Հունիսի 29—ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ։ «Մեր երկրների միջեւ հարաբերությունները անկախության վերականգնումից ի վեր այսքան ակտիվ եւ օրինակելի չեն եղել»,–ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ ասաց Գրիգոլ Վաշաձեն։ Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հետեւելու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մշակել հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրեր, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի եւ միջազգային հարաբերությունների խնդիրների շուրջ։ Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին այս տարվա առաջին կեսին բարձրագույն եւ բարձր մակարդակով կայացած փոխայցելությունները՝ ընգծելով այդ դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը։ Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ—ների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման անհրաժեշտությանը, այս առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական խորհրդատվություններն անցկացնել սեպտեմբերին։ Հայկական կողմի առաջարկով համաձայնություն ձեռք բերվեց անցկացնել նաեւ հյուպատոսական հարցերով խորհրդատվություններ։ Բանակցությունների օրակարգում էին նաեւ վիրահայությանը հուզող խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն քննարկեցին իրավապայմայմանագրային դաշտի կատարալեգործման, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, սահմանային անցակետերում իրականացվող ընթացակարգերի պարզեցման, տրանսպորտային փոխադրումների հեշտացման, էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր, հայ—վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներ։ Նախարար Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, մասնավորապես՝ Կազանում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Օրվա երկրորդ կեսին Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ—վրացական հարաբերությունների ներկայիս ընթացքը, Վրաստանի իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները եւ զարգացումները։ Նույն օրը, ավարտելով այցելությունը Թբիլիսի, նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան։