ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 11 » ՓՀԷԿ—երի զարգացումը՝ ոլորտի տեղաշարժի առաջատար ուղղություն
15:39
ՓՀԷԿ—երի զարգացումը՝ ոլորտի տեղաշարժի առաջատար ուղղություն

Բնապահպանական պահանջները խստացվել են
«ՀՀ»—ի հուլիսի 6–ի համարում վերականգնվող էներգետիկայի ոլորտից անդրադարձել էինք ջրային ներուժի գործածմանը եւ մինչեւ 2025թ. իրագործվելիք ծրագրերին՝ հիմնականում խոսելով խոշոր ՀԷԿ—երի մասին։ Իսկ փոքր ՀԷԿ—երի մասով միայն նշել էինք, թե հաշվի առնելով այն, որ ՓՀԷԿ—երի զարգացման սխեմայում ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ—երը կարող են կառուցվել, նաեւ բնապահպանական նկատառումներով գետերում ջրերի հոսքի համար սահմանվող ավելի խիստ պահանջներն ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները, ինչպես նաեւ այլ գործոններ, առավել իրատեսական է դիտվում ապագայում ՓՀԷԿ—երի գումարային դրվածքային հզորության ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ (առանց Սեւանա լճի ավազանի ՓՀԷԿ—երի), իսկ տարեկան արտադրանքը գնահատել շուրջ 1,0 մլրդ կՎտժ։
Մինչ ՓՀԷԿ—երի զարգացման ծրագրերից ու ակնկալիքներից խոսելը, հստակեցնենք ու կարեւորենք մեր դիրքորոշումը. այն է՝ ՓՀԷԿ—երը պետք է կառուցվեն առանց բնությանը վնասելու, որովհետեւ եթե նույնիսկ ՓՀԷԿ կառուցողը հաշվարկ է ներկայացնում, թե տվյալ ՓՀԷԿ—ի օգուտները ավելի շատ են, քան բնությանը հասցվելիք վնասները, ապա այդ հաշվարկները, մեղմ ասած, ճիշտ չեն կամ իրական չեն, քանզի բնությանը հասցվող վնասի հետեւանքով հետո տնտեսությանը այնքան վտանգ է սպառնում, որ ՓՀԷԿ—ի տված երբեմնի օգուտն արդեն անիմաստ է դառնում։ Այնպես որ, եթե տվյալ ՓՀԷԿ—ի կառուցումը վնասում է բնությանը եւ դրանից խուսափելու համար այլընտրանքային տարբերակ չկա, ուրեմն ելքը մեկն է՝ ՓՀԷԿ—ը չպետք է կառուցվի։
Անդրադառնանք փոքր ՀԷԿ—երի զարգացման ծրագրերի իրագործումից սպասվող ակնկալիքներին։ Նախ ասենք, որ մեր երկրում փոքր հզորության ՀԷԿ—երի կառուցման գործընթացը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն է համարվում։ Ի դեպ, ՓՀԷԿ են մինչեւ 10 ՄՎտ ընդհանուր հզորությամբ բոլոր տիպի հիդրոէլկայանները։ ՀՀ—ում նախագծվող, կառուցվող եւ շահագործվող ՓՀԷԿ—երի մեծամասնությունը բնական ջրահոսքերին տեղակայված կայաններ են։ 2010թ. հունվարի 1—ի դրությամբ էլէներգիա էին արտադրում 82 փոքր ՀԷԿ—եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը 102 ՄՎտ էր, իսկ էլէներգիայի առաքումը՝ 330 մլն կՎտժ։ Ունենք «Հայաստանի Հանրապետության փոքր հիդրոէլեկտրական կայանների գոյություն ունեցող սխեմայի նորացում» ծրագիրը, որն իրականացվել է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ (խորհրդատուն է) կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի (պատվիրատուն է) պատվերով՝ ՀԲ—ի եւ Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակության շրջանակներում (զարգացման նախնական սխեման չէր համապատասխանում արդի պահանջներին, չէր արտացոլում վերջին տասնամյակում հիդրոէներգետիկ եւ այլ հարակից (ոռոգում, ջրամատակարարում) ենթակառուցվածքներում տեղի ունեցած փոփոխությունները եւ այլեւս համարժեք չէր ներկայումս մատչելի տեխնիկական լուծումներին (հայրենական եւ արտասահմանյան արտադրության հիդրոտուրբիններ) եւ ֆինանսավորման տարբերակներին (սեփական միջոցներ, վարկեր, փոխառություններ), իսկ նորացված սխեման ընդլայնված է՝ բացահայտելով նոր, նախկին սխեմայում չընդգրկված ՓՀԷԿ—երի կառուցման հնարավորությունը։ Նախարարությունը վստահ է, որ Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի զարգացման նորացված սխեման կխթանի նոր ՓՀԷԿ—երի համար տեխնիկատնտեսական հիմնավորումների եւ բիզնես ծրագրերի պատրաստումը)։
Այս փաստաթուղթը վկայում է, որ մեր երկրի պոտենցիալ հիդրոէներգառեսուրսները գնահատվում են 21.8 մլրդ կՎտժ, այդ թվում՝ խոշոր եւ միջին գետեր՝ 18.6 մլրդ կՎտժ եւ փոքր գետեր՝ 3.2 մլրդ կՎտժ։ Հայաստանի տեխնիկապես հնարավոր եւ տնտեսապես նպատակահարմար, դեռեւս չյուրացված հիդրոէներգաներուժը կազմում է մոտ 500 ՄՎտ հզորություն եւ ավելի քան 2.0 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի թողունակություն, որի իրացումը մոտ ապագայում կապահովի հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 20—25%—ը։ Ըստ ՀՀ հիմնական գետերի ավազանների, ՓՀԷԿ—երի չյուրացված առավելագույն ներուժը փաստված է Աղստեւ (մոտ 33 ՄՎտ գումարային դրվածքային հզորություն, տարեկան մոտ 90 մլն կՎտժ արտադրանքով) եւ Դեբեդ (մոտ 18 ՄՎտ գումարային դրվածքային հզորություն, տարեկան մոտ 57 մլն կՎտժ արտադրանքով) գետերի ավազանների համար։ Շոշափելի է նաեւ Ազատ—Վեդի եւ Ողջի գետերի ավազանների ՓՀԷԿ—երի չյուրացված ներուժը՝ համապատասխանաբար տարեկան մոտ 49 եւ 47 մլն կՎտժ։ Ակնհայտորեն, ՓՀԷԿ—երի չյուրացված առավելագույն ներուժը դիտարկվում է Տավուշի մարզի համար մոտ 34 ՄՎտ գումարային դրվածքային հզորություն, տարեկան մոտ 90 մլն կՎտժ հզորությամբ։ Շոշափելի է նաեւ Լոռու եւ Սյունիքի մարզերի ներուժը՝ համապատասխանաբար տարեկան մոտ 57 եւ 54 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրանքով։
Հարց է ծագում՝ ինչքանո՞վ են մեր երկրում արդյունավետ աշխատում փոքր ՀԷԿ—երը, եթե հաշվի առնենք, որ մեր գետերը լեռնային են եւ հոսքի անհամաչափությամբ են (այն էլ) աչքի ընկնում։ Մասնագետներն ասում են, որ այդ արդյունավետության հիմնական չափանիշ կարող է համարվել, օրինակ, ներդրման չափը կայանի հզորության 1 կՎտ—ի համար։ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ—ն վերջին տասը տարիներին 60—ից ավելի գործող կամ կառուցվող ՓՀԷԿ—երում տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծերն ուսումնասիրեց։ Վերլուծությունը վկայեց, որ բնական ջրաhոսքի (գետեր) վրա եւ ոռոգման, ջրամատակարարման ջրագծերի, ջրամբարներին կից ՓՀԷԿ—երի 1կՎտ հզորության տեսակարար ներդրումների միջին մեծությունները կազմել են համապատասխանաբար 825 եւ 470 ԱՄՆ դոլար (առանց ԱԱՀ—ի), իսկ 1 կՎտժ էլեկտրական էներգիայի տեսակարար ներդրումների մեծությունը համապատասխանաբար կազմել է 0.225 եւ 0.12 ԱՄՆ դոլար։ Սա նշանակում է, որ նախագիծը ներդրողի համար արդեն գրավիչ է եղել այն, որ 1 կՎտժ էլեկտրական էներգիայի տեսակարար ներդրումների մեծությունը ստացվել է փոքր 0.3 դոլարից։ Իսկ այն, որ գետերը լեռնային են եւ հոսքի անհամաչափությամբ են աչքի ընկնում (տարեկան կտրվածքով), այսպիսի գետերի վրա ՓՀԷԿ—երը տեղակայված հզորությամբ աշխատում են գարնան ջրառատության ժամանակ, այսինքն՝ հիմնականում երեք ամիս։ Այս դեպքում էլ վերլուծությունը ցույց է տվել, որ տեղակայված հզորության օգտագործման ժամերի քանակը 3000 ժամ/տարի (կամ 34%) բարձր լինելու դեպքում տվյալ նախագիծը ֆինանսական տեսանկյունից արդյունավետ է։
