Վերջին տարիներին 2 գործընկերների՝ Բեռլինի և Անկարայի միջև միմյանց հանդեպ բազմաթիվ պահանջներ են կուտակվել։ Գերմանիայի դժգոհությունը, որտեղ բնակվում է ավելի քան 3 մլն թուրք, այն է, որ շատ ներգաղթյալներ չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը։
Բունդեսթագում վստահ են, որ մեղքի մի մասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է և նրա շրջապատինը, որոնք մեկ անգամ չէ, որ Գերմանիայի թուրքերին կոչ են արել պահպանել մայրենի լեզուն, հավատն ու ավանդույթները։
Իսկ Անկարան դժգոհ է, որ Գերմանիայի կառավարությունը ոչ մի կերպ չի նպաստում Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը, գրում է Лента-ն։
Ի դեպ, երկու երկրների առաջնորդների անձնական հարաբերությունները չեն ստացվել հենց սկզբից։ Շատ լրագրողներ նշում էին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Էրդողանի միջև չկա անձնական համակրանք, այսպես կոչված՝ «քիմիա»։
Անկարայի համար տհաճ նորություն էր նաև այն, որ Գերմանիան պաշտոնապես որպես ցեղասպանություն է ճանաչել 1915-ին թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները։ Առաջինն այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը՝ ապրիլի 23-ին՝ Բեռլինում այդ դեպքերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ։
Երկրորդն արտահայտել է արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը։ «1915-ին տեղի ունեցածն ընկնում է «ցեղասպանություն» սահմանման ներքո, ես շատ լավ եմ հասկանում նրանց զգացմունքները, ովքեր ցանկանում են, որ դա հենց այդպես էլ անվանվի»,- նշել է նախարարը։
Եվ թեև Գաուկն ընդունել է նաև Բեռլինի մասնակի պատասխանատվությունն այդ դեպքերի համար (Կայզերական Գերմանիայի զինվորականները մասնակցել են հայերի արտաքսմանը), թուրքական ԱԳՆ-ն դժգոհությամբ է պատասխանել այդ հայտարարությանը։
«Նախագահ Գաուկն իրավունք չունի թուրք ժողովրդին վերագրելու հանցագործություններ, որոնք ինքը չի արել։ Թուրք ժողովուրդը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ սպառնալով, որ եթե Գերմանիան չհրաժարվի նման դիրքորոշումից և կառուցողական դիրքորոշում չզբաղեցնի, երկարաժամկետ հեռանկարում դա բացասական հետևանքներ կունենա Անկարայի և Բեռլինի հարաբերությունների համար։
ՌԴ ԳԱԱ միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կոկեևի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հերքումը վատ է անդրադառնում Գերմանիայում Թուրքիան ընկալելու վրա։
«Դա ցավալի հարց է Անկարայի համար։ Դեռևս թուրքերը կտրականապես համաձայն չեն տեղի ունեցածը «ցեղասպանություն» անվանելուն։ Գերմանիան, որպես երկիր, որն ամբողջությամբ ընդունել է պատասխանատվությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների համար, վատ է վերաբերում թուրքական իշխանությունների նման գործողություններին։ Հայոց ցեղասպանության հերքումը միայն հեռացնում է Թուրքիային այնքան բաղձալի ԵՄ-ի անդամակցությունից»,- վստահ է քաղաքագետը։
Գերմանիան հավանություն չի տալիս նաև նրան, որ թուրքերը պատժիչ գործողություններ են իրականացնում ընդդեմ Սիրիայի քրդերի։ Մյուս կողմից, Բեռլինը, որը բացասական է վերաբերում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին, ստիպված է զերծ մնալ Անկարայի հասցեին մեղադրական մեկնաբանություններից։
«Գերմանական ԶԼՄ-ները վստահեցնում են, որ սիրիացի առաջնորդը մեծ չարիք է։ Ընդ որում՝ Գերմանիայի իշխանությունները հասկանում են, որ եթե Ասադի ռեժիմն անկում ապրի, ԻՊ-ի գրոհայինները կոչնչացնեն էթնիկ և կրոնական փոքրամասնություններին։ Սիրիան Թուրքիայի շահերի ոլորտում է, այդ պատճառով էլ Անկարան ցանկանում է տապալել Դամասկոսի պաշտոնական ռեժիմը՝ տարբեր ծայրահեղական խմբավորումների աջակցելով։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում մարզում է ԻՊ-ի գրոհայիններին, զինում, անձնագրեր տալիս, տարանցիկ երկիր հանդիսանում կամավորների համար, այդ թվում՝ Գերմանիայից։ Սակայն դրա վրա պաշտոնական Բեռլինն աչք է փակում, քանի որ նրա համար Ասադի ռեժիմի անկումն ավելի ցանկալի նպատակ է»,- նշել է ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի Գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը։
|