Անհրաժեշտ է փոխել իշխանության իրականացման մշակույթը
Ադրբեջանը պետք է հասկանա, որ աշխարհը փոխվել է
Ղարաբաղա—ադրբեջանական հակամարտությամբ զբաղվող թե՛ միջազգային, թե՛ տեղական վերլուծաբանների ուշադրությունը անցած օրերին սեւեռված էր Կազանի հանդիպման եւ դրա արդյունքների վրա։ Ոմանք այն գնահատում են որպես ձախողված, ոմանք բնորոշում որպես թեկուզ փոքր, բայց առաջխաղացում։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը կազանյան հանդիպման արդյունքը համարում է ադրբեջանական անհանդուրժողական քաղաքականության հետեւանք։ Նրա կարծիքով, Ադրբեջանը պարզապես ժամանակ է շահում եւ վաղ թե ուշ ստիպված է լինելու ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության ընդունումով ճանաչել ԼՂՀ—ն. «1921 թվականից ի վեր Ղարաբաղը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնել եւ կարողացել է դիմակայել դրանց. այսօր Ստեփանակերտը օրինակելի մաքրության, կարգուկանոնի, ինքնության համախմբման միավոր է, նույնը եւ ԼՂՀ—ն ամբողջությամբ վերցրած, նա աստիճանաբար մտնում է բնականոն կյանք, քանզի հեշտ չէ այդքան դաժան պատերազմից հետո վերականգնվել»։ Քաղաքագիտության դոկտորը Ադրբեջանի կեցվածքը բացատրում է մի շարք հանգամանքներով։ «Ադրբեջանական էթնոսը իրեն միշտ պատկերացրել է հաղթողի կարգավիճակում, եւ նրանց համար իրականությունը զուտ բանականորեն գնահատելը դժվար է, բայց ադրբեջանցիները պետք է սովորեն»,–ասում է նա։ Ներկա ժամանակաշրջանում քաղաքականության մեջ միշտ չէ, որ շահում են նրանք, ովքեր չհիմնավորված խոսքերով կարողանում են իրենց հասարակության մտածողությունը խաղարկել։ Իսկ որ Ալիեւը Կազանից հետո գնաց եւ անմիջապես մասնակցեց զորահանդեսին, հենց այդ անպարտելիության առասպելի արդյունքն է։ «Պարզ է, որ նա պետք է փորձեր վախ ներշնչել, բայց, կարծում եմ, դա հնացած տեխնոլոգիա է։ Այժմ վախի բաղադրիչը խնդիր չի լուծի, քանի որ դրա ժամանակներն անցել են, 1988 թվականից հետո շատ բաներ են փոխվել ե՛ւ միջազգային հարաբերություններում, ե՛ւ ազգային «ես»—ի ինքնագնահատման առումով։ Ուղղակի հարկավոր է սեփական ես—ի արժանապատվության գիտակցությամբ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ այդ բանակցությունների ժամանակ մենք պետք է ոչ թե ինչ— որ զիջումների գնանք, այլ պարզապես բացատրենք Ադրբեջանին, որ եթե իրենք ունեն ինքնորոշման իրավունք, ապա ինչո՞ւ պետք է ԼՂ—ի հայը չունենա»,–ասաց քաղաքագետը։ «Մենք հաղթահարել ենք պատմականորեն քաղաքական տեսքով եկած զոհի բարդույթը։ Մենք զոհ չենք եւ չենք էլ լինելու, անհրաժեշտ է նաեւ հանել «հաղթող—պարտվող» հասկացությունները, ուղղակի խնդիրները պետք է դիտարկել ազգերի ինքնորոշման գերակայության մեջ՝ միջազգային հումանիտար իրավունքի սահմաններում եւ ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն։ Աշխարհը փոփոխվել է, եւ, հետեւաբար, այդ փոփոխությունների մեջ Ադրբեջանի