ից ավելի շարժական մասեր, բայց միաժամանակ հեզաճկուն շարժվի։ Պետք է բուժի իրեն, երբ հիվանդ է, օրը 18 ժամ աշխատի, ունենա ընդամենը երկու ձեռք, բայց կարողանա գրկել միանգամից մի քանի երեխաների եւ կարողանա գրկել այնպես, որպեսզի անցնի յուրաքանչյուր ցավ՝ լինի դա վնասված ծունկ, թե հոգի։
Հրեշտակը տպավորված էր.
—Իսկ դա ստանդա՞րտ մոդել է։ Չէ՞ որ անհնար է։ Չափազանց շատ աշխատանք է մեկ օրվա համար։ Թող մի մասը ապագային։
—Ոչ,— ասաց Աստված,— ես կավարտեմ այն այսօր, եւ նա կլինի իմ սիրելին։
Հրեշտակն ավելի մոտ եկավ եւ դիպավ կնոջը.
—Տեր իմ, բայց նա այնքա՜ն փափուկ է։
—Այո, նա փափուկ է, բայց ես նրան նաեւ շատ ուժեղ եմ ստեղծել։ Դու չես էլ կարող անգամ պատկերացնել, թե ինչեր կարող է հաղթահարել։ Շատ նուրբ տեսք ունի, բայց նրա մեջ հզոր ուժ կա։
—Իսկ մտածել կարո՞ղ է,— հարցրեց հրեշտակը։
Աստված պատասխանեց.
—Նա կարող է ոչ միայն մտածել, այլեւ համոզել։
Հրեշտակը դիպավ կնոջ այտին.
—Աստված, կարծես թե նա խոտանված է ստացվել։ Հոսում է։
—Ոչ, նա խոտանված չէ,— ուղղեց հրեշտակին Աստված,— արցունքներ են հոսում։
—Ինչի՞ համար են դրանք,— հարցրեց հրեշտակը։
—Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա սերը, նրա միայնությունը, նրա տանջանքները եւ նրա հպարտությունը։
Հրեշտակն իսկապես տպավորված էր.
—Աստված, Դու հանճար ես։ Դու ամեն ինչի մասին մտածել ես։ Կինն իրականում ապշեցուցիչ արարած է։
—Օ՜, այո,— ասաց Աստված։— Նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն։ Կարող է ծիծաղել, երբ լաց լինելու ցանկություն ունի։ Կարող է ժպտալ, երբ վախենում է։ Կօգնի ուրիշին, երբ իրեն է օգնություն հարկավոր։ Նրա միայն մեկ հայացքը ընդունակ է անել այն, ինչը տղամարդու ուժերից վեր է։
Հրեշտակը չէր կարողանում բառ արտասանել եւ հիացած էր մնացել։ Հետո Աստված հոգոց հանեց.
—Բայց նրա մեջ կա մի բան, որն ընդհանրապես այն չէ։ Մեկ թերություն, որը եթե չուղղի, ապա այն կարող է փչացնել նրա կյանքը։
—Իսկ ո՞րն է դա։
—Նա չգիտի իր գինը…


Կինը երջանկության հրավեր է
Մեծերի ինքնատիպ մտքերը կանանց մասին

 

Տղամարդիկ, հատկապես արվեստի բնագավառի տաղանդաշատ ներկայացուցիչները, մշտապես հիացել եւ շարունակում են իրենց հիացմունքն արտահայտել նրբագեղ, զարմանահրաշ ու առեղծվածային հատկություններով օժտված գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նկատմամբ։ Թեեւ նրանցից յուրաքանչյուրը կնոջը գովերգելու տարբեր եղանակներ է ընտրել, այնուհանդերձ, նրանք բոլորն էլ համոզված էին, որ առանց կանանց չէր լինի կյանքը, իսկ առանց նրանց հմայքի ու գեղեցկության չէին ծնվի հրաշալի բանաստեղծություններ, կտավներ, երաժշտական ստեղծագործություններ…
Տոնի առթիվ փոքրիկ ծաղկաքաղ մեծերի՝ կանանց վերաբերյալ հնչեցրած լավագույն մտքերից.


Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։
Գարեգին Նժդեհ

Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է։
Հովհ. Շիրազ

Կանայք ստեղծված են սիրվելու, այլ ոչ թե հասկացվելու համար։
Օսկար Ուայլդ

Պատմությունը ստեղծում են կանայք, մինչդեռ պատմությունը հիշում է լոկ տղամարդկանց անունները։
Հենրիխ Հայնե

Կինը սուրբ է, սիրելի կինը՝ կրկնակի սուրբ։
Ալեքսանդր Դյումա

Տղամարդու պարանոցին փաթաթված բարի կնոջ ձեռքերը բախտի կողմից տղամարդուն նետված փրկօղակ են։
Ջերոմ Սելինջեր

Կինը նույնպիսի բնական տարերք է, ինչպես քամին, կայծակը, հոսանքը։
Հագինսոն Թորի

Մարդ լինելը դժվար է, կին լինելը՝ առավել եւս։
Մարտի Լարնի

Կանանց մասին միշտ էլ նոր ասելիք կգտնվի, քանի դեռ նրանցից գոնե մեկը բնակվում է այս երկրի երեսին։
Ստանիսլավ Բուֆլե

Եթե կանայք գոյություն չունենային, ապա աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին։
Արիստոտել Օնասիս

Կնոջ մեջ մի գաղտնիք կա, մի կենարար առեղծված, որը բոլոր ուրախությունների ու հոգսերի աղբյուրն է։
Առնե Հարբորգ

Տղամարդկանց բոլոր խոհերը միասին վերցրած՝ չարժեն կնոջ գեթ մի հույզը։
Վոլտեր

Կնոջ մոտ ամեն ինչը սիրտ է, անգամ գլուխը։
Ժան Պոլ Ռիխտեր

Կինն է տղամարդուն դուրս բերել դրախտից, եւ միայն նա կարող է տղամարդուն այնտեղ վերադարձնել։
Էլբերտ Հաբարդ

Կինը թեյի թուրմի պես բան է. մինչեւ չեռա՝ չես իմանա նրա թնդության աստիճանը։
Նիկոլայ Ռիգան

Կանայք երբեք այդքան ուժեղ չեն լինում, երբ ի ցույց են դնում իրենց թուլությունը։
Իվան Բունին

Եթե կինը չի հանձնվում, ապա հաղթում է, իսկ հանձնվելու դեպքում իր օրենքներն է թելադրում հաղթողին։
Կարել Չապեկ

Խայտաբղետ աշխարհ
 

Հայրենական մեծ պատերազմի տարիներին 600 հազարից մինչեւ 1 մլն կանայք ու աղջիկներ են կռվել տարբեր ռազմաճակատներում։ Ընդ որում, 80 հազարը՝ սպա։ ԽՍՀՄ—ում կազմավորվել են կանացի ստորաբաժանումներ։ Այսպես, կին կամավորներից ձեւավորվել է երեք ավիացիոն գունդ։ Հայտնի էին կին դիպուկահարները։ Կանանցից կազմավորվել է ծովայինների վաշտ եւ այլն։ Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչման է արժանացել 87 կին։
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI—ի կինը՝ թագուհի Մարի Անտուանետը, միապետության տապալումից հետո մահապատժի էր դատապարտվել։ Երբ նրան տանում էին գլխատելու, թագուհին պատահաբար կանգնում է իր դահճի ոտքին եւ ասում. «Կներեք, մսյո, դա պատահաբար եղավ»։
Իսկ դեդեկտիվ ժանրի թագուհի Ագաթա Քրիստին, ում գրքերը հրատարակվել են ավելի քան 2 մլրդ տպաքանակով, եւ թարգմանվել աշխարհի ավելի քան 100 լեզվով, այդպես էլ նորմալ կրթություն չի ստացել։ Նա բավական լավ դաշնամուր է նվագել եւ երգել, բայց ծայրահեղ ամոթխածության պատճառով այդպես էլ չի կարողացել որեւէ տեղ բարեհաջող հանդես գալ։
Լրտես եւ հայտնի պարուհի Մատա Հարին գնդակահարությունից առաջ դիմել է իր վրա նշան բռնած զինվորներին. «Ես պատրաստ եմ, տղաներ»։
Առաջին կին ոստիկանը եղել է ամերիկուհի Էլիս Ստեբինս Ուելսը։ Նա ծառայության է անցել 1910թ., եւ քանի որ կին ոստիկանի համար չի եղել համազգեստ, ուստի ստիպված էր իր համար համապատասխան հանդերձանք հնարել։ Պաշտոնապես կին ոստիկանների համար համազգեստ ընդունվել է 1914թ.։
Չինարենում «դժվարություն, տհաճություն» բառերն արտահայտող հիերոգլիֆը պատկերում է նույն տանիքի տակ գտնվող երկու կանանց։
Փենսիլվանիայում (ԱՄՆ) տնային տնտեսուհիներին արգելվում է տան փոշին ու կեղտը թաքցնել գորգի տակ։ Հակաօրինական է նաեւ մեկ բնակարանում16 կանանց համատեղ բնակությունը։ hhpress.am

Պատրաստեց Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017