Թեհրանում կայացել են հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատը, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը։
Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները։
«Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները։
Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար։ «Բարի գալուստ Իրան։ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսեւորվեցին ժողովրդավարական ճանապարհով։ Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական, եւ մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել։ Իրանը մշտապես ցանկանում է հարեւանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ եւ շարունակել դրանք։ Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը»։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռոհանիին հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ հավելելով. «Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխահագրական, այլ նաեւ բարեկամական կապերի առումով, եւ բազմիցս առիթ ունեցել ենք ընդգծել դրանց կարեւորությունը։ Հայաստանում տեղի են ունենում կարեւորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, եւ որեւէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել։ Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար։ Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել, եւ մենք ունենք քաղաքական կամք դրանք իրացնելու համար»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Իրան է այցելում երրորդ անգամ՝ առաջինը տեղի է ունեցել որպես լրագրող, երկրորդը՝ որպես պատգամավոր, երրորդը՝ որպես վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը նշել է Իրանում տեղի հայության նկատմամբ առկա ջերմ վերաբերմունքի փաստը։ «Դա եւս ամրապնդում է մեր բարեկամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։ Մեր առանձնազրույցի ընթացքում քննարկեցինք կարեւոր հարցեր, հույս ունեմ, որ այս այցի ընթացքում այդ հարցերի մի մասի լուծումներին կկարողանանք հասնել»,–ասել է վարչապետը։
Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ—իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հետագայում Հայաստանն ու Իրանը ոչ միայն կպահպանեն փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները, այլեւ կընդլայնեն ու կխորացնեն։
ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարեւոր ծրագրերից են համարել Իրան—Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3—րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Կողմերը մեծապես կարեւորել են նաեւ Մեղրիի ՀԷԿ—ի ծրագրի իրականացումը եւ պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Նրանք անհրաժեշտ են համարել անել առավելագույնը երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելու եւ փոխադարձ ներդրումներն ակտիվացնելու համար։
Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության քայլերին, որոնք ուղղված են ներդրումային միջավայրն առավել նպաստավոր եւ գրավիչ դարձնելուն։
Երկկողմ եւ տարածաշրջանային առեւտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարեւորվել է ԵԱՏՄ—Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից։ Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին համոզմունք են հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններն առավել խթանելու համար։ Նրանք կարծիք են հայտնել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո օգտակար կլինի Երեւանում եւ Թեհրանում կազմակերպել հայկական եւ իրանական արտադրանքի ցուցահանդես—վաճառք, կազմակերպել բիզնես–ֆորում։
Հայաստանի եւ Իրանի համագործակցության կարեւոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը։
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում երկու երկրների էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել համագործակցության զարգացման ուղղությամբ ունեցած քննարկումների շուրջ։
Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին կարեւորել են նաեւ հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու պայմանավորվել հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել ընթացիկ տարվա ամռանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության խթանմանն ու Հայաստանից Իրան մսամթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մասնավորապես, դեղագործության, զբոսաշրջության, բնապահպանության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ—իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, եւ ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ եւ տեւական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնախնդրի հարցով զբաղվող միջազգային ճանաչված միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։
Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ։
Հանդիպման ավարտին երկու երկրների առաջնորդները հանձնարարել են Հայաստանի եւ Իրանի կառավարությունների պատասխանատուներին՝ ըստ ոլորտների շարունակել ակտիվ քննարկումները՝ մինչեւ միջկառավարական գալիք նիստը դրանք կոնկրետ պայմանավորվածությունների վերածելու նպատակով։
|