ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 9 » Քարոզարշավն ընթացքի մեջ է /Ընտրողների հետ հանդիպումները շարունակվում են/
09:29
Քարոզարշավն ընթացքի մեջ է /Ընտրողների հետ հանդիպումները շարունակվում են/

Արդեն չորրորդ օրն է, ինչ ապագա խորհրդարանում հայտնվել ցանկացող քաղաքական ուժերն ակտիվ կերպով լծվել են իրենց գաղափարները քարոզելու գործին։ Նրանց կողմից ներկայացվող ծրագրերում արտացոլված է Հայաստանը կայուն եւ անվտանգ պետություն դարձնելու սեփական տեսլականը։


«Ելքը» կա
 

«Ելք» դաշինքի ներկայացուցիչները երեկ «քարոզում» էին Դավթաշեն վարչական շրջանում։ Դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով դիմում էր վարչական շրջանի բնակիչներին՝ կոչ անելով չհուսահատվել, քանի որ ելք կա, եւ այդ ելքը կարող է լինել իրենց միջոցով։
«Ելք» դաշինքը մերժում է ընտրակաշառքը, խնամի—ծանոթ—բարեկամով քվեարկությունը»,–հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Թեկնածուի խոսքով՝ «Ելքը» ձեւավորվել է, որպեսզի քաղաքացիներին ընտրության հնարավորություն, այլընտրանք տա, որպեսզի «չասենք, որ փոփոխության հնարավորություն չկա»։ Նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունը թափուր աշխատատեղի մրցույթ է։ «Պետությունը, ժողովուրդը հայտարարում են՝ ես 101 թափուր աշխատատեղ ունեմ։ Քաղաքական ուժերը գալիս են, ներկայանում են, դուք նայում եք նրանց խոսքին, գործին, կենսագրությանը եւ որոշում, թե ում ծառայությունն եք ուզում»,—նշել է Փաշինյանը։
«Մենք հաջողության հասած անձինք ենք, եւ սա միակ աշխատանքը չէ, որ կա Հայաստանում մեզ համար։ Մեր խնդիրն է գալ եւ ծառայել ժողովրդին»,–հայտարարել է դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ ամենակարեւոր բանը, որ «Ելքն» ուզում է անել այս ընտրությունների ժամանակ՝ ժողովրդին միավորելն է որպես քաղաքացիների. «Դրանով մենք կհաղթահարենք անտարբերությունը եւ հուսահատությունը»։
«Որքան էլ քարոզչության փուլը բարդ է եւ լուրջ, «Ելք» դաշինքի շուրջ բավական դրական մթնոլորտ է ձեւավորվել»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է նույն դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով, դաշինքի ցուցակում փորձառու քաղաքական գործիչներից զատ, շատ են երիտասարդները՝ մասնագիտական լուրջ հաջողությունների հասած մարդիկ, ովքեր էլ հենց նոր թիմի կորիզն են կազմում։
«Ելքը» երբեք իշխանություն չի եղել, բայց որ ավելի կարեւոր է, մարդկանց երբեք հուսախաբ չի արել։ Այն եկել է՝ նոր էներգիա հաղորդելու երկրի զարգացմանը, ցրելու բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտը»,–հայտարարել է դաշինքի մեկ այլ անդամ, պատգամավորության թեկնածու Համբարձում Համբարձումյանը։ Հարցին՝ չի՞ կարծում, որ ՀՀ քաղաքացին, սովորույթի ուժով, «փորձած թանն անփորձ մածունից լավ է» ասացվածքով առաջնորդվելով, միշտ ընտրություն կատարում է հին, իր աչքին սովոր քաղաքական ուժերից, Համբարձում Համբարձումյանը բացասական պատասխան է հնչեցրել։
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով քաղաքացիների հետ կարճ զրույցներին, լրագրողներին ասել է, որ հիմնականում նրանք ուրախանում են դաշինքի ներկայացուցիչներին տեսնելով։ «Շատ կարեւոր է, որ մենք լավատեսորեն տրամադրենք մեր քաղաքացիներին։ Լավատեսությունը ոչ թե հետեւանք է, այլ պատճառ, որովհետեւ կարող է լավ հետեւանքների բերել»,–ասել է պատգամավորը։
Խոսելով ընտրապայքարում իրենց հնարավոր հաջողությունների մասին՝ նա վստահեցրել է, որ «Ելք» դաշինքը պոզիտիվ վարկանիշի ամենամեծ դինամիկան ունի։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հիմա քաղաքացիների հետ իրենց երկխոսությունը ստացվում է՝ հույս հայտնելով, որ ապրիլի 3—ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ է սպասվելու։


