Կո՞ղմ է հասարակությունը սահմանադրական բարեփոխումներին, թե՞ ոչ, պարզ կդառնա հանրաքվեի ժամանակ։
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախօրեի ամփոփիչ նիստում որոշել էր հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, եւ այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին։ Իսկ ՀՀ նախագահը այն արդեն ուղարկել է Ազգային ժողով։ Դրանով հանդերձ, շարունակվում են բարեփոխումների վերաբերյալ քննարկումները։
ՀՀԿ խմբակցության անդամ, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն առանձնացրել է նոր նախագծում իրավունքի ոլորտում եղած առաջընթացը. «Իրավունքի ոլորտում բավականին լուրջ տեղաշարժեր, ձեռքբերումներ կան նախագծում»։
Խ. Հարությունյանի խոսքով, այսօր շատերը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ անդրադառնում են բացառապես կառավարման համակարգին, բոլորին հիմնականում հետաքրքրում է կառավարման համակարգի փոփոխությունը։
«Օբյեկտիվ է, ֆունդամենտալ փոփոխություն է առաջարկում։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեռեւս տարիներ առաջ խորհրդարանական ընդդիմադիրներն անհրաժեշտություն էին համարում սահմանադրական բարեփոխումները, կառավարման համակարգի փոփոխությունը, որպեսզի կարողանան ազատվել ՀՀԿ—ից։ Այլ ճանապարհ նրանք չէին տեսնում։ Միակ ճանապարհը համարում էին խորհրդարանական համակարգին անցնելը»,–նշել է նա։
Իսկ այն մասին, որ այսօր ընդդիմությունը հիմնականում քննադատում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ոգեւորված չէ կառավարման համակարգի փոփոխությամբ, Խ. Հարությունյանն ասել է. «Եթե ազնիվ էին, իրականում մտահոգ էին հանրային կյանքում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմամբ, ապա հայեցակարգի մշակման ժամանակ պետք է իրենց առաջարկները ներկայացնեին կամ գոնե այս փուլում մասնակցեին քննարկումներին։ Եթե դա չեն անում, մնացածն ինձ համար ընդամենը զրույց է, քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի»։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 4—րդ գլխի 89 հոդվածի չորրորդ կետով նախատեսված դրույթը (եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ) պատգամավորի խոսքով, երկրի քաղաքական կայունության ապահովման կարեւորագույն հիմնաքարն է. «Երկրում խորհրդարանական կառավարման մոդելի անցման հնարավոր բացասական հետեւանքերը կանխելու համար մեզ պարզապես անհրաժեշտ է քվեարկության երկրորդ փուլը։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ Իտալիայի շռայլությունը. մեկ—երկու տարին մեկ ձեւավորել կառավարություն։ Մեր երկրին անհրաժեշտ է կայունություն, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններով ստեղծված է մի գործիք, որը նպատակ ունի ապահովել երկրի քաղաքական կայունությունը, ինչը մեր երկրի համար շատ կարեւոր է»։
Խ. Հարությունյանը կարեւորել է այն փաստը, որ այս նախագծում առաջին անգամ խոսվում է սոցիալական պետության մասին, տրված է սոցիալական պետության սահմանումը։
«Եթե սահմանադրական բարեփոխումների այս նախագիծն այս տեսքով դրվեր հանրաքվեի, կարծում եմ, նրանց համար, ովքեր հույս ունեն, որ այս Սահմանադրության ընդունմամբ երկրում բարենպաստ պայմաններ կհաստատվեն, իրավունքը գերակայություն կդառնա, պետական համակարգում ավելի արդյունավետ մեխանիզմներ կգործեն, արդարացված կլինի»,–ասել է Խ. Հարությունյանը։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ առանձնացնում է երկու հիմնական բաղադրիչ՝ գաղափարախոսական եւ տեխնիկական։ Նրա խոսքով՝ ներկայիս եւ նախորդ Սահմանադրություններում ուշադրություն չի դարձվել գաղափարախոսական բաղադրիչին։ Իսկ տեխնիկական բաղադրիչը՝ կառավարման ձեւի ընտրությունը, մարդու իրավունքների երաշխիքների ամրագրումը, դրական է, խելամիտ ու տրամաբանական. «Տեխնիկական հարթության մեջ սահմանադրական բարեփոխումների նախագիծը գործող Սահմանադրությունից ավելի առաջադեմ է»։
Նա ընդգծել է, որ Սահմանադրությունը պետք է կայուն լինի, քանի որ կոչված է ամրագրելու համամարդկային արժեքների անփոփոխելի բնույթը, իսկ մնացյալներն անընդհատ փոփոխվող են։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|