ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Հողն էլ ձայն ունի /Այսքան մոտ ու այսքան հեռու.../
15:56
Հողն էլ ձայն ունի /Այսքան մոտ ու այսքան հեռու.../

Հողը ձայն ունի՞։ Ունի՛։ Ես դա լսում եմ մեր ճանապարհորդության ամբողջ ընթացքում։ Աչքերս հոգնած են, սակայն չեն փակվում, ինձ էլ թույլ չեն տալիս մի պահ կտրվել իրականությունից։ Մենք սուրում ենք պատմության ու ներկայի միջանցքով, որտեղ ականջ ունեցողին լսելի է օտարված ու հարազատ հողի ձայնը։ Ես լսում եմ այն... 
Ահա եւ Վանա լճի ջրերը։ Բայց սա լճի ամենահետաքրքիր հատվածը չէ, դրան հասնելու համար դեռեւս երկար պետք է գնանք։ Դեռ պետք է մտնենք Վան քաղաք, այցելենք «Մհերի դուռ», Վանի բերդից դիտենք ծովն ու քաղաքը, ապա...
Միայն նկարներով եւ տեսաֆիլմերով «Մհերի դուռը» տեսած մարդու համար սրբազան քարաժայռը սեփական աչքերով տեսնելն ուրիշ իմաստ ունի... Ժայռը նաեւ «Ագռավու քար» է կոչվում։ Չգիտեմ, Վան քաղաքի այսօրվա բնակիչներն ի՞նչ անունով են կոչում այն, բայց դա մեզ համար կարեւոր չէ։ Անվանողն էլ, քարաժայռին սրբազանություն վերագրողն էլ երեկվա վանեցին է՝ այս հողին ու ջրին երբեւէ շունչ ու հոգի հաղորդած, այն ինքնատիպ մշակութային տարածք դարձրած հայը, որն այսօր օտարված է այդ ամենից։ Եվ «Մհերի դուռ» այցելող յուրաքանչյուր հայ մարդ եղածը դիտարկում է իր հոգու պրիզմայով։
Ըստ ավանդության, այստեղ փակված է աշխարհի անարդարությունից խռոված Փոքր Մհերը՝ «Սասնա ծռեր» էպոսի վերջին հերոսը։ Ավանդազրույցի համաձայն, ամեն տարի Համբարձման եւ Վարդավառի գիշերները Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս քարաժայռից՝ տեսնելու աշխարհն ազատվե՞լ է անարդարությունից։ Եվ երբ համոզվում է, որ դեռեւս «Գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», կրկին մտնում է քարաժայռ։ Մհերը դուրս է գալու, երբ արդարություն կլինի աշխարհում։ Այդ ժամանակ նա ազատելու է «Հայու աշխարհը» չար ուժերից եւ հիմնելու է երջանիկ թագավորություն։ Սա Միհր աստծո երկրորդ գալով աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարն է, որ բիրտ ուժից տուժած մեր նախնիները Մհերի կերպարանքով «ի պահ են տվել» սրբազան քարաժայռին։
Վանում այլեւս հայկական հետք դժվար է գտնել։ Հայտնի Այգեստան թաղամասում անգամ, որտեղ ժամանակին եռացել է քաղաքի կյանքը, այսօր ոչինչ չես գտնի։ Այնտեղ լայնահուն փողոց է կառուցված, որով մենք գնում ենք դեպի Վանի բերդ։ Բերդն էլ... Կատարված վերակառուցումները, ինչ—որ տեղ նաեւ արհեստական, բերդին առավել տպավորիչ տեսք հաղորդելու գերձգտումով հավելակառուցումները փոխել են ուրարտական ծագումով պատմական կառույցի կոլորիտը։ Թվում է՝ բերդը կառուցվել է մեր օրերում եւ նպատակը երկրի հզորությունը ցուցադրելն է։ Վանի քաղաքապետարանը որոշել է բերդի բլրի ստորոտում վերականգնել քաղաքի երբեմնի արհեստավորական եւ առեւտրային թաղամասը՝ այստեղ կառուցելով դրան համապատասխանող շինություններ։ Աշխատանքները սկսվել են։
Աղթամար կղզի գնալու համար հասնում ենք Ոստան գյուղի (չգիտեմ, այժմ այդ գյուղն ինչ անուն ունի) հարեւանությամբ գտնվող ափ։ Սա կղզուն ամենամոտ ընկած ափահատվածն է։ Այստեղից կղզի երեք կիլոմետր է։ Կարող ենք ենթադրել, որ լեգենդի հերոս տղան ամեն գիշեր այստեղից է ծով մտել կղզում բնակվող իր սիրած աղջկան՝ Թամարին թաքուն հանդիպելու համար։
