ՀՀ նախագահը ուսանողներին հանձնեց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի հավաստագրերը ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013—2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին։ Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը։ Մասնակցել են նաեւ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ եւ շրջանավարտներ։ Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգեւորիչ հաջողությունները։ Հանրապետության նախագահը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ եւ հետագա ծրագրերի իրականացման գործում։ «Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն երիտասարդներին, ովքեր այս տարի ընդունվել են բուհեր եւ դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ։ Տարեցտարի ավելանում է հայ երիտասարդների ներկայությունը աշխարհի լավագույն բուհերում։ Եվ այսօր այդ ներկայությունը բավականաչափ սոլիդ է։ Ես ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական։ Ինձ համար չափազանց կարեւոր է տեսնել ձեզ, անձամբ ծանոթանալ եւ զրուցել։ Աշխարհի լավագույն բուհերում սովորելը, իմ կարծիքով, ե՛ւ իրավունք է, ե՛ւ հնարավորություններ։ Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն ձեր մերձավորները, ձեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը, որտեղ դուք ապրում եք, պետությունը, իշխանությունները եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեզ օժանդակել։ Եվ այս պարագայում, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծում է «Լույս» հիմնադրամը։ Մենք հավատում ենք ձեզ։ Հավատում ենք, որ դուք, ուսանելով լավագույն բուհերում, նոր գիտելիքներ եք ձեռք բերելու։ Հավատում ենք, որ դառնալու եք լավ մասնագետներ, լավ մարդիկ, լավ հայեր, լավ քաղաքացիներ։ Ինչպես գիտեք, հայերը մշտապես ձգտում էին գնալ աշխարհի գիտական եւ կրթական կենտրոններ, բայց վստահ եմ, որ նաեւ գիտեք, որ այդ գործընթացը միանշանակորեն չի գնահատվել, եւ այսօր էլ, թերեւս, կան նման մոտեցումներ։ Օրինակ, մեր մեծ մտածողներից Ռափայել Պատկանյանը մտահոգություն էր հայտնում, որ դրսում գիտելիք ստացած երիտասարդները շատ դեպքերում հեռանում են մայր ժողովրդից եւ արագ ուծանում։ Կարծում եմ, որ նա գտնում էր, որ աշխարհի լավագույն կենտրոններում գիտելիք ստացած մարդկանց համար ավելի հեշտ է ինտեգրվել օտար հասարակությանը, եւ շատ դեպքերում այդպես էլ տեղի էր ունենում։ Այս դահլիճում ներկա են նաեւ այն երիտասարդները, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ գիտելիք են ձեռք բերել լավագույն բուհերում, վերադարձել են Հայաստան, եւ այստեղ նրանք աշխատում են, ապրում են լիարժեք կյանքով։ Վստահ եմ, որ նրանց օրինակը շատ ավելի գրավիչ է։ Այսօր մեր հասարակությունը դժվար օրեր է ապրում։ Դրսում լավ աշխատանք եւ ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից եւ դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ—տնտեսական վիճակն է մեր հայրենիքում։ Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատեւ չի լինելու։ Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին։ Կասկած չունենաք՝ անցնելու է եւս որոշ ժամանակ, եւ շատ—շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք, եւ այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում։ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ինձ համար հետաքրքիր են նաեւ այլ առումով։ Ես վստահ եմ, որ դուք այն մարդիկ եք, ովքեր դրսում գիտելիք ձեռք բերելով՝ վաղը համալրելու եք մեր պետական կառավարման համակարգը։ Չափազանց կարեւոր է, որ պետական համակարգում աշխատեն նվիրված, կոմպետենտ եւ իրենց ապագան լավ պատկերացնող երիտասարդներ։ Յուրաքանչյուր երկրի հարստություն, առաջին հերթին, առողջ եւ կրթված երիտասարդներն են։ Ես վստահ եմ եւ կրկնում եմ՝ մենք հավատում ենք ձեզ։ Հավատում ենք, որ դուք գիտելիք ստանալով՝ ավելի եք ուժեղանալու, որովհետեւ մենք միշտ ասում ենք, որ գիտելիքը ուժ է, եւ ինքներդ ուժեղանալով՝ ուժեղացնելու եք մեր պետությունը, մեր հասարակությունը։ Եվս մի խորհուրդ ունեմ ձեզ տալու. ես ձեզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք որքան հնարավոր է շատ։ Կարդացե՛ք մեր դասականներին, կարդացե՛ք համաշխարհային դասականներին, կարդացե՛ք ժամանակակից գրականություն։ Ես կասկած չունեմ, որ ցանկացած բարձրակարգ համալսարանում դասախոսները ծրագրերի միջոցով ի վիճակի են լիարժեք գիտելիք տալու, բայց դրանով մի բավարարվեք։ Այդպիսի համալսարանում կարելի է դառնալ շատ լավ իրավաբան, շատ լավ մաթեմատիկոս, շատ լավ կառավարիչ, բայց հավատացեք, առանց կարդալու անհնար է դառնալ լայնախոհ անհատականություն։ Իսկ առանց լայնախոհության շատ դժվար է իրերն ու իրադարձությունները գնահատել այնպես, որպեսզի օգտակար լինի ե՛ւ ձեզ՝ կոնկրետ անձին, ե՛ւ այն հասարակությանը, որտեղ դուք ապրում եւ գործում եք։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն եւ ուզում եմ, որպեսզի մեր հաջորդ հանդիպումների ժամանակ այս տարի ընդունվածները եւս ներկա լինեն եւ իրենց օրինակով ոգեւորեն նրանց, ովքեր կընդունվեն 2014, 2015 թվականներին»,–«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Մեկի հաջողությունը բոլորի հաջողությունն է
«Լույս» հիմնադրամի առաքելությունը երկակի է՝ ստեղծել եւ համախմբել առաջադեմ ու ստեղծագործ մտածելակերպով ուսանողների սերունդ՝ բազմապատկելով աշխարհի լավագույն համալսարաններ հաճախող հայ ուսանողների թիվը, նրանց տրամադրելով համապատասխան աջակցություն, ինչպես նաեւ ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքները, փորձառությունն ու կապերը, եւ կառաջարկի ծրագրեր, որոնք կօգնեն ուսումնական ձեռքբերումներից հետո ունենալու իրական աշխարհի նվաճումներ՝ ի բարօրություն Հայաստանի։ 2009—2013թթ. «Լույսը» 315 կրթաթոշակառու է ունեցել, եւ 545 կրթաթոշակ է տրամադրել (ուսանողներից շատերը սովորում են միջինը երկու անգամ)։ Այս տարվա շրջանավարտների թիվը դեռ հաշվարկման փուլում է։ Անցյալ տարվա 75 շրջանավարտներից 40—ն աշխատում է Հայաստանում (նրանց 20 տոկոսը սփյուռքահայ է)։ 25—ը շարունակում է սովորել այլ բուհերում։ Շրջանավարտներից 10—ն էլ աշխատում է աշխարհի հզորագույն ընկերություններում։ Կրթություն ստանալուց հետո Հայաստան վերադառնալու մասին «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը լրագրողներին ասաց, որ եթե մարդուն պարտադրում ես՝ նրան չես նայում որպես ազատ քաղաքացի։ Ուստի նա իր ներուժը չի հասկանում. «Երբ գալիս են Հայաստան, հասկանում են, որ այստեղ այնպիսի հնարավորություններ ունեն, որոնք չունեն Եվրոպայում։ Այնտեղ շուկաները հագեցած են։ Իրենք պետք է աշխատեն սկսնակի մակարդակով, որը իրենց մակարդակը չէ»։ Կարաասլանյանը լավագույն մասնագետի իր սահմանումն ունի. լավագույն մասնագետն այն մասնագետն է, որ սովորում է իր եռանդով։ Եւ քանի որ ՀՀ—ն զարգացող երկիր է, նա անհրաժեշտ եւ ոչ անհարժեշտ մասնագիտություններ չի առանձնացնում։ Հավասարապես կարեւորում է բոլոր դաշտերը. «Այնպես որ, ինչո՞ւ երիտասարդներին ստիպել մեկ ուղղությամբ գնալ, երբ իրենք կարող են լավագույնը լինել այն դաշտում, որն իրենց համար կարեւոր է»։ Դրա առավելությունն այսպես է բացատրում. եթե մասնագիտական ընտրություն կատարել են ոչ թե պահանջարկից ելնելով, այլ իրենց նախընտրությամբ, ապա այդ ոլորտի վերաբերյալ նրանք իրենց հստակ պատկերացումներն ունեն։ Եւ հաջողության հասնելու հավանականությունն այս դեպքում ավելի մեծ է։ Այդ հաջողությունների օրինակներն արդեն առկա են։ Իսկ հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենը մեկի հաջողությունը բոլորիս հաջողությունն է համարում։ Սա պարզ է նաեւ «Զարգացնենք Հայաստանը» ծրագրից։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին տեսական գիտելիքը կիրառելու գործնականում, նպաստելու Հայաստանի համայնքների զարգացմանը, հարստացնելու սեփական իմացությունները եւ զարգացնելու իրենց աշխատանքի կարեւորությունը Հայաստանի համայնքների կյանքում։ Եվ արդեն 4—րդ տարին է՝ ամռանը «Լույսի» բոլոր ուսանողերը եւ նրանց հայաստանյան գործընկերները, երիտասարդ եւ ավագ փորձագետները, հիմնադրամի կամավորները «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում ժամանում են աշխարհի լավագույն կենտրոններից