ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին։ Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը։ Զրուցակիցները խոսել են Հայաստան—Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է։ Ընդգծելով երկու երկրների միջեւ առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարեւորվել է հայ—շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ։