ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12 » Քննարկումներ ԵԽԽՎ—ում /ԵԽԽՎ լիագումար նիստը վարել է Հայաստանի ներկայացուցիչը/
14:30
Քննարկումներ ԵԽԽՎ—ում /ԵԽԽՎ լիագումար նիստը վարել է Հայաստանի ներկայացուցիչը/


«Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում»
Հերմինե Նաղդալյանը ամփոփել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

 

Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընթացիկ հաշվետվության զեկույցի շրջանակում հանդես է եկել «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով ամփոփիչ ելույթով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Տիկնայք եւ պարոնայք, վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որն ընդունվեց 2015 թվականի դեկտեմբերի 6—ի հանրաքվեով։ Այդ բարեփոխումները կարեւոր իրադարձություն են Հայաստանի պետական եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար։ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին դատաիրավական ոլորտում, կառավարման համակարգում, ինքնակառավարման, ուժերի հավասարակշռության եւ օրենքի գերակայության հարցերում։
Փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացավ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ։ Մեզ համար կարեւոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ եւ համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին։ Հանձնաժողովի բոլոր առաջարկներն ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից։
Բարեփոխումների գործընթացը եւ փոփոխություններն ինքնին ողջունվել են նաեւ ԵԽԽՎ—ի կողմից՝ մոնիթորինգի ընթացակարգով եւ ընթացիկ հաշվետվության զեկույցով։
Մենք վստահ ենք, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ ու ճկուն, քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող։
Փոփոխված Սահմանադրությունն առաջին հերթին ուղղված է ամրապնդելու Հայաստանի քաղաքացիների ազատությունները՝ ընդլայնելով կարողությունների եւ հնարավորությունների շրջանակը։
Գործընկերներ, ներկայումս մենք թեւակոխել ենք մի փուլ, երբ սահմանադրական փոփոխություններն իրենց պատշաճ արտացոլումը պետք է ունենան երկրի ողջ իրավական համակարգի վրա, եւ պետք է ընդունվեն նոր սահմանադրական օրենքներ, կատարվեն համապատասխան փոփոխություններ հարյուրավոր օրենքներում։ Վերջին ամիսների ընթացքում ամենաքննարկվողն ընտրական օրենսգիրքն էր։ Այն քննարկվեց համատեղ ձեւաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված՝ «4 + 4 + 4» ձեւաչափով։ Նոր ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջեւ համագործակցության ոգով։ Երկրի իշխանությունները միտված են կոնսենսուս կառուցել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերի շուրջ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել եւ բարձրացնել ժողովրդի վստահությունը։ Մենք կարող ենք ասել, որ դա բացառիկ համագործակցություն էր՝ գալիք ընտրությունների համար կայուն եւ հուսալի հիմք ստեղծելուն ուղղված։ Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը երկրի համար գերակայություն է։ Եվ ուզում եմ ասել, որ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարեւոր են, քան արդյունքները։
Համեմատության համար կցանկանայի համառոտ հղում կատարել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեին, որը Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է հարուցել, եւ հանձնաժողովն ամբողջովին դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից։ Ինչպես բնական է ավտորիտար վարչակարգերի համար, հանրաքվեն կոչված էր պաշտպանելու Ալիեւների տոհմի հավերժ իշխանությունը։
Հարգելի գործընկերներ, Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության ուղին, եւ ես հավատում եմ, որ բարեփոխումների շնորհիվ մենք կունենանք մի հասարակություն, որտեղ մեր ապագա սերունդները կապրեն խաղաղության եւ կայունության մեջ։
Տարածաշրջանի երկրների ժողովրդավարական բարեփոխումները խաղաղության եւ անվտանգության ամենահուսալի ճանապարհներն են։ Եթե այս սկզբունքներն ընդունվեին մեր որոշ հարեւանների կողմից, մենք կունենայինք այլ իրականություն։
Շնորհակալություն»։


«Արդյոք սա՞ է իրական ժողովրդավարությունը»
Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ—ում բարձրացրել է Ադրբեջանում անցկացված հանրաքվեի հարցը

