Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանն անդրադառնալով այս օգոստոսին ևս սահմանին Ադրբեջանի ակտիվությանը, անդրադարձավ, որպես կանխարգելիչ միջոցառումներ, պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգի կատարելագործմանը` մանրամասնելով.« Այժմ քայլեր են ձեռնարկվում մարտական հենակետերը բարձր զգայունակությամբ էլեկտրոնային սարքերով կահավորելու ուղղությամբ: Նշեմ, որ պետական սահմանի որոշ տեղամասերում նման սարքավորումներ արդեն տեղադրված են, բացի այդ այդպիսի սարքավորումների որոշ նմուշներ ներկայումս փորձարկվում են:
-Սահմանային միջադեպերի հետ կապված ի՞նչ կասեք։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները կրկին ակտիվացել և ինչո՞ւ են նրանք ակտիվանում, որպես կանոն, օգոստոսին:
-Սահմանին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի է՝ Զինված ուժերի կողմից իրականացվող կանխարգելիչ և պատժիչ գործողությունների շնորհիվ: Հակառակորդի հերթական ակտիվացման պատճառը նույնն է, ինչ նախկինում: Բաքվում հավանաբար կարծում են, որ իրավիճակը սահմանին ապակայունացնելը, լարվածության անընդհատությունը մեզ հետ ուժի դիրքերից խոսելու ամենանպատակահարմար ձևն է, ուժի ցուցադրություն, որը ալիևյան վերնախավի պատկերացումներով՝ մեզ կստիպի ընդունել Բաքվի պահանջները: Այդ պահանջները բացառում են կենսունակ հայոց պետականության հեռանկարն ու անընդունելի են սկզբունքորեն: Հետևաբար, ստեղծված իրավիճակում հակառակորդը պետք է ուժ տեսնի ի դեմս մեզ, անհաղթահարելի ուժ, ինչն էլ կստիպի ալիևյան վերնախավին և ադրբեջանական հանրությանը՝ համակերպվել առկա իրողությունների հետ: Եվ ուրեմն՝ հարկավոր է կամք պարտադրել հակառակորդին, կանխարգելիչ միջոցառումներով կաշկանդել նրան:
Արցախյան ազատամարտի կենսափորձն ի մի բերելով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջ է քաշել հետևյալ դիրքորոշումը՝ թույլ չտալ, որպեսզի մեզ երկրորդ անգամ պատերազմ պարտադրեն: Ասվածը ենթադրում է, որ շատ ավելի հարուստ ռեսուրսներով հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար հարկավոր է ունենալ մտքի հանդգնություն և լինել նախաձեռնող: Ներկա իրողություններում, երբ հակառակորդը հակված է լարվածության օջախներ ստեղծել պետական սահմանին՝ մեր խնդիրն է առաջանցիկ ակտիվություն հանդես բերելով խափանել հակառակորդի այդ դավադիր ծրագրերը: Մենք կդառնանք մատչելի թիրախ և կունենանք մեծաթիվ կորուստներ, եթե պասիվ լինենք և թույլ տանք հարձակվել մեզ վրա:
Պետք է իրատես լինել՝ սահմանին անդորր դեռ երկար չի լինի: Տվյալ դեպքում խոսքը կարող է լինել հարաբերական և ժամանակավոր անդորրի մասին: Փորձն է հուշում՝ որքան ավելի հուժկու լինեն մեր կանխարգելիչ կամ պատժիչ հարվածները, որքան ավելի ցավոտ կորուստներ կրի հակառակորդն այդ հարվածների հետևանքով, այնքան ավելի երկարատև կլինի այդ ժամանակավոր անդորրը: Ըստ այդմ՝ մեր Զինված ուժերի խնդիրն է հնարավոր նվազագույնի հասցնել ադրբեջանական նախահարձակ ագրեսիայի դրսևորումները: Հենց այս օրերին մենք ականատես կլինեինք թշնամու ագրեսիայի շատ ավելի մեծաթիվ դրսևորումների, եթե չլինեին մեր կանխարգելիչ միջոցառումները:
Ի դեպ, կանխարգելիչ միջոցառումներ ասելով մենք ի նկատի ունենք ոչ միայն հակառակորդի դեմ ձեռնարկված հատուկ գործողություններն, այլև պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգի կատարելագործումը, ինչը անընդհատ գործընթաց է: Այժմ քայլեր են ձեռնարկվում մարտական հենակետերը բարձր զգայունակությամբ էլեկտրոնային սարքերով կահավորելու ուղղությամբ: Նշեմ, որ պետական սահմանի որոշ տեղամասերում նման սարքավորումներ արդեն տեղադրված են, բացի այդ այդպիսի սարքավորումների որոշ նմուշներ ներկայումս փորձարկվում են: Նշեմ նաև, որ վերջին շրջանում զինված ուժերը համալրվել են մարտական հերթապահության ընթացքում դիտարկումն արդյունավետ դարձնող մի շարք այլ սարքերով ևս:
-Հաղորդվեց, որ ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Մտահոգություն կա, որ Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել և հետագայում հրետակոծել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
-Ադրբեջանական բանակի ցանկացած ակտիվություն՝ լինի դա ուժերի տեղաշարժ, կամ ուժերի կուտակում, ինժեներական աշխատանքներ, թե զորավարժություն գտնվում է մեր զինված ուժերի հրամանատարության ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ՝ այս կամ այն սպառնալիքի ակտուալացման պարագայում անմիջապես կձեռնարկվեն հակընդդեմ քայլեր:
|