Գլխավոր էջ » 2013»Հուլիս»26 » Անհրաժեշտ են հանրային լսումներ /Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշումը կասեցվեց/
16:40
Անհրաժեշտ են հանրային լսումներ /Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշումը կասեցվեց/
Հուլիսի 20—ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը հասարակական լուրջ դիմադրության արժանացավ։ Օրեր շարունակ ակտիվիստները կանգառներում քարոզում էին վճարել միայն 100 դրամ եւ բողոքի ակցիաներ էին կազմակերպում։ Նրանց միացան նաեւ հանրությանը հայտնի դեմքեր՝ դերասաններ, երգիչներ, քաղաքացիներ, ովքեր սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում էին քաղաքացիներին տարբեր ուղղություններով։ Երեկ արդեն կառավարության նիստում ՀՀ վարչապետը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց, որ «Հայաստանում ձեւավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, եւ մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս եւ պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձեւավորման բոլոր խնդիրների նկատմամբ»։ Նա հորդորեց, որ նման որոշումներ կայացնելիս քաղաքապետարանն անպայման հանրային քննարկումներ ու լսումներ կազմակերպի, քանի որ սոցիալական խնդիրները հասարակության համար դեռեւս դժվար հաղթահարելի են։ Օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Երեւանի ավագանու խմբակցությունների, բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ՝ պարզաբանելու հասարակական տրանսպորտի ոլորտը զարգացնելու հեռանկարների եւ դրա հետ կապված ուղեվարձերի բարձրացման խնդիրները։ Այնուհետեւ հանդես եկավ ուղերձով։ Աշխատանքային օրվա ավարտին քաղաքապետը ստորագրեց երկու որոշում, որոնցով կասեցրեց ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երեւանի քաղաքապետի նախկին որոշումները (ավտոբուսների, միկրոավտոբուսների եւ տրոլեյբուսների մասով)՝ մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը։ Քաղաքացիական նախաձեռնության անդամները, ակտիվիստները ցնծությամբ են ընդունել այդ որոշման մասին լուրը։