 

«Հարգելի գործընկերներ, այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, մեր բոլորի գլխավոր նպատակը ժողովրդավարության լիակատար հաստատումն է։ Ժողովրդավարությունն իրականացվում է բազմաթիվ ուղիներով եւ ունի արտահայտման բազմազան եղանակներ, սակայն առաջ գնալու միակ ճանապարհը դեպի ժողովրդավարություն քայլելն է։
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից շատերն այս ժամանակահատվածում դեպի ժողովրդավարություն տանող տարատեսակ քայլեր են ձեռնարկել, սակայն ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ԵԽ անդամ Ադրբեջանի, այսպես կոչված, «սահմանադրական» հանրաքվեի վրա։ Հենց սկզբից նշեմ, որ սա մեր երկու պետությունների խնդիրը չէ, այլ Եվրոպայի խորհրդի խնդիրն է։ Եթե մեր մեջ կա մի պետություն, որը բացահայտորեն եւ հսկայական քայլերով հետ է գնում ժողովրդավարությունից, ինչ ենք անելու մենք այստեղ՝ ժողովրդավարության օրրանում։
Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագետը՝ Վենետիկի հանձնաժողովը, խիստ բացասական կարծիք է տվել եւ քննադատել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները։
Վենետիկի հանձնաժողովի հիմնական թիրախը սրա հետեւանքով առաջացող ուժերի հսկայական անհավասարակշռության առաջացումն է՝ երկրի նախագահին «աննախադեպ» լիազորություններով օժտելու միջոցով։ Վտանգավոր են հիմնականում նախագահական մանդատի երկարաձգումը, նախագահի եւ պատգամավորների համար նախատեսված տարիքային ցենզի նվազեցումը, հատկապես նաեւ փոխնախագահների նշանակումը եւ կառավարումը բացառապես երկրի նախագահի կողմից։ Վենետիկի հանձնաժողովն անհանգստացած է նաեւ մարդու իրավունքների հիմնահարցով։
Վենետիկի հանձնաժողովը քննադատում է այն փաստը, որ Սահմանադրության նախագծի հանրաքվեն անցկացվել է առանց Միլլի մեջլիսի՝ խորհրդարանի հետ քննարկման եւ ներգրավման։
Հանձնաժողովը մտահոգված է նաեւ խոսքի ազատության եւ հավաքների անցկացման ազատության սահմանափակման հարցերով։
Կատարված փոփոխությունների համաձայն, խորհրդարանի դերը զգալիորեն թուլանում է՝ ազդելով դատական համակարգի անկախության վրա, քանի որ խորհրդարանի դերը դատավորների հաստատման հարցում խիստ նվազում է։
Վենետիկի հանձնաժողովն առանձնապես անհանգստություն է արտահայտում առաջարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ։ Նախագահական լիազորությունների երկարաձգումը մինչ 7 տարի չի կարող որեւէ կերպ արդարացված լինել նախագահի՝ արդեն իսկ ունեցած ուժեղ դիրքի համատեքստում։
Պետք է նշել, որ փոփոխությունների իրականացման գործընթացում Ադրբեջանը չի համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովին հայց է ուղարկվել միայն 2016թ. սեպտեմբերի 6—ին, ԵԽԽՎ նախագահի նամակով, ԵԽԽՎ բյուրոյի անունից։
Չնայած քննադատությանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 7 հոգուց բաղկացած դիտորդներ է ուղարկել «գնահատման առաքելությամբ»։
Հարգելի գործընկերներ, ինձ համար իսկապես հետաքրքիր է, թե ինչպես կարող էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ներկայությամբ օրինականացնել այս հակաժողովրդավարական հանրաքվեն։ Ինչպես կարող էին ԵԽԽՎ դիտորդները որեւէ կարծիք հայտնել ընտրությունների մասին՝ առանց հաշվի առնելու փաստաթղթի բովանդակությունը։ Ինչ է նշանակում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները պոստֆակտում քննարկելը։
Արդյոք սա՞ է իրական ժողովրդավարությունը։ Ես համոզված եմ, որ ոչ։ Արդյոք սրա՞նք են եվրոպական ընտանիքի արժեքները։ Ես համոզված եմ, որ ոչ։ Արդյոք այն կտանի՞ մեզ դեպի ժողովրդավար եւ ազատ հասարակության կայացում։ Ես համոզված եմ, որ ոչ։
Շնորհակալություն»։


