ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 07:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 17 » Նախընտրական քարոզարշավը հատում է միջօրեականը /Մասնակից կուսակցությունների եւ դաշինքների ակտիվությունը հիմնականում պահպանվում է/
14:30
Նախընտրական քարոզարշավը հատում է միջօրեականը /Մասնակից կուսակցությունների եւ դաշինքների ակտիվությունը հիմնականում պահպանվում է/


Ըստ խղճի եւ գիտակցության
 

«Ելք» դաշինքի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ նախընտրական քարոզարշավը շարունակել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում։ 
Նա բնակիչներին կոչ է արել ապրիլի 2—ին գլուխները բարձր գնալ ընտրական տեղամաս եւ որպես հպարտ քաղաքացիներ վերցնել քվեաթերթիկն ու քվեարկել «Ելք» դաշինքի օգտին։ «Եվ ես կոչ եմ անում չհուսահատվել, սիրելի ժողովուրդ, որովհետեւ հուսահատության փոսից ելք կա։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ հավատում ենք ձեր քաղաքացիական գիտակցությանը։ Մենք հավատում ենք, որ դուք ընտրելու եք ըստ ձեր քաղաքացիական խղճի եւ գիտակցության։ Մենք չենք ցանկանում, որ դուք հավատաք մեզ, այլ ցանկանում ենք, որ առաջին հերթին հավատաք ինքներդ ձեզ, ցանկանում ենք գիտակցեք, որ կարող եք որոշում կայացնել։ Մենք հույս ենք դնում ձեզանից յուրաքանչյուրի վրա, դուք էլ կարող եք մեզ վրա հույս դնել»,–նշել է Փաշինյանը։
Դաշինքի պատգամավորության թեկնածու Հարություն Բաբայանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է. «Յուրաքանչյուր գործարար եւ յուրաքանչյուր ստեղծագործ մարդ պետք է ազատություն ունենա ստեղծելու եւ արարելու։ Մարդը պետք է ապահովության զգացում ունենա, որպեսզի կարողանա սկսել իր գործունեությունը, եւ այդ ապահովության զգացումը պետք է գա պետության կողմից, որովհետեւ պետությունն է խաղի կանոններ սահմանողը եւ դրանց երաշխավորը… Պետք է որոշ հարկատեսակներ թեթեւացնել»։


Կարող են շտկել կրթական համակարգը
 

«Կրթությունը մղվել է տասներորդական պլան, այն դեպքում, երբ կրթությունն ազգային անվտանգության երաշխիքն է»,—լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ թեեւ մեկ շաբաթից ավելի է՝ ԿԳ նախարարին հրավիրել է բանավեճի, սակայն առայժմ որեւէ արձագանք չի ստացել։
Նա նշել է, որ թեեւ համաշխարհային վիճակագրության համաձայն՝ Հայաստանի բնակչության մեծ մասը բարձրագույն կրթություն ունի, սակայն նույն այդ վիճակագրության համաձայն՝ շարունակում է բուհական կրթությամբ գործազուրկների թվաքանակով առաջատար երկիր մնալ։
Բախշյանն անդրադարձել է մանկապարտեզների խնդրին. «Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթության ոլորտին, ապա 2010 թվականի Երեւանի զարգացման ծրագրի համաձայն՝ 47 մանկապարտեզների շենքերում տեղակայված են 106 ամենատարբեր կազմակերպություններ։ Ընդ որում՝ դրանց զգալի մասը տրված է անվարձահատույց։ Մանկապարտեզներն այդպես էլ չեն վերադարձվում իրական տերերին՝ երեխաներին, այն դեպքում, երբ մանկապարտեզ հաճախելու համար տարեկան մոտ 8 հազար երեխա է հերթագրվում»։
Անահիտ Բախշյանը նաեւ շեշտել է՝ պետական փողերը մսխած, դրա համար դատված եւ հետո ազատության մեջ հայտնված մարդն իրավունք չունի վերադառնալ կրթության ոլորտ, առավել եւս՝ դպրոցի տնօրենի պաշտոն զբաղեցնել։