Արեւաշող տաք օրն առավել է բարձրացրել մեր տրամադրությունը, քանի որ նախորդ օրերն աչքի չէին ընկել լավ եղանակով։ Կղզու այցելուներին տեղափոխող նավերը պարապությունից «ձանձրանալու» պատճառ չունեն. աշխատում են լրիվ ծանրաբեռնվածությամբ։ Ահա եւ մեր «Գանձերի կղզում» ենք։ Սուրբ խաչ եկեղեցին իր դարավոր հանդարտությամբ ու համբերությամբ է ընդունում բոլորին։ Եկեղեցին շրջանցող, այլ հետաքրքրություններ փնտրող չկա։ Բոլորն անխտիր մտնում են ներս, ուշադրությամբ զննում սուրբ կառույցի բոլոր անկյունները։ Իսկ տեսնելու շատ բան կա։ Գուցե մտքերում աղոթողնե՞ր էլ կան... Անծանոթ մի երիտասարդ ներս մտնելուց խաչակնքվում է։ Նորապսակ մի զույգ նկարվում է եկեղեցում։ Երեւում է, որ քրիստոնյա են, բայց խոսում են թուրքերեն։ Կղզում հայերեն խոսք չենք լսում։ Հայերեն խոսող չկա։ Միայն մենք ենք։ Բայց կենսուրախ մեր Նարեի պատեհ—անպատեհ բարձր ծիծաղը լրացնում է մեր թվային պակասը։ «Նարե, ծիծաղդ հասնում է նույնիսկ Վանա տառեխներին»,—փորձում եմ կատակով ու նրբանկատորեն հորդորել, որ մի քիչ ցածրաձայն արտահայտվի։ Բայց Նարեն լսողը չէ. «Թող հասնի»։ Նարեն արտահայտվում է տիրոջ իրավունքով, եւ նրան, նաեւ մյուսներիս, բարձրախոսության համար կշտամբելը արդարացված չէ։ Կարոտի հագեցման խելահեղ պրոցես ենք ապրում։ Թող բա՛րձր ծիծաղի Նարեն։
Սուրբ խաչի նորոգումից անցել է երկու տարի։ Գոհացնող է կատարվածը, երբ այն դիտարկում ենք հարյուր տարվա անտարբերության համապատկերի վրա։ Սակայն եկեղեցու գլխավոր մուտքը՝ հարավային ճակատի դուռը փակ է, քանի որ հարավային կողմում ավերված փոքրիկ շինությունները դեռեւս վերականգնված չեն, եւ այնտեղից մտնելը հարմար չէ։ Վերականգնման աշխատանքները կարծես թե ավարտված չեն։
Սուրբ խաչում միայն տարվա մեջ մեկ անգամ է թույլատրված հոգեւոր արարողություն կատարել՝ սեպտեմբերի 21—ին։ Այդ պատճառով մնացած օրերին նույնիսկ մոմավառությունն է անցանկալի դիտվում։ Այստեղ մոմ ձեռք բերելն էլ հեշտ չէ։ Փորձում ենք պահապան ոստիկանի միջոցով լուծել հարցը, չի ստացվում։ Նարեն Հայաստանից հետը մոմ է բերել եւ Արսենի օգնությամբ ուզում է վառել եկեղեցու հետնամասում տեղադրված մոմավառի սեղանի վրա, սակայն չի ստացվում, քամին թույլ չի տալիս։ Նրանց վերջապես հաջողվում է մի կերպ այրել (ոչ թե վառել) մոմերը՝ քամուց պաշտպանող տարբեր միջոցներ օգտագործելով։ Այդ ջանադիր աշխատանքն աննկատ չի մնում TRT հեռուստատեսության՝ մեզ հետ կղզի եկած օպերատորի աչքից։ Նկարում է։ Թե ինչ նպատակով՝ մեզ պարզ չէ։ 
…Վերադառնալուց առաջ մնում է լողանալ Վանա լճում եւ համտեսել Վանա տառեխը։ Ինչը եւ անում ենք։ Ով չի լողանում, ոտքերն ու երեսն է լվանում։ Դա պարտականության նման մի բան է։ Ով ջուրն է մտնում, այլեւս չի ուզում դուրս գալ։ Ջուրը տաք է, առինքնող։ Իսկ տառեխը համտեսում ենք ափի բացօթյա սրճարանում։ Այստեղ սովորել են Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների մշտական ներկայությանը եւ մեզ սպասարկում են ամենայն պատրաստակամությամբ։
Իգդիր վերադարձին նկատում ենք Երեւանի՝ երկինքն այրող լույսերը... 