Ավելի ընդգրկուն եւ լայնածավալ ծրագրեր
Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում

 

«Հարգելի գործընկերներ,
Եվրոպայի տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ) անցած տարիներին բավականին ծանրակշիռ գործունեություն է իրականացրել տարբեր երկրներում, այդ թվում՝ եւ Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես, այն առավելապես վերաբերում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետ մոդելների մշակմանը։ Իսկ այդ մոդելները տարբեր երկրներում, տրամաբանական է, որ տարբեր պետք է լինեն, քանի որ դրանք պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները, պայմանները, ավանդույթները եւ այլն։
Մեր հանրապետությունում կազմակերպության կողմից իրականացվել է տեղական շինանյութերի հիման վրա շինանյութերի արդյունաբերական զարգացման եւ ագրոբիզնեսի զարգացման քաղաքականության զարգացման մոդելների մշակումը, նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության վիճակագրության արժանահավատ մոդելի կիրառությունը։
Դրա հետ միասին մենք ակնկալում ենք ՏՀԶ կազմակերպությունից նաեւ առավել հավակնոտ եւ տարածաշրջանային բնույթ ունեցող մոդելների մշակում եւ դրանց տեղայնացման հնարավորությունների հիմնավորում։
Մասնավորապես, խոսքը ապրանքների՝ նոր շուկաներ մուտք գործելու, ստանդարտացման եւ սերտիֆիկացման համապատասխան լաբորատորիաների ձեւավորման եւ նմանատիպ խոչընդոտների վերացման ուղղությամբ համապատասխան քաղաքականության մշակման մասին է։
Ինչ վերաբերում է ՏՀԶ կազմակերպության հետ մեր հարաբերությունների եւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ապա մենք շահագրգիռ ենք, որ ՏՀԶԿ—ն Հայաստանում եւ տարածաշրջանում իրականացնի ավելի ընդգրկուն եւ լայնածավալ ծրագրեր, հատկապես այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության արտահանման կարողությունների ավելացմանը, ԵՄ հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը։ Հատկապես կարեւորում ենք տարածաշրջանային համագործակցության հնարավոր մոդելների կիրառությունը, սակայն ասացե՛ք՝ ինչպես կարելի է տարածաշրջանում իրականացնել արդյունավետ համագործակցություն, եթե Ադրբեջանը, ըստ էության, տոտալիտար եւ ագրեսոր պետություն է ցմահ նախագահի ինստիտուտով, փաստը՝ այդտեղ անցկացված վերջին հանրաքվեն, փաստը՝ ապրիլի սկզբին սանձազերծած պատերազմական գործողություններն են ղարաբաղա—ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հենց վերջին օրերին Ալիեւը, ըստ էության, մենատիրական իր իշխանությունը հավերժացնելով, նոր լարվածություններ է ստեղծում ղարաբաղա—ադրբեջանական սահմանում։ Սակայն ոչինչ, ինչպես միշտ, չի ստացվում։
Ալիեւին նորից զգուշացնում ենք, որ դուք պարտված եք եւ առաջինը՝ ձեր ժողովրդի մոտ։
Ադրբեջանի այդպիսի որակի իշխանությունը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ, եթե մենք ձեզ հետ միասին այդ գործողություններին չտանք համապատասխան քաղաքական եւ իրավական գնահատական։
Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ մենք բարձր ենք գնահատում OECD գործունեությունը եւ, իհարկե, ինչպես արդեն նշեցի, ակնկալում ենք, որ մեր տարածաշրջանում այն կընդլայնի համագործակցության եւ աջակցության սահմանները»։
Ելույթի ավարտին խոսքն ուղղելով ՏՀԶԿ (OECD) փոխնախագահին՝ Միքայել Մելքումյանը հարցրել է, թե հետճգնաժամանային այսպիսի իրավիճակում հնարավոր ինչպիսի լուծումներ կարող են առաջարկել։