եւ խմբերով մեկնում են աշխատելու Հայաստանի տարբեր մարզերում։ Այս տարի «Լույսի» համայնքն աշխատում է Հայաստանի եւ Արցախի 9 համայնքում։ Կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանը Գյումրիի համար է նախագիծ ներկայացրել։ Այն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն է միտված։ Մասնակցելով նախագծի իրականացման փուլային աշխատանքներին՝ եկել է այն համոզման, որ կրթաթոշակ տրամադրելուց զատ, «Լույսը» նպաստել է նաեւ որպես մասնագետ կայանալու գործին։ «Լույսի» կրթաթոշակառուները եւ մենթիները խթանում են նաեւ սկսնակ կազմակերպությունները եւ կարիերայի առաջընթացը Հայաստանում։ Այս տարի «Լույսի» կրթաթոշակառուները հանդես են եկել 2 կարեւոր ստարտ—ափ նախաձեռնությամբ՝ զարգացնելու տաղանդավոր մասնագետների եւ ձեռներեցների հայաստանյան շուկան։ Խոսքը «Ստարտ Արմենիայի» եւ Իջեւանի շարժական ծրագրավորման կենտրոնի մասին է։ «Ստարտ Արմենիա» նախաձեռնության առաքելությունն է Հայաստան բերել աշխարհի լավագույն գիտելիքն ու փորձը՝ ապահովելով երկրի մշակութային եւ տնտեսական զարգացումը։ Այն նախնական աշխատանքները սկսել է 2012թ. աշնանը։ Գործարկվելու է 2013—ի աշնանը։ Դա անկախ եւ մասնավոր ձեռնարկություն է։ Հիմնադրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի (MIT) «Լույսի» ուսանողներ Գոռ Զաքարյանի եւ Հրանտ Ղարիբյանի կողմից։ Իսկ Իջեւանի շարժական ծրագրավորման կենտրոնը ԵՊՀ—ի ուսանող Արեգ Պետրոսյանի «զավակն» է։ Այս գաղափարը հղացել է, երբ սերտորեն առնչվել է կարիերայի առաջխաղացման համար համայնքին անհրաժեշտ գիտելիքների պակասին։ Նա կապ է հաստատել «Լույսի» կրթաթոշակառուներ Նուբար Դայլերյանի (Փենսիլվանիայի համալսարանի Ուարթոն բիզնես դպրոց) եւ Ահարոն Լեւոնյանի հետ (Կոլումբիայի համալսարան)՝ ներկայացնելու իր նախագիծը եւ քննարկելու գումարների հայթայթման ուղիներ։ Ի վերջո, դոնոր են գտել. «Ինստիգեյթ դիզայն» մասնավոր ինժեներական ընկերությունը, որն աշխատանք է ապահովում ծրագրեր մշակողների համար, հատկացրել է 20 համակարգիչ՝ նախաձեռնության մեկնարկի նպատակով։ Լույսեցիները մեծ հպարտությամբ են խոսում նաեւ վերջին 5 ամսվա ընթացքում իրենց ուսանողների արձանագրած հաջողությունների մասին։ Այսպես, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի «Լույսի» կրթաթոշակառու Արմեն Մկրտչյանը պատենտավորել է «Ագրոդրոն» նորարարությունը։ Այն միտված է գյուղատնտեսության զարգացմանը։ «Ագրոդրոնը» նա արտադրելու է Հայաստանում եւ արտահանելու է միջազգային շուկա։ Քեմբրիջի համալսարանի «Լույսի» կրթաթոշակառու Վահե Ճիտոյանն էլ արժանացել է հեղինակավոր Ուինթոնի մրցանակին՝ կայուն վիճակի ֆիզիկայի ոլորտում։ Իսկ Լիլիա Ջանյանցին Կոլումբիայի համալսարանն է պարգեւատրել։ Նա արժանացել է հեղինակավոր Ուիլիամ Քինիի մրցանակի։ Հաջողության հասնելու նրանց ճանապարհը բռնած այս տարվա կրթաթոշակառուներն էլ արդեն իրենց հստակ ծրագրերն ունեն։ Անահիտ Վարդանովան նախ կրթություն է ստանալու Լոնդոնի կայսերական քոլեջում։ Այնուհետեւ վերադառնալու է եւ իր փորձն ու գիտելիքները փոխանցելու է հայ ուսանողներին՝ մի շարք դասախոսությունների եւ համալսարաններում դասախոս աշխատելով։ «Նաեւ ուզում եմ ինչ—որ հարթակ ստեղծել, որտեղ մի խումբ հայ երիտասարդներ կկարողանան իրենց հնարավորությունները փորձարկել։ Իսկ հաջողակները հետագայում միջազգային շուկաներում ավելի մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն կունենան։ Նախատեսում եմ նաեւ ստեղծել իմ ընկերությունը, որն արդեն որոշ չափով կառնչվի հիշյալ հարթակի հետ»։ Նունե Իգիթյանն էլ նոր է ընդունվել Լոնդոնի կայսերական քոլեջ։ Ստրատեգիական մարքեթինգ է ուսումնասիրում։ Կարծում է, որ հիմնադրամի հետ կապը պետք է լինի ամուր եւ շարունակական, քանզի այն լավ օղակ է համարում դրսում իր ստացած գիտելիքները Հայաստան «ներմուծելու» ճանապարհին. «Ուզում եմ Հայաստան վերադառնալ, քանի որ Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ։ Ուզում եմ ինքնուրույն ինչ—որ բան ստեղծել, կամ աջակցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներին»։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|