Հանուն 30 քայլը կյանքի կոչելու
 

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Քանաքեռ—Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ուզում եք փոփոխություն, դարձեք այդ փոփոխության մասնիկը, պայքարեք այդ փոփոխության համար»։
Կուսակցության վարչության անդամ, պատգամավորի թեկնածու Կարեն Թումանյանը համարում է, որ ՀՎԿ—ի վարկանիշը շատ բարձր է։ Նրա խոսքով, դա վկայում են տարբեր հարցումների արդյունքները։ Նա նշել է, որ իրենց ծրագիրն իրատեսական է, քանի որ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ի տարբերություն այլ ուժերի առաջնորդների, ներկայացնելով իրենց ծրագրի 30 կետերը, ներկայացնում է նաեւ ֆինանսական աղբյուրները։
Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, ապա նա նշել է. «Արթուր Բաղդասարյանը երկու անգամ նույն խնդրով հրաժարական տվեց, որովհետեւ հասկացավ՝ ինքը որոշումների վրա չի կարողանում ազդեցություն ունենալ իր քաղաքական ուժով։ Դրա համար այսօր ժողովրդին խնդրում ենք՝ մեզ տվեք ձեր քվեները, որ մեր լեզուն երկար լինի, որ այս անգամ կարողանանք մեր երեսուն քայլը կյանքի կոչել, որովհետեւ եթե չունենանք ԱԺ—ում որոշակի դեր, որոշումների վրա ազդեցություն, էլի նույն պատմությունն է լինելու»,–նշել է նա։
Կուսակցության պատգամավորության թեկնածու Մարիաննա Ֆրունջյանի համոզմամբ՝ քարոզարշավը բավական հետաքրքիր է զարգանում։ Նա անձամբ փորձում է լսել եւ հասկանալ բնակիչների հիմնախնդիրները։ Մարիաննա Ֆրունջյանը հույս է հայտնել, որ քարոզարշավի ընթացքում կուսակցությունը կկարողանա ավելի մեծ թիմ հավաքել. «Պարզապես սթափության կոչ եմ անում։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ինքնագիտակցականը, հասկանան, որ պետք է ձեւավորել քաղաքակիրթ պառլամենտ։ Մարդիկ հոգնել են լճացած վիճակից։ Հիմնախնդիրները խորն են եւ արմատական։ Մենք պետք է ապրումակցենք մարդկանց խնդիրներին»։


15 կետերը կյանքի որակ կփոխեն
 

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզում էր։ Գյումրու «Թատերական» հրապարակում հավաքված հոծ բազմությունը եկել էր ոչ միայն ծանոթանալու նրա ծրագրին, այլ նաեւ անձամբ նրան հանձնելու խնդրանք—նամակներ՝ հիմնականում ֆինանսական աջակցություն տրամադրելու բովանդակությամբ։
Հանդիպման ժամանակ Ծառուկյանը անդրադարձել է դաշինքի 15 կետերին՝ նշելով, որ դրանք անձամբ ինքն է գրել։ «Մեր 15 կետերը վերաբերում են բոլորին եւ ունակ են կյանքի որակը փոխելու։ Դրա համար միայն պետք է հնարավորություն՝ 50 պլյուս 1—ի դեպքում ամեն ինչ կփոխվի՝ համակարգ, օրենք ու մարդիկ։ Կփոխվեն նաեւ բանկի տոկոսները, կլինեն նոր ներդրումներ»,–վստահեցրել է դաշինքի առաջնորդը։ Իսկ գյումրեցիներին խոստացել է նոր աշխատատեղեր։ «Պետք է պակասեցվեն բանկի տոկոսները։ Ունենք 650 հազար ընտանիք՝ 1 մլն 450 հազար վարկառու՝ ամեն ընտանիքից 2—3—ը։ Ես պարտք ունեմ ձեզ տալու, ոչ թե բարեգործություն»,–նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը չհավատա գեղեցիկ խոսքերին, այլ ձայնը տա նրան, ում հավատում է։