«Ազատ դեմոկրատները» «կարող են»
 

«Ազատ դեմոկրատները» ընտրարշավի մեկնարկը կտան մարտի 10—ին՝ սահմանամերձ բնակավայրերից։
Երեկ հրապարակվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը՝ «Մենք կարող ենք»։
Ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Անահիտ Բախշյանը երեկ անդրադարձել է քաղաքական ուժերի հանդեպ մարդկանց անվստահությանը եւ նշել, որ ամեն բան կախված է հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ճիշտ մոտեցումներից։ Նա անբարոյականություն է համարել վերջերս շրջանառվող թեզը, թե կարելի է վերցնել ընտրակաշառք, սակայն ընտրել նրան, ում ցանկանում ես։ «Եթե քաղաքական ուժը լավ ու ճիշտ համոզի, եթե նրա ցուցակի մարդիկ վստահություն ներշնչեն, ժողովուրդը կկողմնորոշվի, քանի որ, միեւնույն է, կլինեն մարդիկ, ովքեր չեն մասնակցի ընտրությանը կամ առանց կաշառք չեն մասնակցի։ Այնքան մարդիկ կան, որոնք հիմա լուրջ խոստումներ են տալիս, բայց չէ՞ որ երեկ պաշտոն ունեին, բա ինչո՞ւ բան չփոխեցին, բա թող անեին»,–ասել է Բախշյանը։


Քվեարկել հանուն փոփոխության
 

«Հայկական վերածնունդ» կուսակացության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Արմավիրում երեկ տեղի ունեցած ընտրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է գիտակցության մեջ հեղափոխություն կատարել եւ «ճիշտ ընտրություն» անել։
«Պատգամավորներ կան, որ խորհրդարանում լինելու 25 տարվա ընթացքում անգամ 5 բառ չեն արտասանել՝ ինչ—որ մեկի եղբայրները, ինչ—որ մեկի բարեկամները։ Մենք տեղի հեղինակություններ չենք ընտրում, այլ երկրի ղեկավարությանը։ Եւ ընտրություններին պետք է համապատասխանաբար մոտենալ»,–ընդգծել է Բաղդասարյանը՝ քաղաքացիներին կոչ անելով թույլ չտալ կաշառել իրենց։
Նա նաեւ հակիրճ ներկայացրել է 30 կետից բաղկացած կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ծրագիրը ներառում է քաղաքական ու տնտեսական մասեր, ենթադրում՝ անցում պրոֆեսիոնալ բանակին, արտագաղթողների վերադարձ։
Բաղդասարյանը հատկապես նշել է Հայաստանում առկա ռազմարդյունաբերական պոտենցիալը, հիշեցրել հսկա ձեռնարկությունների վերականգնման անհրաժեշտության մասին։ Կուսակցության առաջնորդը խոսել է առողջապահության ոլորտում պետպատվերի բաշխման, վարկավորման ու բարձր տոկոսադրույքների հետ կապված խնդիրների մասին, ինչպես նաեւ նշել պետության հսկայական պարտքերը։
Կուսակցության (ՀՎԿ) փոխնախագահ Հեղինե Բիշարյանն արմավիրցիներին կոչ է արել տնետուն գնալ ու քարոզել ՀՎԿ—ի ծրագիրը, գաղափարները։ Ըստ նրա, իրենք շատ անելիքներ ունեն ապագայի հետ կապված, որովհետեւ. «Մեր կյանքում շատ քիչ բան է փոխվել։ Կխնդրեմ ձեզ՝ դարձեք զինվոր, վաղվանից որպես քարոզիչներ մտեք տները, որովհետեւ զոռբայությունն ու ընտրակաշառքը ստվերում են շատ կարեւոր այս ընտրությունները, այս ընտրություններով ենք վաղն ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ, ԱԺ նախագահ ու վարչապետ»։


