«Մարտի 1–ի» գործի շրջանակներում հարցաքննվել են շուրջ 100 նոր վկաներ
«Մարտի 1—ի» քրեական գործի շրջանակներում արդեն իսկ 100 նոր վկա հարցաքննվել է, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում համացանցում տեղադրված որոշ տեսանյութերի համար։ Այդ մասին երեկ «Մարտի 1»—ի գործով բաց դռների շրջանակներում կազմակերպված ասուլիսում հայտարարեց նույն գործով քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ առանձնապես հատուկ գործերով քննիչ Վահագն Հարությունյանը։ Նրա խոսքով, տեսանյութերի փորձաքննությունից բխող քննչական գործողություններ, այդ թվում հարցաքննություններ, իրականացվել են։ «Կարծում եմ, որ անհրաժեշտություն կլինի նաեւ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու, տրված են 20—ից ավելի հանձնարարականներ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու նպատակով»,–հայտարարեց քննչական խմբի ղեկավարը։ Չնայած կատարված գործին, այնուամենայնիվ, քննչական խումբը քրեական գործում առաջընթաց չի արձանագրել։ «Գործի քննությունը նույն ինտենսիվությամբ շարունակվում է, բացահայտումներ չունենք եւ հույս ունենք ու ամեն դեպքում ակնկալում ենք արդյունք, որին սպասում է նաեւ ամբողջ հասարակությունը»,–հավելեց Վահագն Հարությունյանը։ Գործի շրջանակներում հարցաքննված 100 նոր վկաների հարցաքննությունից որեւէ էական կամ առարկայական նյութ չի ստացվել ու առաջընթաց չի արձանագրվել։ Գործում տեղաշարժ արձանագրելու համար, ըստ Հարությունյանի, խանգարող հանգամանքներ շատ կան։ Մասնավորապես, չկան ապացույցներ կամ նկարագրություններ 10 անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ։ «Առաջին հերթին, նախաքննական մարմնի քննության ուղղությունը, իհարկե բոլոր ուղղություններով եւս քննություն իրականացվում է, տասը անձանց մահվան հանգամանքները բացահայտելն է»,–հավելեց առանձնապես հատուկ գործերով քննիչը։ Անդրադառնալով վերջին շրջանում համացանցում հայտնված տեսանյութերին, Հարությունյանն ասաց, որ դրանք եւս գործին «օգուտ չեն տվել»։ Ներկայացնելով youtube—ում տեղադրված տեսանյութերից մեկի, որտեղ անընդհատ կրակոցներ են եղել մարդկանց ուղղությամբ, փորձաքննության արդյունքները, քննիչն ասաց, որ տեսանյութում տեղ գտած «տեսապատկերները ենթակա չեն համակարգչային, ավտոմատացված եղանակով նույնականացման համար»։ «Մեր փորձագետների տրամադրության տակ եղած սարքավորումներով այսօրվա դրությամբ հնարավոր չի եղել նույնականացնել»,–հավելեց Վահագն Հարությունյանը՝ չբացառելով, որ այդ հարցով առաջիկայում դիմեն միջազգային փորձագետների օգնությանը։ Ի՞նչ է մնում անելու, որ քննչական խումբը քրեական գործում տեղաշարժ արձանագրի, հարցին պատասխանելով Հարությունյանն ասաց, որ առայժմ ապացուցողական բազա չկա, որի հիման վրա հնարավոր էր տեղաշարժ արձանագրել։ «Մենք այսօր կոնկրետ ապացուցողական բազա չունենք, որի հիման վրա կկարողանանք տալ իրավական գնահատական կոնկրետ անձի գործողությանը, որի հետեւանքով պատճառվել է մահ։ Ակնկալել արդյունք, որ սա արեցիր՝ մյուսը լինելու է, էդպես չի լինի։ Կա հաջորդական քննչական գործողությունների անհրաժեշտություն, որի արդյունքում մենք մեր ունեցածը կհաստատենք կամ կհերքենք։ Բայց այսօր մենք հստակ չունենք այն ապացույցների համադրությունը, որը թույլ կտա կոնկրետ գործողությունների գնահատական տալ»,–հավելեց նա։ Ինչպես ամեն հանդիպման ժամանակ, այս անգամ էլ, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք քննչական խումբը չի՞ պատրաստվում հարցաքննության կանչել նախկին նախագահներին, Վահագն Հարությունյանը պատասխանեց ինչպես միշտ. «Դեռ անհրաժեշտություն չկա»։ «Ես միշտ ասել եմ, որ նախաքննությունը հնարավոր չէ հաշվարկով անել, ես կարծում եմ՝ նախագահն ակնկալում է զեկույց ցանկացած պարագայում՝ կլինի՞ բացահայտում, թե՞ ոչ»,–ասաց Վահագն Հարությունյանն՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է կանխատեսել, որ մինչեւ աշուն գործում առկա կլինեն բացահայտումներ, քանի որ ԵԽ ԽՎ—ում հնչած հարցին, թե գուցե լավ չի աշխատում «Մարտի 1—ի» գործով նախաքննչական ծառայությունը, նախագահը պատասխանել է, որ բոլոր երկրներում էլ լինում են լավ կամ վատ քննիչներ եւ նշել, որ եթե չհաջողվի մինչեւ աշուն որեւէ փաստացի արդյունք գրանցել, փաստահավաք խումբը հանդես կգա միջանկյալ զեկույցով։ Նշենք, որ լրագրողների համար բաց դռների շրջանակներում, որը տեղի է ունենում ամսական 2 անգամ, քննչական խումբը ներկայացնում է իրականացրած