Գիտեն՝ հարցն ինչպես լուծել
 

Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, երեկ հանդիպել են Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ։
Պատասխանելով արաբկիրցիների հարցերին՝ նա ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ՀՀԿ տեսլականը. «Առաջին հերթին մենք պետք է ունենանք մարտունակ եւ ուժեղ բանակ, որպեսզի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկություն չլինի մեր հակառակորդի մոտ։ Մենք ունենք ռացիոնալ, բանակցությունների արդյունքում հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը շրջանցելու տարբերակ»։
Կ. Կարապետյանը ներկայացրել է նաեւ առողջապահության ոլորտին առնչվող ծրագրային մոտեցումները, ընդգծել, որ նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ մարդկանց թիմ, ովքեր բարեփոխումներ իրականացնողներ են ու ոչ կաշառակերներ։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ ոլորտին տրամադրվող միջոցները պետք է ծախսվեն առավելագույնս լիբերալ, բաց եւ թափանցիկ կերպով. «Օրինակ, երբ պետպատվերը հատկացնում ենք մտերիմ մարդուն, ծանոթին եւ չենք տալիս անծանոթին, այդ դեպքում եւ այդ ծանոթի մոտ է կորում ներդրում անելու ու ոլորտում բարեփոխում իրականացնելու ցանկությունը, եւ նրա մոտ, ում պետպատվեր չենք տալիս։ Այդ իսկ պատճառով հետեւյալ գաղափարն ենք մտցրել, որ քաղաքացին ինքն է ընտրելու, թե որ կլինիկայում է բուժվելու եւ, դրանից ելնելով, մենք այդ կլինիկային վճարելու ենք։ Բացի այդ, պետական ոչ արդյունավետ աշխատող հիմնարկների կրճատման հաշվին կան տնտեսված միջոցներ, որոնք ուղղվելու են առողջապահության ոլորտի խնդիրների կարգավորմանը»։
Ընտրողներից մեկը հարցադրում է կատարել, համաձայն որի փոքր եւ միջին բիզնեսի համար սահմանված տարեկան 115 միլիոն ՀՀ դրամի շրջանառության շեմը չի մոտիվացնում գործարարներին, որպեսզի նրանք մեծացնեն իրենց բիզնեսը։ Ի պատասխան՝ Կ. Կարապետյանը նշել է, որ իրական գործարարի համար, ով իրոք ցանկանում է գումար աշխատել, դա խոչընդոտ չէ. «Այլ խնդիր է, որ մենք չկարողանանք ապահովել հավասար հարկային պայմաններ, ու դուք էլ վստահ չեք լինի, որ վճարում եք նույնքան հարկ, որքան, օրինակ՝ ձեր մրցակիցը։ Հարկային անհավասար պայմանների դեմ պայքար մղելը կառավարության խնդիրն է, սակայն հարկային հստակ շեմ սահմանելը բիզնեսի համար խոչընդոտ չէ։ Որքան խճճված ու բարդ է լինում հարկային համակարգը, այնքան բարձր են կոռուպցիոն ռիսկերը. տվյալ դեպքում համակարգը շատ պարզ է, ու սահմանված է հստակ շեմ, ինչը թույլ է տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից»։
ՀՀԿ—ն ունեցել է նաեւ թերություններ ու բացթողումներ, սակայն երբեք չի խուսափել դրանց համար պատասխանատվություն ստանձնելուց։ Նման կարծիք է հայտնել ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ միաժամանակ հանրապետականն այն ուժն է, որը պատրաստ է իր վրա վերցնել մեր երազած Հայաստանը կառուցելու պատասխանատվությունը։ 
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համար Արա Բաբլոյանը հիշեցրել է, որ որպես բժիշկ իր համար առաջնահերթ է համարում առողջապահության ոլորտի խնդիրները։ Նա շեշտել է, որ չենք կարող ստեղծել լավ առողջապահական համակարգ, քանի դեռ չենք ստեղծել այն պլատֆորմը, այն զարգացող տնտեսությունը, ինչը հնարավորություն կտա ներդրումներ կատարել առողջապահության ոլորտում։
«Մյուս կողմից էլ, եթե մենք չունենանք կրթված հասարակություն, մենք չենք կարող երազել զարգացող տնտեսության մասին։ Մենք իսկապես ծանր ճանապարհ ենք անցել միասին, եւ եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մեկ շարժումով հնարավոր է ամեն ինչ փոխել, սխալվում են»,–ասել է նա։
Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվանը՝ նշելով, որ շատ է ցավում այդ կապակցությամբ։ Հարցին՝ արդյոք բացթողումներ կա՞ն արդարադատության համակարգում, վարչապետը պատասխանել է, որ դրանք բազմաթիվ ենք, հենց դրա համար էլ ցանկանում են վերացնել այդ բացթողումները։


