ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 11:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 11 » «Մեր ցանկացած ապագան» /Հայաստանին հնարավորություն տրվեց եւս մեկ անգամ գնահատելու սեփական անցյալն ու տեսնելու ապագան/
15:38
«Մեր ցանկացած ապագան» /Հայաստանին հնարավորություն տրվեց եւս մեկ անգամ գնահատելու սեփական անցյալն ու տեսնելու ապագան/

Մոլորակի բնակչությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով. ներկայումս այն հասնում է 6 մլրդ—ի։ Սպառման անընդհատ աճող ծավալներն անդառնալի վնասներ են հասցնում մոլորակի էկոհամակարգին, ինչն, իր հերթին, աշխարհի տարբեր երկրներում հանգեցնում է սովի եւ համաճարակների։ Ներկայումս աշխարհում մոտ 1 մլրդ մարդ անօթեւան է, մոտ 1.4 մլրդ մարդ օրական ստանում է 1.25 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ, իսկ մոտ 1.5 մլրդ մարդ զրկված է էլեկտրաէներգիայից։ Կայուն զարգացման համաշխարհային ավանդական մոդելը այլեւս արդիական չէ, եւ եկել է ժամանակը գտնելու նոր ուղղություններ։
Հայաստանը, որպես ընդհանուրի մասնիկ, անմասն չի մնում համաշխարհային խնդիրներից։ Կայուն զարգացման նոր մոդելի փնտրտուքները շարունակվում են, եւ այս ուղղությամբ իրականացված խոշորագույն քայլը հունիսի 12—ից 24—ը անցկացված ՄԱԿ—ի կայուն զարգացման համաշխարհային «Ռիո+20» գագաթնաժողովն էր, որին մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակությունը։ Այն վերջին երկու տասնամյակների խոշորագույն միջոցառումն էր՝ կազմակերպված ՄԱԿ—ի կողմից, որին մասնակցում էին շուրջ 40 հազար ներկայացուցիչներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ով ղեկավարում էր հայաստանյան պատվիրակությունը, երեկ ասուլիսում նշեց, որ հայկական կողմը հանդես եկավ մի շարք կարեւորագույն նախաձեռնություններով։ Առաջինը՝ «1992—2012 կայուն զարգացման ազգային զեկույցն» էր, որը ներկայացվեց գագաթնաժողովի մասնակիցներին։ Բացի այդ, հունիսի 15—ին հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ կազմակերպվեց կից միջոցառում, որտեղ ներկայացվեց Հայաստանում մշակված «Կայուն զարգացման ինդեքսի մեթոդաբանությունը»։
«Երկար տարիներ աշխարհում մեծ աշխատանքներ են տարվում նման մեթոդաբանություն ստեղծելու համար, սակայն առայժմ օպտիմալ տարբերակ չի մշակվել։ Մեր ներկայացրած մեթոդաբանությունը արժանացավ բոլոր շահագրգիռ կողմերի, նույնիսկ մեր ընդդիմախոսների հավանությանը, ինչը մեծ հաջողություն էր մեր պատվիրակության համար»,—ասաց Տ. Գեւորգյանը։
ՄԱԿ—ի կայուն զարգացման «Ռիո+20» գագաթնաժողովում Հայաստանի պատվիրակության կողմից ազգային զեկույցը ներկայացվելուց հետո ադրբեջանցիները կրկին հիստերիա են բարձրացրել, ասաց Տիգրան Գեւորգյանը։
Ադրբեջանցիներն էլ, ըստ նրա, իրենց զեկույցը պատրաստել էին հետեւյալ տրամաբանությամբ՝ իրենց բոլոր խնդիրների մեղավորը Հայաստանն է։ «Իրենք այդ ոճի մեջ սկսեցին հիստերիա բարձրացնել։ Իրենց բոլոր խնդիրները կապում են մեզ հետ, իբր թե օկուպացված են, մենք գրավել ենք իրենց պատմական տարածքները եւ այլն»,–ասաց Տ. Գեւորգյանը։ Սակայն Հայաստանի պատասխանը չի ուշացել, եւ այն ներկայացվել է ՄԱԿ—ի քարտուղարությանը, որը տեղադրվել է կայքէջում։ «Մեր պատասխանը դրվեց կայքում, քանի որ գագաթնաժողովի փակմանը քիչ ժամանակ էր մնացել»,–ասաց նա։
