Հայաստանում էներգիայի խնդիրների լուծման հիմնական ճանապարհը ավանդական էներգիայի աղբյուրները վերականգնվող էներգիայի աղբյուրներով փոխարինելն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հելիո տեխնիկա» լաբորատորիայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը։
Փանոսյանը վերականգնվող էներգիայի տեսակներից առանձնացրեց 3—ը՝ արեւային էներգիա, երկրաջերմային եւ ատոմային։ «Այս 3 անկախ էներգիաների աղբյուրներն ունենք եւ դրանք կարող ենք օգտագործել, որպեսզի եղանակային փոփոխություններն այդքան վատ չազդեն մեր երկրի տնտեսության եւ մեզ վրա։ Մեր ավանդական էներգիայի աղբյուրները, որոնք հիմնականում ընդերքից հանված վառելանյութերն են, սպառվելու են, բացի այդ դրանց արդյունահանումն ու կիրառումը շատ վտանգավոր է բնության համար։ Մեր բնությունը հիմա դրանից տուժում է, առաջացել է ջերմոցային էֆեկտ, ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետեւանքով սառույցները հալվում են»,–նշեց Փանոսյանը՝ հավելելով, որ այդ գործընթացները դեռ կշարունակվեն, քանի դեռ դրանք դադարեցվելու քայլեր չեն արվում։
|