Կառավարությունը հաստատեց համապատասխան կարգը Այսուհետ հարկային մարմինը կարող է առանց զգուշացնելու անհանգստացնել հարկատուին։ Պաշտոնական ձեւակերպմամբ՝ կարող է օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնել։ Գործադիրը երեկվա նիստում հաստատեց աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստն արձանագրելու կարգը։ Ի դեպ, հստակեցվում է, որ չձեւակերպելը ենթադրում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայություն։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, նշված կարգն ապահովում է աշխատողի աշխատանքի ընդունումը չձեւակերպելու փաստն արձանագրելու կարգի հետ կապված հարաբերությունները։ Այդ փաստն արձանագրվում է հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ հարկային մարմնի կամ աշխատանքի պետական տեսչության կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների շրջանակներում։ Կառավարության որոշմամբ, չձեւակերպելու դեպք է համարվում նաեւ այն դեպքը, եթե հիմնավորվում է տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը՝ առանց այդ պահին աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի առկայության։ Այսպիսով, հարկային մարմինը գործատուից պահանջում է փաստացի աշխատանք կատարող, նաեւ ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության եւ առկայության դեպքում՝ նաեւ գործատուի հաստատած հաստիքացուցակը։ Այնուհետ հարկայինը կազմում է ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, նաեւ ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր։ Բացառությունները վերաբերում են՝ 1. գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողներին կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց, եթե գործատուի մոտ առկա է վերոնշյալ փաստը հիմնավորող ապացույց, այն է՝ գործատուի եւ ուսումնական հաստատության միջեւ գրավոր պայմանագիր, ուսումնական հաստատության կողմից գործատուի մոտ գործուղված պրակտիկա անցնող ուսանողների կամ վերապատրաստում անցնող անձանց ցանկ։ 2. Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր, գրավոր համաձայնություն)։ Այս իրավական ակտի կիրառման դեպքում պետական եկամուտների կոմիտեն ակնկալում է ստեղծել համապատասխան իրավական հիմք՝ աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձեւակերպելու դեպքերը ստուգում իրականացնող անձանց կողմից արձանագրելու համար։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|