
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը։ «Նորավանքի» գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական եւ մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական անվտանգության ձեռնարկ եւ բառարան՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ միջազգային փորձագետների ներգրավմամբ, հրապարակվել են մի շարք գրքեր եւ ամսագրեր։ Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանք է տարվել Հայաստան–սփյուռք առցանց համալսարանի ստեղծման ուղղությամբ, կազմակերպվել են գիտաժողովներ եւ քննարկումներ սփյուռքահայ առաջատար մասնագետների հետ։ Գագիկ Հարությունյանի խոսքով, համալսարանը պետք է ծառայի որպես հայ հանրության անվտանգության զարգացման հարցերի քննարկման հարթակ։ 2017–ին նախատեսվում է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ։
Վարչապետը, կարեւորելով «Նորավանք» ԳԿՀ–ի կողմից կատարվող աշխատանքները, միեւնույն ժամանակ ընդգծել է առկա գիտական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ «Նորավանքին» նոր շունչ պետք է տանք։ Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդյունք տալ»,–ասել է կառավարության ղեկավարը։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առաջարկել է հիմնադրամի ղեկավարությանը համագործակցել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, քննարկել եւ մշակել գործունեության նոր առաջնահերթությունները։
|