Կարսի Առաքելոց եկեղեցու գմբեթին մահիկ է տեղադրված

Վերադարձ։ Կրկին առաջ ենք գնում, որ հետ գանք։ Իգդիր—Կարս ճանապարհն այս անգամ անցնում ենք օրը ցերեկով եւ հնարավորություն ունենք տեսնելու այն, ինչը մթի պատճառով չենք տեսել Իգդիր գնալիս։ Համարյա սահմանին զուգահեռ ենք գնում։ Աջ թեւում մեզ հաճախ շատ մոտեցող Ախուրյան գետն է։ Ահա Բագարանը, որ թվում է ձեռքդ երկարես, կքսվես փարթամ այգիների ծառերի տերեւներին։ Բագարանից մեզ բաժանողը հարյուր մետրանոց մի շերտ է։ Քիչ այն կողմ, ձախ թեւում պատմական Կողբ գյուղն է։ Գյուղից մի փոքր հեռու ենք, սակայն նրա տեղը «մատնում» է սլացիկ Բարդող լեռը, որը նաեւ անվանում են Կողբա սար։ Գյուղը գտնվում է լեռան ստորոտին։
...Ի տարբերություն մեր այցելած մյուս քաղաքների, Կարսն այսօր անցյալից մեզ ցույց տալու բաներ շատ ունի, քանի որ ընդամենը ինը տասնամյակ առաջ է օտարվել Հայաստանից, եւ բարեբախտաբար պահպանված են զգալի արժեքներ։ Այսօր էլ քաղաքում քիչ չեն 19—րդ դարի, ինչպես ընդունված է ասել, Գյումրվա ոճով (հարց է՝ ո՞րն է եղել նախաօրինակը) շինությունները։ Կան բնակելի, հասարակական եւ պետական կարիքների համար օգտագործվող կառույցներ։ Առանձին տներ նորոգման պատրվակով ներկվել են, սակայն չեն կորցրել իրենց ոճը եւ նախնական տեսքը։ Քիչ չեն որպես զորանոց օգտագործվող շենքերը։
Կարս մտնողի մտքի խորքում միշտ արթուն է Չարենցի տունը տեսնելու ցանկությունը։ Որքան էլ այս կառույցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են եղել, որքան էլ կասկածի է ենթարկվել նպատակակետ ընտրված տան ծագումը, այդուհանդերձ, հարցը կարծես թե հստականում է։ Չարենցի տուն համարվող միահարկ այս կառույցը հայրական տուն է ճանաչել նաեւ բանաստեղծի դուստրը՝ Արփենիկ Չարենցը։ Մի բան էլ կա, որը, կարծում ենք, երկրորդական չէ. եթե շինությունը մեր փնտրածը չէ, ապա ի՞նչ պատճառով է այն տարիներ շարունակ մնում անմխիթար վիճակում եւ չի քանդվում, տեղում ուրիշ շենք չի կառուցվում։ Այսօրվա դրությամբ լքյալ տան մի մասը զրկված է տանիքից, եւ անձրեւաջրերը թափվում են ներս՝ լճանալով տան հատակին։ Հայաստանի կառավարությունը փորձել էր ձեռք բերել տունը եւ դարձնել Չարենցի տուն—թանգարան, սակայն չէր ստացվել։ Խոսակցություն կա, որ շինությունը ցանկանում է ձեռք բերել թուրքական ինչ—որ հիմնադրամ եւ դարձնել թանգարան։ Լավ կլինի, որ ստացվի, հակառակ դեպքում քանդվելու է, քանի որ ֆիզիկական ներկա վիճակով տունը ոչ ոքի չի կարող հետաքրքրել, միայն ավելորդություն է քաղաքի համար։