Փոփոխությունները սահմանամերձ գոտուց
 

«Ծառուկյան» դաշինքն իր նախընտրական քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում։ Երեկ հերթական հանդիպումն է տեղի ունեցել Բերդ քաղաքում։
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, դիմելով Բերդի բնակիչներին, նշել է, որ չի եկել ճարտար խոսքեր ասելու։ «Դուք բոլորդ գիտեք Ծառուկյանին։ Ոչ մի բանի կարիք չունեմ, ժողովուրդ՝ ոչ պաշտոնի, ոչ գումարի, ուղղակի չեմ կարող ձեռքերս ծալած նստել, ուզում եմ մասնակից, աջակից լինել։ Այդ հարստությանը պատահական չեմ հասել, եղել եմ բանվորի ընտանիքից, մարդու ղադրն էլ գիտեմ, խնդիրն էլ գիտեմ, դրա լուծման ձեւն էլ գիտեմ։ Հարվարդ չեմ ավարտել, բայց այնպիսի ճանապարհ եմ անցել, որ գիտեմ՝ աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ։ Պետք է ուշադրություն, վերաբերմունք ու հնարավորություն»,–նշել է ԲՀԿ նախագահը։
Նրա խոսքերով՝ տեղյակ է սահմանամերձ գյուղերի խնդիրներից եւ համարում է, որ այդ գյուղերին պետք է արտոնություններ տրվեն։ «Այսօր մարդիկ թողնում գնում են՝ հարկերի տակ, պարտքերի տակ, տոկոսների տակ, տունը չեն կարողանում պահել։ Պատճառը մենք ենք, պատճառը օրենքն է, պայմաններն են»,–ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ իրենց դաշինքն առաջարկել է 15 կետ, որպեսզի լուծեն այդ խնդիրները։
Ըստ նրա՝ բարեգործությամբ երկիր չեն կառուցում, պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ աշխատեն։
Դիմելով Բերդի բնակիչներին, նշել է, որ իրենք քարոզարշավը սկսել են սահմանամերձ գոտուց, քանի որ պետության հզորությունը, տնտեսության զարգացումը կախված է սահմանի ամրությունից. «Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլ սահման պահող եք։ Յուրահատուկ ուշադրություն է պետք սահմանամերձ գոտում»։


Խաղաղության ճանապարհով
 

«Կոնգրես—ՀԺԿ» դաշինքի ծրագրերից առաջնայինը գազի գնի նվազեցումն է, իսկ դրա ճանապարհը դաշինքը տեսնում է միայն խաղաղության ճանապարհով։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նախընտրական քարոզարաշավի ժամանակ այս մասին հայտարարել է «Կոնգրես—ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3—րդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։
«Մենք քարոզում ենք խաղաղություն։ Կոչ ենք անում օգնել մանդատ ստանալու, որպեսզի մենք էլ օգնենք ձեզ հասնելու խաղաղության»,–ասել է Լեւոն Զուրաբյանը։
Նա պնդել է՝ առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման չի կարող լինել զարգացում։ Հաղթանակը, Զուրաբյանի խոսքով, արդեն տարել ենք, մնում է միջազգայնորեն ճանաչել տալ. «Ամենակարեւոր խնդիրը, որ մենք կլուծենք, բացի նրանից, որ Հայաստանը կդառնա զարգացող երկիր, մենք այս զանգվածային արտագաղթը կվերածենք զանգվածային ներգաղթի»։
Ընդդիմադիր գործիչը հավաքվածներին ասել է, որ հսկայական տարբերություն կա զինադադարի եւ խաղաղության պայմանագրի միջեւ. խաղաղության հաստատման երաշխիքը պայմանագիրն է՝ երաշխավորված միջազգային հանրության կողմից։
«10 հազար դրամանոց մի դարձեք, ձեր հոգիները մի ծախեք»,–նման կոչով է հանդես եկել դաշինքի ցուցակի 5—րդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Չարենցավան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ եթե ժողովուրդը «Կոնգրես—ՀԺԿ» դաշինքին ընդառաջ չգա, կարող են շատ վատ բաներ լինել։