Կամուրջ՝ անցյալի եւ ապագայի միջեւ
 

«Մեր ընտրական ծրագրում տրված է Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականը»,–լրագրողներին ասել է ՀԿԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը։ 
Նա նշել է, որ իրենք ներկայացրել են այն, ինչ ունեցել է Խորհրդային Հայաստանը արդյունաբերության, գյուղատնտեսության եւ մնացած բոլոր ոլորտներում. «Ուստի մենք կամուրջ ենք դառնում անցյալի՝ Խորհրդային Հայաստանի, եւ ապագա ձեւավորվող հասարակարգի միջեւ տնտեսական քաղաքականությունը փոխելու, արդյունաբերական քաղաքականության ավելի լուրջ եւ պետական ստատուս տալու, առողջապահության, կրթության համակարգերում էական փոփոխություններ մտցնելու առումով»։ Նրա խոսքով, առողջապահական համակարգը ներկայումս մատչելի չէ, իսկ կրթական համակարգն էլ անարդյունավետ է. «Մենք ցանկանում ենք նաեւ ստեղծել աշխատատեղեր, որպեսզի ժողովուրդը վերադառնա հայրենիք եւ իր աշխատանքով իր տունը պահի»։
Սաֆարյանի խոսքով, կոմունիստները ելնում են այն իրողությունից, որ Խորհրդային Հայաստանը եղել է արդյունաբերական երկիր, որտեղ 700—ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ են աշխատել, եւ որոնցում ներգրավված է եղել 495 հազար մարդ։ «Այսօր մեր արդյունաբերությունը ՀՆԱ—ի 17 տոկոսն է կազմում, իսկ ԽՍՀՄ—ի ժամանակ ազգային եկամտի 67 տոկոսն է կազմել,–նշել է նա։–Ժողովրդին ցույց տալով անցյալի առավելությունները եւ առաջարկելով իրավիճակի շտկման ուղիները՝ մենք կոչ ենք անում ընտրել այնպիսի ուժի, որը կարող է փոխել ապագան. մենք առաջարկում ենք մեր ներկայությունը։ Հույս ունենք որ ժողովուրդը կգնահատի մեր ծրագիրը, եւ մենք, անցնելով խորհրդարան, կխոսենք նրանց հուզող խնդիրների մասին»։


Կընդլայնեն կապերը
 

«ՕՐՕ» դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել։ 
Նա նշել է, որ աշխարհը եւ, մասնավորապես Հարավային Կովկասը, 10—15 տարի առաջ միանգամայն այլ ռազմաքաղաքական իրավիճակում էին, քան այսօր, եւ տրամաբանական է, որ մենք պետք է դինամիկ կերպով արձագանքեինք նորօրյա իրադարձություններին։ «Հայ—ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, գործունեությունն ու կատարելագործումը այդ քայլերից են, եւ ես քիչ ջանքեր չեմ ներդրել այդ ծրագրերի մշակման եւ իրականացման համար։
Գաղտնիք չէ, որ հայ—ռուսական հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ՝ արժանի գործընկեր լինելու համար։ Եվ եթե Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք դինամիկ զարգացող ռազմական համագործակցություն, ապա նույնը չի կարելի ասել մյուս ոլորտների վերաբերյալ. մենք կարող էինք ունենալ միանգամայն այլ որակ տնտեսական հարաբերությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի, գիտության, մշակույթի ոլորտներում եւ այլուր։
Հայաստանն ունի գիտական ծանրակշիռ ներուժ, եւ ես վստահ եմ, որ կարելի է գտնել հետաքրքիր ուղիներ՝ երկու պետությունների գիտական պոտենցիալների ինտեգրացիան եւ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով (խոսքը նաեւ ռազմարդյունաբերական ոլորտին է վերաբերում)։
Այո, Հայաստանն ունի ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Սակայն մյուս կողմից՝ միլիոնավոր հայեր բնակություն են հաստատել Արեւմուտքում՝ ԱՄՆ—ում, Եվրոպայում, եւ դա մեզ պարտավորեցնում է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, արդյունավետ հարաբերություններ վարել նաեւ Արեւմուտքի հետ։
Այսպիսով, Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ եւ տարբեր շահերի հատման կետ»։
Նա խոսել է հարեւանների, արաբական աշխարհի եւ Չինաստանի հետ հարաբերությունների կարեւորության մասին։
Դաշինքի թեկնածու, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը որակել է անարդյունավետ եւ ասել, որ եթե իրենք գան իշխանության, նորից կներդնեն կոմպլեմենտար քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը կդառնա միջոց երկրի խնդիրները լուծելու համար, ակտիվ կներգրավվենք բազմակողմ դիվանագիտության մեջ եւ, վերջապես, կվերանայեն ամբողջ կադրային քաղաքականությունը, կբերեն պրոֆեսիոնալներին՝ արտերկրում արդյունավետ աշխատելու համար։ «Ահավասիկ, դիվանագիտությունը կծառայեցնենք մեր տնտեսության զարգացմանն ու անվտանգության ապահովմանը»,–«Ֆեյսբուքում» գրել է նա։


