Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը հաջորդող քաղաքական փոփոխությունների ալիքը հասել է նաեւ ՀՀ մարզեր։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու կառավարության որոշումը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում պայմանավորել է նոր առաջարկների, նոր գաղափարների, նոր պարտականությունների, նոր փիլիսոփայության անհրաժեշտությամբ։
«Կարիք կար նոր արյան, նոր աշխատանքի, նոր թիմով հանդես գալու, որի մասին խոսել է հանրապետության նախագահը դեռեւս փետրվարի 12—ին։ Այսօր էլ դուք տեսաք, որ ոչ միայն Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ տվեց, այլ նաեւ լուրջ փոփոխություններ եղան։ Ու ասեմ նաեւ, որ դեռեւս փոփոխություններ կլինեն։ Ասել եմ նաեւ, որ, գուցե, փոփոխություններ կլինեն մեր կուսակցության գործադիր կազմում նոյեմբերի 26—ին ՀՀԿ համագումարի ժամանակ»,–նշել է Շարմազանովը։
Ազգային ժողովի փոխնախագահը չի շտապում պատասխանել. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կհամալրի՞ հանրապետական կուսակցության շարքերը, թե՞ ոչ։ Նա մինչեւ կայանալիք համագումարի օրակարգի հաստատումը չի ներկայացնելու իր գնահատականները։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին. «Քանի որ ես ազգությամբ հույն եմ, ապա շտապեմ մեջ բերել հույն փիլիսոփա Հերակլիտի հետեւյալը միտքը. «Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է»։ Եվ մենք երեւույթներին ենք գնահատականներ տալիս, ոչ թե անձերին»։
|