Առաջընթացը՝ աշխատանքով
 

Այսօր ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կայցելի Արմավիրի մարզ, որտեղ կկայանան մի շարք հանդիպումներ էներգետիկայի, մշակույթի, կրթության ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ գործարարների, արտադրողների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ մարզի բնակիչների հետ։ Տեղի կունենա նախընտրական հանդիպում Արմավիր քաղաքի եւ հարակից համայնքների բնակչության հետ՝ մշակույթի տան հարակից հրապարակում։
Իսկ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով իշխող հանրապետականի գործունեությանն, «Ազատությանն» ասել է. «Իշխանությունն աշխատանք իրականացնողն է, տնտեսությունը զարգացնողը, երկրի անվտանգությունը պահողը։ Իր այդ պարտականություններն իրականացնելիս, հանրապետական կուսակցությունը երբեք չի խոսել իր աշխատանքի մասին, սակայն այժմ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասելու ենք, քանի որ մենք հաշվետու ենք մեր ընտրողների առջեւ 10 տարվա ընթացքում կատարված, ինչպես նաեւ չկատարված ծրագրերի համար»։ Նա նշել է, որ առաջադրված մյուս քաղաքական ուժերը եղել են իշխանություն, բայց աշխատանք չեն կատարել, անհասկանալի դաշինքներ են կազմել, «վառվռուն» ծրագրեր են առաջարկում, եւ այստեղ ընտրողին մնում է որոշել, թե ում վստահի. «Արդեն որոշողն ընտրողն է՝ ձայնը տալ տարիներ շարունակ աշխատած հանրապետականի՞ն, որ ընտրողի աչքի առաջ է եղել եւ, իր թերություններով հանդերձ, ավելի պրակտիկ է եւ ավելի լավ գիտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, թե՞ նրանց, ովքեր մեկ ամիս առաջ դաշինք են կազմել եւ ծրագրի մասին են խոսում»։ 


Աշխատատեղեր ստեղծելու հեռանկարով
 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին դիմավորել են «Հաղթանակի օրը» երգով։
Կոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Մանուկյանը հավաքվածներին ներկայացրել է այն քայլերը, որոնք կուսակցությունը կիրականացնի՝ խորհրդարան անցնելու դեպքում։ Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին ներկայացրել է կուսակցության նախընտրական հիմնական դրույթները։
Տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու Նաիրա Մարտիրոսյանը, ով 16 տարի շարունակ եղել է Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն, ընդգծել է արդյունաբերության վերականգնման անհրաժեշտությունը։ «Դա այն ուղին է, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել արտագաղթն ու Հայաստանում աշխատատեղեր ստեղծել»,–նշել է Մարտիրոսյանը։ Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ Աբովյանն արդյունաբերական քաղաք էր, որտեղ 14 հազար մարդ էր աշխատում, իսկ այսօր քաղաքը կորցրել է այդ կարգավիճակը։
Հրազդան մարզկենտրոնում տեղի է ունեցել նաեւ ՀՀ կոմկուսի ներկայացուցիչների հանդիպումը ցեմենտի գործարանի աշխատողների հետ։ «Քանի որ այսօր աշխատանքային օր է, նրանցից շատերին թույլ չեն տվել հանդիպման գալ։ Այդ պատճառով էլ քիչ մարդ է հավաքվել՝ մոտ 50 հոգի։ Մենք պայմանավորվել ենք հանդիպում կազմակերպել հաջորդ շաբաթ՝ մարտի 18—ին»,–հավելել է Սաֆարյանը։


Արդարությունը կարեւորելով
 

«Ստեղծված բարոյահոգեբանական դժվար իրավիճակից մենք կարող ենք դուրս գալ միայն արդարության շնորհիվ, մենք ունենք բոլոր հնարավորությունները երկրում փոփոխություններ իրականացնելու»,–Իջեւանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել են «Օհանյան—Րաֆֆի—Օսկանյան» դաշինքի անդամները։
Դաշինքի համամասնական ցուցակի 2—րդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ բացի ռազմական անվտանգությունից, իրենց համար շատ կարեւոր է տնտեսական անվտանգություն ապահովումը, դեմոգրաֆիական վիճակի բարելավումը, բարոյահոգեբանական ստեղծված վիճակի վերացումը։
Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ դաշինքի մեջ փորձառու եւ պետական համակարգում բավականին մեծ ներդրումներ ունեցող անձնավորություններ են։
«Այսօր, այս դժվար ժամանակահատվածում հերոս է մեր ժողովուրդը։ Մեր գործունեության հիմքում ընկած է լինելու մեր ժողովուրդը եւ յուրաքանչյուր անհատականություն։ Մենք համապատասխան պայմաններ ենք ստեղծելու յուրաքանչյուր անհատի զարգացման համար։ Նրան ազատ արարելու, աշխատելու հնարավորություն ենք ընձեռելու։ Մեր ղեկավարության ժամանակ ազատության բոլոր ուղղությունները ամենաբարձր մակարդակի վրա են դրված լինելու»,–նշել է Օհանյանը։
«Իմ գտնվելը կառավարման համակարգում բերել է այն եզրակացության, որ առանց փոփոխությունների մենք չենք կարող հասնել հաջողությունների»,–Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Օհանյանը։ Նրա խոսքով, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը քաղաքական վերնախավերի, էլիտաների, թիմերի պարբերաբար փոփոխությամբ են հասնում հաջողությունների։
«Հայաստանում ժողովրդին հուզող 4 հիմնական խնդիր կա, որոնց լուծումը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում»,–Նոյեմբերյանում ասել է ցուցակի 3—րդ հորիզոնականը զբաղեցնող, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Առաջինը արդարության եւ իրավահավասարության վերահաստատումն է։ Մեր իշխանության գալու դեպքում արդարության, իրավահավասարության եւ ժողովրդավարության հաստատումը շատ արագ է լինելու։ Երկրորդ, անվտանգության ապահովումն է, եթե ոչ Սեյրան Օհանյանը իր փորձով կարող է առաջնորդ լինել այդ հարցում, այդ դեպքում էլ ո՞վ։ Երրորդ, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է, սրա համար կարեւոր է զարգացած տնտեսություն, բանակ, բայց պետք է նաեւ արդյունավետ դիվանագիտություն։ Եթե ոչ ես ու Րաֆֆի Հովհաննիսյանը, էլ ո՞վ կարող է զարգացում ապահովել այս հարցում։ Չորրորդ, երկրի տնտեսական առաջընթացն է»,–ամփոփել է նա։


