Հայաստանի առջեւ ներկայումս ԵՄ—ին միանալու խնդիր դրված չէ
Տեսանելի ապագայում Հայաստանի՝ ԵՄ—ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ նախատեսված չեն։ Այս մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության գործադիր կոմիտեի անդամ, նախկին խոսնակ Սամվել Նիկոյանը։ «Այս փուլում Հայաստանի բարձրագույն ղեկավարության առաջ ծառացած է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խնդիրը եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացումը։ Բնականաբար, չի կարելի հետագա որեւէ զարգացում բացառել»,–ընդգծել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ Հայաստան—Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը որեւէ կերպ չի ազդելու Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական շահերի վրա, համենայն դեպս՝ Հայաստանի մասով։ «Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունն այն մակարդակում է, որը չի ենթադրում «կամ, կամ» սկզբունքը, այսինքն՝ հայ—ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը անփոխարինելի է»,–եզրափակել է Նիկոյանը։