Ոլորտը մրցունակության խնդիրներ ունի
Հայաստանում թեթեւ արդյունաբերությունն իր լավագույն օրերը չի ապրում։ ԽՍՀՄ—ում ու նրա սահմաններից դուրս մեծ պահանջարկ ունեցող եւ իսկական բրենդի վերածված հայկական տրիկոտաժն այսօր պարզապես գոյատեւում է։ Հանրապետության առաջատար համարվող «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկան, ուր երեկ այցելել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տարեկան կարողանում է 150 մլն դրամի արտադրանք տալ։ Ընդ որում, ճգնաժամային շրջանը հաղթահարելուց հետո արտադրական անգամ նման ոչ տպավորիչ ծավալներ ապահովելը ընկերության ղեկավարներին այնքան էլ հեշտ չի տրվում։ Մի քանի տարում մեծ դժվարությամբ ձեռք բերված շուկաները՝ հիմնականում ռուսական, ճգնաժամի ընթացքում կորսվեցին։ Եւ հիմա «Տոսպ»—ում փորձում են վերագտնել դրանք։
Հիմնականում մանկական հագուստ, շապիկներ, ներքնազգեստ եւ տարատեսակ համազգեստներ։ Սա ընկերության հիմնական արտադրատեսականին է, սակայն, շուկայի պահանջարկին զուգահեռ, այն երբեմն—երբեմն փոփոխվում է։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ ներքին շուկան գրաված չինական եւ թուրքական արտադրանքները «Տոսպ»—ում մրցակցությունից դուրս են համարում։ Ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկու բնորոշմամբ՝ նրանք մեծ են ու ծանր։ «Տոսպ»—ում բամբակե գործվածի հումքն ամբողջովին ներկրվում է Միջին Ասիայից եւ Թուրքիայից, ինչն իր հերթին է նվազեցնում տեղական արտադրանքի գնային առումով մրցունակությունը։
Ս. Բեկիրսկու գնահատականներով, եթե դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ամսական 100—120 հազար դոլարի հասցվեն՝ գոհացուցիչ կլինի։ «Մեր խնդիրն այսօր նոր ճանապարհներ գտնելն է, ինչպես նաեւ մաքսային խոչընդոտները հաղթահարելը։ Եթե դա մեզ հաջողվի, ապա արդյունավետ արտահանում կիրականացնենք»,–նշեց ֆաբրիկայի տնօրենը։
Նախարար Տիգրան Դավթյանը ֆաբրիկայում շրջելուց, արտադրատեսականուն ու ընկերության գործունեության հետ առնչվող խնդիրներին ծանոթանալուց հետո նշեց, որ հայկական արտադրանքը միջազգային շուկա հանելու համար լուրջ քայլեր պետք է ձեռնարկել։ Ըստ Տ. Դավթյանի, թեթեւ արդյունաբերությունն աշխարհում բավականին բարձր մրցակցություն ունեցող ոլորտներից է, եւ Հայաստանը փնտրտուքի մեջ է, որպեսզի կարողանա այն ծավալները, որ ուներ խորհրդային տարիներին, ինչ—որ չափով վերականգնել։ «Այստեղ կարեւոր է պետության դերը, քանի որ պետք է տեղական արտադրողների համար ապահովենք արտահանման համար իդեալականին մոտ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան արտաքին շուկա մուտք գործել»,–ասաց Տ. Դավթյանը։
Այս առումով կան համեմատական առավելություններ. Հայաստանն ունի առեւտրական բավականին լավ ռեժիմներ։ Մինչդեռ շատ երկրներ, որոնք թեթեւ արդյունաբերության ոլորտում Հայաստանի մրցակիցներն են, նման բարենպաստ առեւտրային ռեժիմներ չունեն։ Ըստ նախարարի՝ դա լավ հնարավորություն է նաեւ օտարերկրյա ընկերություններին ներգրավելու առումով, քանի որ օտարերկյա կապիտալի մասնակցությամբ ընկերությունները եւս կստանան հայկական ծագման սերտիֆիկատներ, ինչը նշանակում է՝ մուտքը օտարերկրյա շուկաներ կլինի բավականին բարենպաստ ռեժիմներով։
Տ. Դավթյանի խոսքերով, թեթեւ արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ ոչ մեծ ներդրումներով հնարավոր է ստեղծել նոր աշխատատեղեր եւ ներգրավել օտարերկրյա ներդրումներ՝ շնորհիվ ԵՄ—ի ու ԱՊՀ երկրների հետ բարենպաստ առեւտրային ռեժիմների։
Ան հարցին, թե նախարարը կկրե՞ր «Տոսպի» արտադրանքը, Տ. Դավթյանն ասաց, որ իր երեխաները փոքր հասակում կրել են այս ֆիրմայի արտադրանքը։
Հայկական որակը խեղդվում է թուրքական գովազդով
Մետաղապլաստե եւ պոլիմերային խողովակների արտադրությունից իր գործունեությունն սկսած «Նյու պլաստ» ընկերությունը գործունեության չորս տարիների ընթացքում ընդլայնել է գործունեության շրջանակները եւ շուկաները։ Ինչպես նշեց ընկերության առեւտրային ներկայացուցիչ Հովհաննես Ազիզյանը, «Նյու պլաստ»—ն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց մետաղապլաստե եւ պոլիմերային խողովակների արտադրություն, եւ ոլորտում առաջատար է։ Արտադրությունը կազմակերպելու համար ներկրվել է բոլորովին նոր 7 հոսքագիծ եւ 3 տերմոպլաստ մեքենա։ Եվրոպական չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի հիմնական արտադրատեսականին ու նաեւ կցամասերը մեծ հաջողությամբ մրցակցում են արտերկրից բերված ու տեղական համանուն արտադրատեսակների հետ՝ զբաղեցնելով տեղական շուկայի մոտ մեկ քառորդը։ «Նյու պլաստ»—ի արտադրանքն արդեն պահանջված է նաեւ հարեւան Վրաստանում եւ Ռուսաստանում։ Ընկերությունում փորձում են գնային առումով պահպանել մրցունակությունը արտերկրից բերվող ապրանների համեմատությամբ, սակայն դրսում՝ հատկապես վրացական շուկայում, թուրքական գովազդային հզոր քարոզչությանը դիմակայելու լուրջ խնդիր կա։ Ընկերության ղեկավարությունը հենց գովազդի հարցում աջակցելու խնդրանքով էլ դիմեց գործարան այցելած էկոնոմիկայի նախարարին։ «Սա ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու լավ օրինակ է»,–գործարանում կատարած շրջայցից հետո ասաց Տ. Դավթյանը։ Նրա խոսքերով, «Նյու պլաստը» միջազգային չափանիշներին համապատասխանող ձեռնարկություն է եւ արտադրում է այնպիսի արտադրանք, որը մինչ այդ հիմնականում ներմուծվում էր։
Մասնագետների կարծիքով եւս, ինչպես նշեց նախարարը, այս ընկերության արտադրանքը իր որակով չի զիջում ներկրված ապրանքներին, հակառակը՝ ավելի որակյալ է եւ գնային առումով էլ՝ մատչելի։ «Նմանատիպ՝ միջին չափի ձեռնարկություններին մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք, քանի որ նրանք բավականին լուրջ զարգացման հնարավորություն ունեն»,–նկատեց Տ. Դավթյանը։ Նախարարն ընկերությանը խոստացավ պետական աջակցություն՝ ֆինանսականից մինչեւ արտերկրի նոր շուկաներ արտադրանքի արտահանման հնարավորություն։
Նշենք, որ այս տարվա հունիսի 1—ի դրությամբ ընկերությունը տվել է 169 մլն դրամի արտադրանք։ Արտահանման ծավալը կազմել 37,8 մլն դրամ։ Ընկերությունում աշխատում է 50 մարդ՝ 100 հազար դրամ միջին աշխատավարձով։
Գայանե ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
***
Ըստ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, աճել է 25.1%—ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0.1%—ով։ hhpress.am