Ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման արտոնություն ստացած ընկերությունները Ճգնաժամային 2008-ը ստիպեց վերանայել մեր երկրի տնտեսական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբՙ առավել կարեւորելով իրական հատվածի զարգացումը: Կառավարության կողմից արդյունաբերության զարգացման ուղղությամբ խրախուսիչ քայլերից էր 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ընկերությունների համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը 3 տարի ժամկետով երկարաձգելու որոշումը: 2009-2011-ին, արտադրություն ստեղծելու կամ ընդլայնելու ծրագրեր ունեցող 15 ընկերություններ օգտվել են այդ արտոնությունից: Ի՞նչ արդյունքներ են արձանագրել նրանք: Մեր այս հարցի առնչությամբ էկոնոմիկայի նախարարությունից ստացանք հետեւյալ տեղեկատվությունը: 2009-ին ԱԱՀ վճարման արտոնություն ստացած ընկերություններից «Նատֆուդ» ընկերությունը մսամթերքի արտադրության նոր գործարան պետք է կառուցեր Երեւանի Նոր Նորք շրջանում: Ներկայումս կառուցվել են բետոնե եւ արդյունաբերական հատակները, տեղադրվել տաքացման, սառեցման եւ օդորակման համակարգերը, մոնտաժվել էլեկտրասնուցման համակարգը: Գործարանի շահագործումը նախատեսված է հունիսի վերջին: Սյունիքի մարզի Շամբ գյուղում «Շամբ բիզնես» ընկերությունը եւս արդեն կառուցել է գյուղմթերքների վերամշակման նոր գործարան: Սննդարդյունաբերական մեկ այլՙ «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունը կառուցում է գյուղմթերքների վերամշակման արտադրամաս, որի մեկնարկը նախատեսված էր 2010-ի վերջին: Սակայն աշխատանքները հետաձգվել են ապրանքների մատակարար ընկերության պատճառով, եւ ծրագրի մեկնարկը տեղի կունենա 2011-ի վերջին: «Յուքոմ» ընկերությունը ներդրել է WiMax, ինչպես նաեւ «Էրիկսոն» ընկերության հետ համատեղ` GPON տեխնոլոգիան, ինչը հնարավորություն է տալիս մեկ լարի միջոցով մատուցել 3 ծառայությունՙ IP հեռուստատեսություն, ինտերնետ եւ ֆիքսված հեռախոսակապ: Նախատեսված 700 մուտքերի փոխարեն ապահովվել է ինտերնետ հասանելիություն 5700 մուտքերում, իսկ աշխատատեղերի քանակը նախատեսված 120-ի փոխարեն հասել է 238-ի: 2009-ին ԱԱՀ վճարման արտոնություն ստացած «Իստեյտ մենեջմենտ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ընկերությունն իրականացնում է «Տաթեւի վանքային համալիրի վերականգնման» ծրագիրը, ներառյալ ճոպանուղու կառուցումը: Ճոպանուղին բացվեց անցյալ տարի, իսկ այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: «Բիգա» ընկերությունը, համագործակցելով հոլանդական Christians Group ընկերության հետ, կառուցել է շամպինիոն սնկի արտադրամաս` կատարելով մոտ 1 մլն եվրոյի ներդրումներ: 2010-ին է ԱԱՀ վճարման հետաձգման արտոնություն ստացել նաեւ «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերությունը: Վերջինս նախատեսում է Արագածոտնի մարզի 180 հա տարածքում իրականացնել խաղողի աճեցման, գինու եւ կոնյակի արտադրություն: Ներկայումս ձեռք են բերվել գյուղտեխնիկա եւ մարդատար մեքենաներ, տնկվել են մոտ 90 հզ. խաղողի վազ եւ մոտ 7,5 հզ. պտղատու ծառ, ավարտվել է գործարանի շինության մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը: Ծրագրի մեկնարկի նախնական ժամկետ է սահմանվել 2012-ի սկիզբը: Ապակե տարաների արտադրության «Սարանիստ» ընկերությունը կառուցել է նոր արտադրամաս, որի շնորհիվ արտադրական հզորություններն ավելացվել են մոտ 50 տոկոսով: «Սպայկա» ընկերության ներդրումային ծրագրով Հայաստանից թարմ մրգերի արտահանման նպատակով կառուցվել է նախնական սառեցման եւ փաթեթավորման սարքավորումներով հագեցած արտադրամաս: Ընկերության մեկ այլ ծրագրով նախատեսվում է մոտ 24 հա ջերմոցային համալիրի կառուցում, վերամշակող արտադրամասի ստեղծում եւ լոգիստիկ համակարգի ապահովում: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2013-ին: «Կարոլինա» («Արարատ սննդի կոմբինատ») ընկերությունը Երեւանում հիմնել է բնական հյութերի արտադրության ժամանակակից գործարան, ստեղծելով մոտ 60 աշխատատեղ: Գործարանը բացվել է այս տարվա ապրիլին: «Ջերմուկ ինթերնեյշնլը» Երեւանում հունիսին բացել է զովացուցիչ ըմպելիքների գործարան: Դեղարտադրող «Լիկվոր» ընկերությունը կառուցում է նոր մասնաշենք, որը նախատեսվում է բացել 2011-ի երկրորդ կիսամյակում: «Ապառաժ Մայնինգ» ընկերության ներդրումային ծրագրով էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության շենքի կառուցման աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են: «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» Նուբարաշենի շրջանում գտնվող նախկին ֆաբրիկայի տարածքում սկսել է թռչնամսի արտադրամասի կառուցումը: «Ամստեր Ֆլաուերս» ընկերությունը նախատեսում է մինչեւ 2011-ի ավարտը, հոլանդական «Ամերլաատ քոնսթրաքշն» ընկերության հետ համագործակցելով, ջերմոցային համալիր կառուցել: Համաձայն էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների, կառավարության կողմից ԱԱՀ վճարման արտոնություն ստացած 15 ընկերությունների 16 ներդրումային ծրագրերից սպասվող ներդրումները կազմում են մոտ 59 մլրդ դրամ, ինչի շնորհիվ պետք է ստեղծվեն 1686 նոր աշխատատեղեր: Ներկայումս արդեն ստեղծվել է 954 աշխատատեղ:
|