կառավարող դասը պետք է շահագրգռված լինի իշխանության իրականացման մշակույթը փոխել՝ այն ուղղել դեպի ժողովրդավարություն՝ երկխոսություններ, համագործակցություն, որ իրենց հայրենիքն էլ բարեկեցիկ լինի, կարողանա հանգիստ, խաղաղ, կայուն զարգացում ապրել, այլ ոչ թե առաջացնել վախ, սարսափ, արմենաֆոբիա։ Ադրբեջանը միայն նավթ արտահանելով չի կարող հաղթանակ տանել, քանի որ մի քանի տասնամյակ անց, երբ բնական ռեսուրսը այդպիսի անխնա օգտագործումից սպառվի, իրենց հասարակությունը՝ օտարված, հոգեւոր աղքատության մեջ, «հաղթողի» խեղված հոգեբանությամբ չի կարողանա պատասխանել ժամանակի մարտահրավերներին»,–նկատում է Մ. Մարգարյանը։ Բնական ռեսուրսների սպառումից հետո ադրբեջանական իշխող դասակարգը պետք է ժողովրդին սովորեցնի աշխատել, ինքնակառավարվել, արարել, ինչն, ըստ քաղաքագետի, լուրջ խնդիր կլինի Ադրբեջանի համար։
Համագործակցությունը տարածաշրջանում
Մ. Մարգարյանն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցերին։ «Մեր տարածաշրջանը համագործակցության լուրջ խնդիր ունի, քանի որ այն իր էթնիկական կառուցվածքով, արժեքային համակարգի բազմազանությամբ իրենից բավականին բարդ խճանկար է ներկայացնում»,–կարծում է նա։ Ե՛վ տարածաշրջանի զարգացումը, ե՛ւ նրա ինտեգրումը համամարդկային արժեքներին տեղի է ունենալու միայն մեկ պարագայում, եթե տարածաշրջանի երկրները գիտակցորեն գնան համագործակցության, որը նաեւ կհանգեցնի իշխանության իրականացման մշակույթի զարգացմանը, կկանխի մարգինալության դրսեւորումները, զանգվածների գիտակցության մասսայական խաղարկումները։ «Սա բարդ գործընթաց չէ։ Այն իրականանալի է։ Դրա ապացույց կարող է լինել հայ—վրացական դարավոր երկխոսությունը։ Այն կարծես թե ստացվում է, ճիշտ է՝ ներկայումս կան ինչ—որ թնջուկներ, բայց գնում ենք դրանց վերացման ուղիով։ Ադրբեջանի հետ դեռեւս անհնար է, քանի դեռ նրանք չեն դադարեցրել ուժի դիրքերից իշխանության իրականացման անցանկալի տրամաբանությունը»,–նկատում է Մ. Մարգարյանը։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման հարցում քաղաքագետը մի քանի դիտանկյուն է առանձնացնում։ Թուրքիան երկփեղկված պետություն է, մի դեպքում այն մոդեռնիզացված, դեպի Արեւմուտք ուղղված մեգապոլիս է, իսկ մյուս դեպքում ավանդապահ մուսուլմանական գյուղ է։ Այդ իսկ պատճառով դժվար է ասել՝ մոտ ապագայում Թուրքիան կգնա՞ համագործակցության, թե՞ ոչ։ Դա նաեւ կախված է գլոբալ դերակատարների աշխարհաքաղաքական դիրքորոշումներից եւ նրանց խնդիրներից, իսկ գործողությունների վերջը կարող է անկանխատեսելի լինել հենց Թուրքիայի համար։ «Պետք չէ Թուրքիան դիտարկել իբրեւ գերհզոր պետություն, քանի որ նա էլ լուրջ խնդիրներ ունի. քրդական խնդիրը, թուրք—սիրիական հարաբերությունները, որոնք սրման միտում ունեն։ Թուրքիան, պարզապես, քաղաքական կառավարման երկար տարիների փորձ ունեցող պետություն է»,–բացատրեց Մ. Մարգարյանը։ hhpress.am