ԱԺ բոլոր խմբակցություններն աջակցություն են հայտնել կառավարության՝ արտակարգ դրության նախաձեռնությանը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում եւ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով եւ այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի՝ 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով։
Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16—ից, ժամը 18։30—ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14—ը, ժամը 17։00 ներառյալ՝ հայտարարել արտակարգ դրություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, ՀՀ ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները։ Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովեն վարչապետի աշխատակազմը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Որոշմամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը։ Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը։ Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային եւ ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման։
Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել կորոնավիրուսով պայմանավորված առկա իրավիճակը։ «Մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորվել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում»,–ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղեւորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի. «Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիներին կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրերը»։
Այնուհետեւ վարչապետն անդրադարձել է հանրապետության ֆինանսական համակարգին եւ նշել. «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն եւ բնականոն ընթացքը կազմակերպելու համար։ Միեւնույն ժամանակ, կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որեւէ խնդիր չկա, վիճակն ամբողջությամբ վերահսկվում է եւ կայուն է։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ ԿԲ դիմել է առեւտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետեւանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին։ «Կենտրոնական բանկը դիմել է բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի եւ անհատական մոտեցմամբ նաեւ աջակցություն ցուցաբերվի վարկերի վերակառուցման, որոշ դեպքերում նաեւ տոկոսների վերակառուցման համար»,–ասել է վարչապետը՝ հավելելով, որ խորհրդակցության ընթացքում ԿԲ նախագահը հայտնել է, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերն առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսավարողներին։
Ի պատասխան Արթուր Ջավադյանը նշել է. «Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առեւտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաեւ իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները։ Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առեւտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա, այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի։ «Նախորդ տարի Հայաստանի կենտրոնական բանկը շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել»,–ասել է վարչապետը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը՝ բարձր։
Գործադիրի ղեկավարը նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի անհրաժեշտություն, կառավարությունը եւ ԿԲ—ն կցուցաբերեն համապատասխան աջակցություն բանկերին եւ ընդհանրապես տնտեսությանը՝ իրացվելիության բարձր մակարդակ ապահովելու համար։ «Իհարկե, մենք հիմա նաեւ քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ հստակ արձանագրել՝ մենք մեր խնդիրը չենք ձեւակերպել այնպես, որ պետք է տնտեսական դժվարությունները հաղթահարենք։ Մենք մեր խնդիրն այլ կերպ ենք ձեւակերպել, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից։ Մասնավորապես՝ մեր հաշվարկներով համաշխարհային տնտեսական պրոցեսների հետեւանքով համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 2 տրիլիոն դոլարի անկում է ակնկալվում։ Սա մի կողմից, իհարկե, վատ է, բայց նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրիլիոնի ազատված դաշտ է գոյանալու, եւ մեր ամբողջ քաղաքականությունը պետք է ուղղված լինի մեր՝ արդեն իսկ երկու տարի առաջ որդեգրած տնտեսական քաղաքականությանը, որի համաձայն՝ տնտեսական ազատվող դաշտում Հայաստանի տնտեսությունը, բիզնեսը պետք է մեծացնի իր ներկայությունը։ Եվ ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլեւ հնարավորություններ, եւ մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետեւյալը՝ այս դժվարությունները մեզ համար բացում են նոր հնարավորություններ, եւ մենք պետք է կենտրոնանանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
|