Հուլիսի 21—ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ ԱՄՆ պաշտպանական տեղեկատվության կազմակերպության փոխտնօրեն Դեյվիդ Շուդը խիստ մտահոգություն են հայտնել Սիրիայի ընդդիմության շարքերում ծայրահեղ իսլմականների թվի աճի եւ ընդդիմության տարբեր թեւերի միջեւ առկա տարաձայնությունների առնչությամբ։ Քեմերոնը, նշելով, որ նախագահ Բաշար Ասադի դիրքերն ամրապնդվել են, նախազգուշացրել է զինված ընդդիմությանը աջակցելու հարցում հաշվի առնել, որ ծայրահեղականներն արդեն զգալի թիվ են կազմում։ Նա նաեւ կարեւորել է ժողովրդավարության ու բազմակարծության ձգտող ուժերին աջակցելու անհրաժեշտությունը։ Շուդն անվտանգության հարցերին նվիրված «Սփեն» համաժողովին շեշտել է, որ սիրիական պատերազմը հզորացրել է «Ալ Կաիդային» եւ ծայրահեղականներին, մտահոգություն հայտնելով Սիրիայի շիա—սունի հակամարտություններն Իրաքում տարածվելու վերաբերյալ։ Նա վկայակոչել է վերջին ամիսներին Իրաքում ահաբեկչությունների ակնհայտ աճի իրողությունը, նշել, որ այն կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Շուդը հավելել է նաեւ, որ եթե Ասադը մնա իշխանության ղեկին, ապա նա նախկին ուժը կորցրած կլինի, իսկ եթե ապստամբները գան իշխանության, շիա—սունի բախումները տարիներ կշարունակվեն։ Այլ կերպ ասած, վերջինս անուղղակիորեն նշում է, թե դեմ չի լինելու թույլ Ասադի իշխանության մնալուն։ Նա նույնպես կարեւորել է ժողովրադավար եւ բազմակարծության կողմնակից ուժերին աջակցելու անհրաժեշտությունը։ Ստեղծված իրավիճակում Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD) առաջնորդ Սալեհ Մոսլեմը «Ֆրանս պրեսին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Սիրիայի քրդերը նախապատրաստվում են ձեւավորել ժամանակավոր ինքնավար կառավարություն։ Նրա կարծիքով՝ Սիրիայի ճգնաժամից դուրս գալը դյուրին գործ չէ, ուստի քրդերը անհրաժեշտաբար ինքնավար իշխանություն պետք է ձեւավորեն «Արեւմտյան Քրդստանում»։ PYD—ը «Արեւմտյան Քրդստան» ասելով նկատի ունի Սիրիայի հյուսիսում քրդաբնակ Ալ Հեսաքա նահանգն ու որոշ հատվածներ Ալբ նահանգից։ Մոսլեմն ընդգծել է, որ իր ղեկավարած կուսակցությունն ինքնավարության նախագծի վրա աշխատել է 2007 թվականից, եւ հավելել, թե երբ Սիրիայում բոլոր հարցերը կկարգավորվեն, կավարտվի նաեւ իրենց ստեղծած ինքնավարության գործունեությունը։ Նման նախագծի առկայությունը «Ֆրանս պրեսին» տված հարցազրույցում հաստատել է նաեւ «Արեւմտյան Քրդստանի ժողովրդական խորհրդի» խոսնակ Շիրզադ Իզադին։ Նա նշել է, որ ժամանակավոր ինքնավարությունը կառավարելու է խնդրո առարկա տարածաշրջանը, միաժամանակ անց է կացնելու ժողովրդավարական ընտրություններ՝ Իրաքի Քրդստանի օրինակով։ Իզադին շեշտել է, թե քրդական ինքնավարության վերաբերյալ քրդական տարբեր ուժերի միջեւ բանակցությունները շատ վաղուց են սկսվել, եւ նույնիսկ քննարկման առարկա է եղել ժամանակավոր