Հերթական հակաժողովրդավարական հանրաքվեն Ադրբեջանում
ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ նիստում

 

«Հարգելի գործընկերներ,
Ես կարծում եմ, որ մենք հրատապ կարգով ուղղակի պարտավոր ենք քննարկել Ադրբեջանում սեպտեմբերի 26—ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այդ հանրաքվեով Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը պաշտոնապես վերածվում է սուլթանատի, եւ երկրի հիմնական օրենքով ամրագրվում է նախագահի աթոռը ժառանգությամբ փոխանցելու սուլթանատի հիմնական մոդելը։
Սահմանադրական փոփոխություններով սեփական պաշտոնավարումը 5 տարուց դարձնելով 7 տարի, իսկ նախագահի թեկնածուի համար նախատեսված տարիքային նվազագույն շեմը 35—ից դարձնելով 25 տարի՝ Ալիեւը երկրի Մայր օրենքով ամրագրեց իր պաշտոնավարումից հետո նախագահի աթոռը կրտսեր Ալիեւին փոխանցելու դրույթը։ Եվ չնայած թե՛ դեռեւս ազատության մեջ մնացած Ադրբեջանի մի քանի իրավապաշտպան կազմակերպությունները, թե՛ «Մուսավաթ» կուսակցությունը, թե՛ ԱՄՆ պետդեպը եւ մի խումբ կոնգրեսականներ կոչ արեցին Սահմանադրական դատարանին դրական եզրակացություն չտալ Ալիեւի հերթական բռնապետական թելադրանքին, սակայն սեպտեմբերի 26—ի հանրաքվեով Ադրբեջանը պաշտոնապես դարձավ բռնապետական սուլթանություն։
Հարգելի գործընկերներ, ես անգամ չեմ ցանկանում քննարկել, թե ինչ խայտառակ օրինախախտումներով է անցել հանրաքվեն։ Հույս ունեմ մեր վեհաժողովը կքննարկի նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության խիստ անհասկանալի գնահատականը, որ Ադրբեջանում հանրաքվեն անցել է բաց եւ թափանցիկ՝ արհամարհելով ԵԱՀԿ—ի եւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները։
Առնվազն հասկանալի չէ, թե ինչպես են վեհաժողովի մեր գործընկերներն օրինակելի համարում մի հանրաքվե, երբ ամբողջ միջազգային մամուլը եւ անգամ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հրապարակել են հարյուրավոր փաստեր ընտրակեղծիքների վերաբերյալ. օրինակ, թե ինչպես են քվեարկության տարել քվեարկելու իրավունք չունեցող դպրոցահասակ երեխաների։ Ավելին, աշխարհի տարբեր երկրներում ապրող ադրբեջանցիները նշյալ երկրների ադրբեջանական դեսպանատների մոտ կազմակերպել են ցույցեր՝ «Ժողովուրդը թագավոր չի ուզում» պաստառներով։ Ու նման խայտառակությունից հետո հայտարարվում է, թե ադրբեջանցիների 91 տոկոսը կողմ է թագավոր ունենալուն։
Հարգելի գործընկերներ, այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 26—ին Ադրբեջանում, մեր կառույցում պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա։ Մենք լռեցինք, երբ Ալիեւը սահմանադրական նախորդ փոփոխություններով նախագահ առաջադրվելու իրավունքը դարձրեց ցմահ, լռում ենք հիմա, երբ ԵԽ անդամ երկիրը պաշտոնապես հայտարարվում է սուլթանատ։
Ես պահանջում եմ, որ քվեարկության դրվի Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն հատուկ կամ հրատապ կարգով քննարկելու հարցը»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 413 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024