| 
				
			  
 Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը գոնե այս պահին չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ ընդգծելով, որ գործողը չէ, որ օրինակ՝ չասֆալտապատված փողոցների պատճառ է կամ նոր Սահմանադրությունը չէ, որ պետք է օգնի, որ նույն այդ ճանապարհները բարեկարգվեն։«Սահմանադրությունը եղել ու շարունակում է մնալ որպես քաղաքական փաստաթուղթ, այն համաձայնություն է հասարակության և պետության միջև հանրային կյանքի կառավարման և հասարակական հարաբերությունների կարգավորման մասին, հետևաբար փոփոխություններին պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից»,– ասաց նա։
 «Իմ կարծիքով օրակարգ բերված նոր Սահմանադրության նախագիծը խոսում է այն մասին, որ ինքն իրեն դուրս է դրել սահամանադրական կարգավիճակից ու խրվել անհատական հարցերի լուծման հորձանուտ և մյուս կողմից պետական իշխանության համակարգում խախտվել է ներքին հավասարակշռությունը ու փլվել իրավահաջորդության աշտարակը»,-ասաց նա։ Ըստ փաստաբանի՝ Սահմանադրության փոփոխման փոխարեն, այսօր երկրում անհրաժեշտ է հաստատել ու ամրապնդել սահմանադրականությունը: «Գործող Սահմանադրությունը պետք է գործի լիովին ու ամբողջովին, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան գնահատելու գործող Սահմանադրության արդյունավետությունը»,-ասաց նա: Նոր Սահմանադրության նախաձեռնողների կողմից, ըստ նրա, չի տրվել իրավակարգավորման այն հիմնավորումը նոր Սահմանադրության ընդունման հրատապության ու անհրաժեշտության վերաբերյալ: «Օրակարգ է բերվել մի հարց, որը բացարձակապես  հասարակությանը չի հետաքրքրում ու արդիական չէ: Նոր Սահմանադրության նախաձեռնողների կողմից չի մատնանշվել գեթ մեկ հարց, որը ցույց տա, թե գործող սահմանադրությունն այն վատ գործիք է, որը իրավական կամ քաղաքական ճգնաժամ է ստեղծել կամ կարող է ստեղծել, հետևաբար պետք է ձերբազատվել դրանից»,-ասաց նա։Նա նաև ընդգծեց, որ մինչ այս պահը նոր Սահմանադրության նախաձեռնողները չեն ստանձնել քաղաքական պատասխանատվություն նոր Սահամանդրության ընդունման գործընթացի նկատմամբ՝  չընդունման դեպքում հրաժարական տալու մասին:
 |