Ելնելով մեր՝ վերը ասված բնապահպանական գործոնից, տեղեկացնենք, որ ՓՀԷԿ—ի նորացված սխեմայում ներդրողներին են ներկայացվում մեր երկրի բնակլիմայական պայմանները, բուսատեսակները, տեղումների չափը, գետերի ջրային ռեժիմը, շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ—երի ազդեցությունը։ Մասնագետները փաստաթղթում պնդում են, որ ՓՀԷԿ—երը բնապահպանական տեսակետից ավելի հեռանկարային են, քանի որ նրանց շինարարության եւ շահագործման ժամանակ բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազագույն է (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը դիտարկվել է տեղի բնական միջավայրի եւ բնակլիմայական պայմանների վրա ՓՀԷԿ—ի շահագործման հետեւանքով հնարավոր վտանգավոր եւ անբարենպաստ գործոնների ազդեցության տեսանկյունից)։ Այլ կերպ, ՓՀԷԿ—երի շինարարության եւ շահագործման ընթացքում ոչ մի տեսակի թափոններ չեն առաջանում, թունավոր եւ աղտոտող նյութերի արտանետում շրջակա միջավայր տեղի չի ունենում։ Բայց ազդեցություն, այնուամենայնիվ, լինում է՝ ասենք, ֆլորայի եւ ֆաունայի վրա (չնայած ասում են, թե սա ժամանակավոր է), կամ՝ գետի հունում բնական ելքերի պակասեցում խողովակաշարի երկարության տարածության վրա։ Փաստաթղթից ուղղակի մեջբերումն ասում է, որ «Փոքր ՀԷԿ—երի շինարարությունը չի վտանգում բուսաբանաաշխարհագրական հետաքրքրություն ներկայացնող բուսականությանը։ Շինարարության ընթացքում աննշան քանակությամբ թփուտների (արժեք չներկայացնող) հատումը շինարարության ավարտից հետո փոխհատուցվում է նոր ծառատունկով։
ՓՀԷԿ—երի շինարարության ժամանակ կենդանական աշխարհի ներկայացուցիչներին վախեցնելու փաստը կարող է հանգեցնել վերաբնակեցման հարեւան տարածքներ։ Սակայն շինարարության ավարտից հետո կենդանիները նորից վերադառնում են նախկին բնակության վայրերը։ Գետերի ձկնատեսակների պահպանման նպատակով նախագծում նախատեսվել է աստիճանաձեւ ձկնուղի»։
Մանրամասն ուսումնասիրված են նաեւ, թե որ մարզում ջրային ինչ ներուժ կա ՓՀԷԿ—եր կառուցելու եւ տեխնիկատնտեսական ինչ ցուցանիշներով (ուսումնասիրություններ են արվել 9 մարզերում 14 գետային ավազաններում)։ Եվ դիտարկված գետային ավազաններում ՓՀԷԿ—երի ընդհանուր քանակը՝ 115, 1997թ. սխեմայի հետ համեմատած, կրճատվել է։ Ճշտված սխեմայի համաձայն՝ ՓՀԷԿ—երի համար գրանցվել են ջրաէներգետիկական ավելի բարձր ցուցանիշներ։
Բայց ինչպես 1997թ. սխեմայում, այնպես էլ նորացված սխեմայում, ՓՀԷԿ—երի առավելագույն ներուժը դիտարկվել է Աղստեւ (23.3 ՄՎտ գումարային դրվածքային հզորություն, տարեկան 92.5 մլն կՎտժ արտադրանք), Դեբեդ (20.4 ՄՎտ գումարային դրվածքային հզորություն, տարեկան 73.6 մլն կՎտժ արտադրանք) եւ Ողջի (14.3 ՄՎտ գումարային դրվածքային հզորություն, տարեկան 60.4 մլն կՎտժ արտադրանք) գետերի ավազաններում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 569 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024