սահմանադրության նախագիծը։ Հատկանշական է, որ 2012—ից ի վեր, երբ Սիրիայի բանակի ուժերը դուրս բերվեցին քրդաբնակ շրջաններից, տարածաշրջանը կառավարում են քրդական տեղական խորհուրդները։ Հավելենք նաեւ, որ քրդերը կազմում են երկրի բնակչության շուրջ 15 տոկոսը։ Սիրիայի քրդերը, փաստորեն, նման հայտարարությամբ հանդես են եկել այն բանից հետո, երբ Սիրիայում «Ալ Կաիդայի» մասնաճյուղեր համարվող «Ալ Նոսրայի» եւ Իրաքի ու Շամի իսլամական էմիրության խմբավորումների դեմ պայքարում արձանագրել են լուրջ հաջողություններ։ Հուլիսի 17—ին քրդական գումարտակները նշյալ ուժերի հետ մի քանի օր շարունակվող լուրջ բախումների արդյունքում գրավեցին Ալ Հեսաքա նահանգում գտնվող, Թուրքիային սահմանակից, ռազմավարական մեծ նշանակությամբ Ռաս ալ Այն քաղաքը։ Իսկ հուլիսի 20—ին վերոհիշյալ ծայրահեղականների հետ բախումների ընթացքում քրդական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Ալ Հեսաքա նահանգի այլ շրջանների վրա եւ բռնագրավել բավական քանակով զինտեխնիկա ու զինամթերք, այդ թվում՝ տանկեր եւ զրահամեքենաներ։ Ավելին, Թել Աբիդ քաղաքում քրդական ուժերը ձերբակալել են Իրաքի ու Շամի իսլամական էմիրության առաջնորդին՝ էմիրին, երբ նա իր կողմնակիցների հետ փորձում էր ռումբ տեղադրել մի դպրոցում, որը PYD—ի կենտրոնն է համարվում։ Զարգացումների այդօրինակ ընթացքը գործնականում Թուրքիայի համար վատթարագույն տարբերակն է, ինչից մշտապես սարսափում էր Անկարան, այն է՝ իր սահմաններին կից երկրորդ քրդական ինքնավարության ստեղծումը, որտեղ կարող են ապաստանել PKK—ի անդամները։ Իսկ այժմ ինքնավարության հնարավոր ձեւավորման հարցում կարեւոր դեր է ունենալու PYD—ը, որը հայտնի է որպես PKK—ի սիրիական տարբերակ։ Նշվածին կարելի է հավելել նաեւ, որ բացառված չէ, որ Արեւմուտքն անուղղակի նպաստի քրդական ինքնավարության ստեղծմանը։ Մանավանդ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Սիրիայում առաջացած ճգնաժամի ընթացքում տարածվեցին տեղեկություններ, որոնց համաձայն Արեւմուտքը քրդերին ինքնավարություն էր խոստանում։ Մյուս կողմից, նկատի ունենալով քրդական ուժերի հայտարարությունները ժողովրդավարության մասին, կարելի է նրանց դասել այն ուժերի թվին, որոնց աջակցելու մասին ակնարկել են ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները, քանզի քրդերն իրենց ժողովրդավար են համարում եւ պայքարում են ընդդեմ ծայրահեղականների, միաժամանակ դուրս են կենտրոնի վերահսկողությունից։ Ահա թե ինչու է Անկարան խուճապի մատնվել եւ հուլիսի 17—ից Սիրիային սահմանակից երեք շրջաններում պատրաստ վիճակի բերել զորքերը՝ համալրելով նոր զինտեխնիկայով։ Իսկ ԱԳ նախարար Դավութօղլուն, հանդես գալով հայտարարությամբ, շեշտել է, որ ամենաարդյունավետ եղանակով Թուրքիան պատասխանելու է Սիրիայի տարածքից երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլի։ hhpress.am