Երեկվա Կարսի այսօր մնացող եւ օգտագործվող կառույցներից է Վարդանի քարե կամուրջը (այդպիսի երեք կամուրջ կա քաղաքում)։ Կամուրջն այդ անունն է ստացել Վարդան անունով մի երիտասարդի՝ կամրջից ընկնելու պատմության հետ կապված։ Կարս գետի վրա գտնվող քարաշեն, եռակամար, թեւային բազրիքապատերի քարերը երկաթե գամերով ագուցված կամուրջը, որ արհեստների քաղաքի կամրջաշինական բարձր մշակույթի լավագույն նմուշներից է, հինգ հարյուր տարեկան է եւ ասօր էլ ծառայում է քաղաքին։ 
Այսօր Կարսում ամենաարտառոցը Առաքելոց եկեղեցին մզկիթի վերածելու իրողությունն է։ Աբաս Բագրատունու թագավորության օրոք (928—953 թթ.) կառուցված կենտրոնագմբեթ եկեղեցին պղծված է։ Խաչի տեղը գմբեթին տեղադրված է մահմեդական դավանանքի խորհրդանիշ մահիկը, իսկ ներսում ձեւավորված է մզկիթին բնորոշ միջավայր։ Ճիշտ է, ներքին հարդարանքը չի վնասվել, սակայն դրանից բան չի փոխվում։ Կարսի բերդից իջնելիս մեզ մի պահ թվում էր, թե քաղաքային իշխանությունը բարի կամքի դրսեւորմամբ բարեկարգել է եկեղեցուն հարող տարածքի մի մասը եւ շարունակում է բարեկարգել մյուս մասը։ Սակայն մեծ հիասթափություն ապրեցինք, երբ տեսանք այլափոխությունը։ Առաքելոցի՝ մզկիթի վերածվելու արդյունքում այստեղ ձեւավորվել է մահմեդական հավատքի «կենտրոն»։ Երկու մզկիթ են բարձրացել հարեւանությամբ (մեկը տակավին նորակառույց է), Առաքելոցը երրորդն է։
Տասներորդ դարի ծնունդ, Հայաստանի 10—րդ մայրաքաղաք Կարսը ձեւավորված է եղել Կարսի միջնաբերդի շուրջ։ Բերդը կոչվել է նաեւ «Կարուց բերդ», «Ամուրն կարուց», «Ամրոցն կարուց» տարբերակներով։ Մինչեւ 1887 թվականը քաղաքն ամփոփվել է բերդի եւ շրջակա բլրալանջի տարածքներում։ Միայն դրանից հետո է քաղաքը տարածվել միջնաբերդից հարավ ընկած հարթության վրա, որտեղ կառուցվել են նոր թաղամասեր։ Կարսի նախորդ քաղաքապետը որոշել էր վերականգնել հին քաղաքի՝ բերդի եւ գետի միջեւ ընկած հատվածը, սակայն հաջորդ քաղաքապետը առ ոչինչ է արել այդ որոշումը։ Քաղաքի հարավ—արեւմտյան բարձրադիր բլրի վրա, բերդից քիչ հեռու շրջված—ընկած է հայ—թուրքական բարեկամության սպանված արձանի պատվանդանը...
Կարսի բերդը, լինելով ամուր եւ անառիկ, մեծ դեր է խաղացել ռազմական առումով։ Կարսի բերդը կարող էր նաեւ վճռական դեր խաղալ 1920 թվականի թուրքերի հարձակման ժամանակ, սակայն անկազմակերպ, բոլշեւիկյան բացիլով վարակված հայկական ուժերը չկարողացան օգտվել բերդի անառիկությունից եւ ռազմամթերքով ու պարենով ապահովվածությունից եւ դիմադրություն կազմակերպել։ Մինչդեռ նրանց աչքի առաջ էր Վանի հերոսամարտի ընդամենը հինգ տարվա վաղեմության փորձը... hhpress.am

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Երեւան—Վան—Երեւան

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 545 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024