Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երեւանում։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակման առթիվ եւ շնորհակալություն հայտնել Յաիր Աուրոնին՝ կատարած անգնահատելի աշխատանքի ու վաստակի համար։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հրեա մտավորականներից շատերը մշտապես կանգնած են եղել հայ ժողովրդի կողքին, կարեկից եղել հայերի ցավին եւ ողբերգությանը, հետաքրքրվել մեր ժողովրդի խնդիրներով։ Սերժ Սարգսյանը նշել է, որ անհնար է թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, եւ ում հետ նույն շարքում իր չափազանց կարեւոր աշխատանքով կանգնած է իսրայելցի ժամանակակից պատմաբան Յաիր Աուրոնը։ Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի եւ Հայաստան այցի այս մի քանի օրերին հայ ժողովրդի կողմից իր նկատմամբ ցուցաբերվող սիրո եւ գնահատանքի համար։ Նա նշել է, որ այդ ամենն իրեն ուժ է տալիս իր հետագա պայքարում։ Իսրայելցի պատմաբանն ընդգծել է, թե կիսում է հայ ժողովրդի կրկնակի ցավը. առաջինը՝ ցեղասպանության ենթարկվելու, երկրորդը՝ այդ ահավոր ոճրագործության նկատմամբ ուրացման քաղաքականության համար, որի դեմ ինքը եւ առաջադեմ մտավորականության մի շարք ներկայացուցիչներ պայքարում են։ Յաիր Աուրոնի համոզմամբ, հրեաներն առաջինը պետք է ճանաչեին Հայոց ցեղասպանությունը։ Նա նշել է, թե իր երկրի քաղաքացիական հասարակության մեջ այս հարցում վերջին տարիներին զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել, եւ հույս է հայտնել, որ դա կանդրադառնա նաեւ իրականացվող քաղաքականության վրա։
*** Պատմաբան Յաիր Աուրոնն իր գրքում փաստարկված անդրադարձել է 20—րդ դարասկզբին Օսմանյան կայսրության երկու ազգային փոքրամասնությունների՝ հրեաների եւ հայերի այն ժամանակվա իրավիճակին, քաղաքական ուժերին, բարոյականությանն ու պրագմատիզմի բարդ հավասարակշռությանը, վերլուծել պաղեստինյան հրեական համայնքի եւ սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|