Հայաստանի
եւ ղարաբաղյան հակամարտության հարցերով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,
միջազգային ասպարեզում լուրջ դերակատար հանդիսացող Ֆրանսիայի միջեւ
հարաբերությունները բավականին խորն են, առկա է համագործակցություն կյանքի
տարբեր ոլորտներում։ Այդ հարաբերությունների առավել սերտացմանը եւ
Հայաստանին ու հայերին վերաբերող խնդիրների լուծմանը մեծապես նպաստում է
նաեւ Ֆրանսիայի կեսմիլիոնանոց հայ համայնքը։ Իսկ նոր նախագահ Ֆրանսուա
Օլանդի կառավարման շրջանում դրանք զարգանալու են դրական ուղղությամբ՝ էլ
ավելի են սերտանալու եւ խորանալու։ «Այստեղ Ֆրանսիայի դիրքրորոշումը շատ
ամուր եւ հստակ է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի
արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Հարաբերությունների խորացման մի
հզոր պայման էլ Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների հերքումը
քրեականացնելու մասին օրենքի ընդունումն է։ Դեսպանը, ներկայացնելով
ֆրանսիական կողմի դիրքորոշումը, հայտնեց, որ դատապարտման գործընթացը
շարունակվելու է։ Հաշվի է առնվելու Սահմանադրական դատարանի օրինագծի
վերաբերյալ վճիռը եւ դրա հիման վրա սկսվելու է նոր գործընթաց։ Գործընթացի
վերսկսումն իրեն սպասեցնել չտվեց. Ֆրանսուա Օլանդը արդեն ձեռնամուխ է եղել
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանի օրակարգ
բերելու գործին։ Ֆրանսիայի նախագահի նստավայրից հաստատել են նախագահ
Ֆրանսուա Օլանդի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող
խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանի հեռախոսազրույցի մասին լուրը։ Ըստ
«Ֆրանսպրես» գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը
վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական
պատասխանատվություն սահմանող օրենքի ընդունման առնչությամբ իր
հանձնառությունը։ «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահը տվել է
խոստումներ, նա կպահի իր խոստումները»,–վստահեցրել են նստավայրից։ Բայց
մինչ այդ հնչել էին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի
խոսքերը, թե իբր Սահմանադրական դատարանի մերժած օրինագիծն անհնար է, որ
նորից հայտնվի օրակարգում։ Բայց փաստն այն է, որ կհայտնվի։ Թուրքիան էլ
այժմ փորձում է ցույց չտալ հիսթերիայի նոպաներ՝ իրեն հուսադրելով, որ հարցը
կլուծվի իր օգտին։ Դա երեւում է Ֆրանսուա Օլանդի՝ Հայոց ցեղասպանության
ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ընդունման հարցում հետեւողական լինելու
մասին հայտարարությանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի արձագանքից։ Նրա
խոսքով, իրական հետեւանքները տարբեր են լինելու նրանից, ինչ տեսնում ենք
լուրերում։ Թուրքերը հույս ունեն նոր էջ բացել Ֆրանսիայի եւ Թուրքիայի,
ինչպես նաեւ Թուրքիայի եւ ԵՄ միջեւ հարաբերություններում, սակայն սա իրական
չէ, քանի որ ոչ ոք չի ցանկանա Թուրքիայի նման պետության դիրքերը առավել
ուժեղացնել։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|