Էշթոնն ու Ֆյուլեն համատեղ հայտարարություն են ընդունել
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ԵՄ հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ Հայաստան—Եվրամիություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների ավարտի առթիվ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հանձնակատարները նշել են, որ ուրախ են Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Նրանք խոսել են այդ զարգացումների կարեւորության մասին՝ անհամբերությամբ սպասելով Վիլնյուսում նոյեմբերի 29—ին ՀՀ—ԵՄ Ասոցացման համաձանագրի նախաստորագրմանը։
«2010 թվականին մեկնարկած այս բանակցությունների ավարտը էական ձեռքբերում է ԵՄ—ի եւ Հայաստանի համար։ Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ—ին ու Հայաստանին համատեղ առաջ գնալ համապարփակ արդիականացման եւ բարեփոխումների ծրագրով՝ հիմնված համատեղ արժեքների, քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրացման վրա։ Համաձայնագիրն ուղղակիորեն դրական ազդեցություն կունենա ամենօրյա կյանքի վրա եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կմոտեցնի Եվրամիությանը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում երկու կողմերի բանակցողներին՝ այս հիասքանչ արդյունքին հասնելու համար»,–ասված է հայտարարության մեջ։