Արդարություն, որը բխում է քաղաքացու շահերից
 

Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ—ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը նշել է. «Ես դաշնակցության անելիքն եմ տեսնում Ազգային ժողովում, եւ, դաշնակցության մի մասնիկը լինելով, ասեմ, որ դաշնակցությունը մեծ անելիքներ ունի եւ փոքր խմբակցությամբ էլ անում է։ Այ սա է ստիպում մտածել, այն համոզմանը գալ, որ մենք անելիք ունենք, եւ մեր անելիքները բխում են հայ քաղաքացու, հայ հասարակության, Հայաստանի շահերից, Արցախի շահերից, սփյուռքի շահերից։ Այսօր դժվար թե կարողանանք մի քանի րոպեում թվարկել երկրում ծառացած բոլոր խնդիրները. պաշտպանություն, անվտանգություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական, բնապահպանական ոլորտներ՝ այս բոլոր ոլորտներում դաշնակցությունն անելիք ունի։ Ես տեսնում եմ՝ այդ բացը կա Ազգային ժողովում, եւ այդ բացը, ամպագոռգոռ չլինի, բայց վստահ եմ, որ դաշնակցությունը կարող է լրացնել՝ մեր ծրագրով, մեր գաղափարախոսությամբ»։ Նա համոզված է, որ իրենց ծրագիրը շատ ավելի իրատեսական է, շատ ավելի պրակտիկ, պարունակում է մարտավարություն, որը հետագայում հանգեցնելու է ռազմավարության՝ լուծելու այն խնդիրները, որոնք այսօր չոքել են հայ հասարակության դռանը. «Մեր ծրագիրը թիրախավորել է այն ոլորտները, այն շերտերը, որոնց խնդիրները բազմաթիվ են եւ հանգեցնում են թե՛ երկրից արտագաղթի, թե՛ անվստահության, թե՛ նիհիլիզմ երեւույթի տարածման, հատկապես՝ հայ երիտասարդության շրջանում։ Սա մեծագույն չարիք է այսօր, եւ այս երեւույթներն է, որ դաշնակցությունը թիրախ է համարում, եւ պատահական չէ, որ շեշտում է երիտասարդության գործոնը հիմա եւ ապագայում»։
ՀՅԴ—ի ցուցակով առաջադրված՝ «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանն էլ ասել է. «Եթե ուզում եք ունենալ նոր արդյունք, պետք է անել նոր քայլ»։ Նա ընդգծել է, որ ձայն տալիս պետք է անպայման նկատի ունենալ, որ այդ ձայնն առաջիկա հինգ տարվա համար է։
Խոսելով որպես կրթական համակարգի ներկայացուցիչ՝ Հարությունյանը նշել է, որ ՀՅԴ—ի նախընտրական ծրագրում արտահայտված է իրենց դիրքորոշումը կրթական համակարգի վերաբերյալ։ «Եղել են պահեր, որ բախտորոշ հարցեր են եղել, եւ ՀՅԴ—ն կարողացել է հարցեր լուծել՝ ի շահ կրթական համակարգի»,–ասել է Հարությունյանը։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

Դիտումներ: 10 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017