ՀՀ նախագահն ընդունել է ԻԻՀ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին
գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը
ողջունել է հյուրերին եւ նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու
երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ
ՆԳ նախարարի ներկայիս այցը վկայում են հայ—իրանական բարեկամությունն ավելի
ամրապնդելու երկկողմ ձգտման եւ գործնական կապերն ավելի խորացնելու
վճռականության մասին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարեվերջին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երեւան կատարած այցի ժամանակ
արդյունավետ քննարկումներ եւ բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ
համագործակցության պայմանավորվածություններ են եղել, որոնց իրագործման
ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Հանրապետության նախագահը եւ
ԻԻՀ ՆԳ նախարարը երկուստեք կարեւորել են Հայաստանի մարզերի եւ Իրանի
նահանգների միջեւ փոխգործակցության ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ,
ավելի կամրապնդի փոխվստահության եւ դարերի փորձությունն անցած
բարեկամության վրա հիմնված հայ—իրանական հարաբերությունները։ Զրուցակիցներն
այդ հարաբերությունների սերտացման գործում կարեւորել են նաեւ իրանահայ
համայնքի դերը։ Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ
առանձին ոլորտներում փորձի փոխանակման առումով հեռանկարային է համարվել
նաեւ նախարար Մոհամադ Նաջարի ղեկավարած նախարարության ներքո գտնվող
արտակարգ իրավիճակների, իրավապահպանության եւ այլ ոլորտներում կապերի
սերտացումը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|