«Նոր սկիզբ» է լինելու
 

ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում են ունեցել Արագածոտնի մարզի ընտրողների հետ։ Ապարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր ձայնը որոշիչ է եւ կարող է երկրի ապագան փոխել։ Նա նշել է, որ ՀՅԴ—ի ջանքերով կյանքի կոչված սահմանադրական բարեփոխումները շատ խնդիրների լուծումներ են տալու։
Քաղաքական ուժերը մարդկանց խաբում են՝ ասելով, օրինակ, թոշակդ քիչ է, ես կգամ, երկու անգամ կավելացնեմ։ «Ստացվում է՝ ավանսով ընտրակաշառք։ Պոպուլիզմի վատն էլ այն է, որ ոչ թե հանրային շահով ես առաջնորդվում, այլ դու մարդկանց քիմքին հաճելի բան ես ասում, որովհետեւ նրանց ձայնն է քեզ պետք,–ասել է Ռուստամյանը՝ հավելելով.–Պետք է խոսել այն հիմքի վրա, որը ինչ—որ քայլ կատարելու հնարավորություն է տալիս, իսկ մենք հավատում ենք, որ այսօրվա հնարավորությունը տալիս է ավելի լավ սոցիալական խնդիրներ լուծելու հնարավորություն, տնտեսությունն ավելի ազատականացնելու հնարավորություն, մոնոպոլիաները վերացնելու հնարավորություն»։
Շենավանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը նշել է. «Նոր սկիզբ է լինելու, դրա համար ենք մենք մեր կարգախոսը դրել «Նոր սկիզբ»։ Մնում է՝ հասնենք արդար Հայաստանի, այդ նոր սկիզբը կյանքի կոչենք, միս ու արյուն տանք։ Այս բարեփոխումներն առաջ տանելու խնդիրն է, որ այսօր Դաշնակցությունն ուզում է լուծել։ ՀՅԴ—ն չի գալիս, նոր խոստումներ տալիս, այլ ասում է իր արածը։ Մենք ձեզ ասում ենք՝ տվեք մեզ մանդատ, որ մենք կարողանանք այս ամենը կյանքի կոչել»։
ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Տարոն Տոնոյանն էլ նշել է, որ արդարության ճանապարհով գնալու համար պետք է պայքարել, ոչ թե սպասել, որ որեւէ մեկը նվիրելու է այն։ «Որեւէ մեկը մեզ լավը նվեր չի տալու, մենք պետք է աշխատենք, չարչարվենք, դիմակայենք, հաղթահարենք դժվարությունները։ Դրա համար վստահե՛ք այն ուժին, որն իր հետագծի ընթացքում պատմական առաքելություն է կատարել եւ եղել է ժողովրդի կողքին,–ասել է նա՝ հավելելով.–Հավատացե՛ք այն թիմին, որը կռվելու հնարավորություն ունի, ձիրք ունի, խելք, միտք եւ կամք ունի, հավատացեք, որ այսպիսի հնարավորություն մեզ 25 տարվա ընթացքում նոր է տրվել»։ hhpress.am

Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017