ՀՀ արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի խոսքերով՝ Ադրբեջանի ելույթը հիստերիկ բնույթ էր կրում։ «Նրանց ելույթի 60—70 տոկոսը վերաբերում էր Հայաստանի, ԼՂ—ի իրականացրած գործողություններին եւ քայլերին։ Ադրբեջանի բոլոր խնդիրներն ու դժվարությունները վերլուծվում էին Հայաստանի իրականացրած քաղաքականության համատեքստում»,–ասաց Վ. Կաժոյանը՝ հավելելով, որ մեղադրանքներ են հնչեցվել Հայաստանի կողմից տարածաշրջանում միջուկային վտանգի, անտառներում հրդեհների տարածման, պատմական հուշարձանների ոչնչացման մասին։
«Իհարկե, այս ամենն անպատասխան չէր կարելի թողնել, մեր պատասխանում կար՝ անդրադարձ ատոմակայանի անվտանգությանը եւ այն մասին, թե Ադրբեջանը չէ, որ պետք է գնահատական տա։ Պատասխանի մեջ նշվել է նաեւ, որ չկա որեւէ փաստ Հայաստանի կողմից պատմական հուշարձանների ոչնչացման հետ կապված։ Մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ—ի մոտ գրանցված է եւ կան փաստացի ապացույցներ Ադրբեջանի կողմից Նախիջեւանի պատմական հուշարձանների, Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին»,–ընդգծեց Վ. Կաժոյանը։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, անդրադառնալով մեթոդաբանությանը, նշեց, որ կայուն զարգացման համաշխարային նոր մոդել մշակելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ձեւավորել կայուն զարգացման չափելիության չափանիշներ, որոնք հնարավորություն պետք է տան հասկանալու յուրաքանչյուր պետության եւ տարածաշրջանի ինդեքսն այս առումով եւ իրականացվելիք քայլերը։
«Ողջ աշխարհում տարբեր տարիներին անցկացված ուսումնասիրությունների ընթացքում ձեւավորվել է չափանիշների հսկա մի քանակություն, սակայն դրանց միջոցով հնարավոր չէ օբյեկտիվորեն գնահատել, թե տվյալ պետությունը կայուն զարգացման ինչ ինդեքս ունի։ Մեր ներկայացրած մեթոդաբանությունը դեռ պետք է ուսումնասիրվի եւ հղկվի, ինչպես նաեւ անհրաժեշտ է հանրային քննարկում։ Սակայն այն արդեն իսկ բարձր է գնահատվել գագաթնաժողովի մասնակիցների կողմից»,— ասաց Կ. Դանիելյանը։
Հայաստանի համար նաեւ իսկական ձեռքբերում էր «1992—2012 կայուն զարգացման ազգային զեկույցը», որը ձեւավորվեց «Ռիո+20» գագաթնաժողովին մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքում։ Հինգ թեմատիկ խմբերի՝ պետական, հանրային եւ գիտական հատվածներից, ինչպես նաեւ խմբագրական կոլեգիայի առջեւ խնդիր էր դրվել գնահատելու, թե վերջին 20 տարիների ընթացքում ինչ ճանապարհ է անցել Հայաստանը կայուն զարգացման գաղափարախոսության տեսանկյունից՝ ֆիքսելով ձեռքբերումներն ու թերությունները։ Զեկույցում գնահատական է տրված տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներին եւ բացթողումներին՝ ներկայացնելով երկրի զարգացման ողջ իրական պատկերը։
«Այս զեկույցը մենք պատրաստում էինք առաջին հերթին մեզ համար, որպեսզի հասկանայինք, թե ինչ ենք արել եւ ինչպիսի մարտահրավերներ պետք է հաղթահարենք մոտակա 10 տարիների ընթացքում։ Այն արժանացավ կայուն զարգացման խորհրդի հավանությանը, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը, եւ որոշվեց այն ներկայացնել այս խոշորագույն գագաթնաժողովում»,–ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։
