Յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է եւ պատասխանատվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները։
Առողջապահության նախարարը հավելել է, որ դեղորայքի եւ բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաեւ դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները եւ հետագա քայլերը։ Որոշում է կայացվել մինչեւ մարտի 23—ը դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, եւ բուհերի գործունեությունը։ «Մարտի 18—19—ը մենք եւս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, եւ եթե լինի անհրաժեշտություն, ժամկետը կրկին կհետաձգենք։ Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել եւս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որեւէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել։ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Ամենժամյա ռեժիմով հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը։ Որեւէ որոշման վերանայման անհրաժեշտություն եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք։ Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,–նշել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցը յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է եւ պատասխանատվությունը։ Վարչապետը հորդորել է քաղաքացիներին հետեւել պաշտոնական տեղեկատվությանը եւ չվստահել սոցցանցերում շրջանառվող չստուգված եւ կեղծ լուրերին։
|