Զեկույցը բաղկացած է չորս գլուխներից. առաջին գլխում ներկայացվում են վերջին 20 տարիների ձեռքբերումները եւ խնդիրները ամենատարբեր՝ սոցիալ—տնտեսական, բնապահպանական, քաղաքացիական հասարակության, զարգացման ազգային ծրագրերի իրականացման եւ այլ ոլորտներում։ Երկրորդ գլուխը վերաբերում է համագործակցությանը պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության միջեւ. նշվում է, որ վերջին 10 տարիներին այս առումով ակնհայտ ձեռքբերումներ կան։ Երրորդ գլխում խոսվում է, այսպես կոչված, «կանաչ տնտեսության» գաղափարախոսության մասին. Հայաստանն այս առումով նույնպես ունի որոշակի ձեռքբերումներ։ Առկա են ձեռնարկություններ, որոնք, վերազինվելով ժամանակակից տեխնոլոգիայով, կարողացել են նվազագույնի հասցնել արտանետումները եւ արտահոսքերը. «Սակայն «կանաչ» կամ բնությունը չվնասող տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտը Հայաստանում առայժմ չկա, չկա մաքուր արտադրությունը խթանելու համակարգ, ինչը նույնպես նշված է զեկույցում»։
Եզրափակիչ գլուխը վերաբերում է մոտակա 10 տարիներին Հայաստանի առջեւ կանգնած խոշոր մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման ուղիներին։ Նա ընդգծեց, որ զեկույցում նշված մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիներն արտացոլվել են նաեւ նոր ձեւավորված կառավարության ծրագրում. «Իհարկե, հիմնական շեշտը դրված է խնդիրների վրա, սակայն զեկույցում արտացոլված են նաեւ ձեռքբերումները։ Օրինակ, բնապահպանության ոլորտում մենք կարողացանք հասնել Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը եւ ջանքեր ենք գործադրում էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ։ Շեշտակի ավելացել է բնության հատուկ պահպանվող տարածքների քանակը՝ հասնելով պետության տարածքի 13 տոկոսին։ Իրականացվել է 32 հազար հա անտառավերականգնում եւ այլն։ Սակայն խնդիրներն այնքան շատ են, որ ձեռքբերումները տեսանելի չեն դրանց ներքո»։
Կայուն զարգացման առաջ կանգնած խնդիրները, որոնք կան Հայաստանում, առկա են նաեւ ողջ աշխարհում։ Եւ այդ խնդիրները լուծելու նպատակով էր կազմակերպվել «Ռիո+20» գագաթնաժողովը։ ՄԱԿ—ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան նշեց, որ գագաթնաժողովը հնարավորություն տվեց կազմակերպելու դրամահավաք, որի արդյունքում տրվեցին մոտ 510 մլրդ ԱՄՆ դոլարի խոստումներ՝ բնական աղետների դեմ պայքարելու, կենսառեսուրսների վերականգնման, արեւային էներգետիկայի խթանման եւ այլ գլոբալ խնդիրներ լուծելու համար։
Գագաթնաժողովն ընդունեց նաեւ եզրափակիչ փաստաթուղթ՝ «Մեր ցանկացած ապագան» անվամբ, որում նշված էին այն ուղիները, որոնք հնարավորություն կտան ձեւավորել կայուն զարգացման նոր մոդել ողջ աշխարհում։ Սակայն անհրաժեշտ է, որ այդ փաստաթղթում տեղ գտած ուղիները որդեգրեն աշխարհի բոլոր պետությունները։ Հատկանշական է, որ Հայաստանի ներկայացրած ազգային զեկույցում տեղ գտած մարտահրավերների հաղթահարման ուղիները աղերսներ ունեն գագաթնաժողովի վերջնական փաստաթղթում առաջարկածների հետ. ի վերջո, խնդիրները ողջ աշխարհում նույնն են, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ։ Կարեւոր է, որ Հայաստանի կառավարությունը, որ որդեգրել է զեկույցի առաջարկած «դեղատոմսերը», որպես ծրագրի բաղկացուցիչ մաս, փաստացի պատրաստակամ է նաեւ իրագործելու գագաթնաժողովի վերջնական փաստաթղթում տեղ գտած դրույթները։  hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 461 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024