ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 15 » Թուրքիայի տարածքով փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք
12:51
Թուրքիայի տարածքով փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք

Նույնիսկ ՏՆԵԿ եւ ՍԾՏՀ թույլտվությունների եւ ՏԻՐ գրքույկների առկայությամբ
Երեւանում երեկ կայացավ Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) Եվրասիայի երկրների հետ կապի կոմիտեի նիստ, որին մասնակցեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, IRU—ի գլխավոր քարտուղար Մարտին Մարմին, նաեւ IRU—ի ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները։ Նիստի օրակարգում ընդգրկված էին ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ճանապարհատրանսպորտային փոխադրումների համակարգի, միջազգային ավտոբեռնափոխադրումների համար տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) եւ սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) բազմակողմ թույլտվությունների եւ քվոտաների քննարկումը։
Ողջույնի խոսքում Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ միջազգային ավտոմոբիլային միությունը ազգային ավտոտրանսպորտային միությունների եւ կազմակերպությունների շահերը միավորող հիմնական միջազգային կազմակերպությունն է։ Աջակցելով ավտոտրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանը՝ միությունը կարեւորագույն տեղ է զբաղեցնում ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման գործում. «Միությունը գերազանցորեն ապահովում է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ ավտոտրանսպորտային ոլորտի շահերի ներկայացումը։ Միությանն առընթեր գործող ակադեմիայի հետեւողական աշխատանքի շնորհիվ իրականացվում է ավտոտրանսպորտի բնագավառի առանձին ճյուղերի աշխատակիցների որակավորման բարձրացում։ 
Հարկ եմ համարում նաեւ նշել միության դերը եվրասիական տարածաշրջանում եվրո—ասիական տրանսպորտային կապի զարգացման գործում։ Մասնավորապես միջազգային տրանսպորտային միջանցքների եւ բազմակողմ թույլտվությունների արդյունավետ օգտագործման եւ կիրառման հարցում»։
Նշելով, թե ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը, այդ թվում՝ ուղեւորների եւ բեռների արդյունավետ փոխադրումների կազմակերպումը յուրաքանչյուր պետության կայուն տնտեսական բարգավաճման եւ առեւտրի խթանման նախադրյալ է, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը շեշտեց, թե տրանսպորտի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը. «Հայաստանում գործող տրանսպորտային օրենսդրությունը համարվում է եվրասիական տարածաշրջանում ամենաազատականացված օրենսդրություններից մեկը։ Կարեւորելով ոլորտի զարգացման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել առայժմ չլիցենզավորել ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառը»։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը իր հերթին կարեւորելով ոլորտի զարգացումը եւ հասկանալով, որ այսօր առկա են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ոլորտի զարգացման համար՝ նախարարին կից ստեղծել է փոխադրողների խորհուրդ, որի մեջ ընդգրկված են երկրի հիմնական բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ասոցիացիան։ Խորհուրդը մի կառույց է, որը, նախարարի կարծիքով, հնարավորություն է տալիս փոխադրողներին բարձրացնելու իրենց հուզող հարցերը եւ ստանալ ակնկալվող աջակցությունը տրանսպորտի եւ կապի նախարարության ու կառավարության կողմից։ Դրանով հայկական փոխադրողներին տրվում է ավտոտրանսպորտային շուկայի զարգացման հնարավորություն։
«Ցանկանում եմ նշել, որ օտարերկրյա փոխադրողների համար նույնպես նախատեսված են պարզեցված գործընթացներ։ Օրենսդրությամբ օտարերկրյա ավտոմեքենաների մուտքը ՀՀ չի պահանջում մուտքի եւ տարանցման թույլտվություններ։ Սահմանի վրա իրականացվում է ՀՀ մուտքի արտոնագրերի պարզեցված տրամադրում։ Չնայած դրան, այսօր հայկական փոխադրողները նույնիսկ ՏՆԵԿ եւ ՍԾՏՀ թույլտվությունների եւ ՏԻՐ գրքույկների առկայության դեպքում զրկված են հարեւան Թուրքիայի տարածքով երկկողմ եւ տարանցիկ փոխադրումներ իրականացնելու հնարավորությունից, որի մասին բազմիցս տեղեկացվել են մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ Միջազգային ավտոմոբիլային միությունը։ Դուք հնարավորություն կունենաք երթեւեկելու Վրաստան եւ տեսնելու մեր ճանապարհներին տարբեր երկրների պետհամարանիշներով ավտոմեքենաներ»,—հավելեց Մ. Վարդանյանը։
Նա նիստի մասնակիցներին տեղեկացրեց նաեւ, որ հաշվի առնելով ավտոմոբիլային տրանսպորտում անվտանգության ապահովման կարեւորությունը՝ Հայաստանի կառավարությունը 2009թ. հաստատել է Հայաստանի եւ Երեւանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարություն եւ հնգամյա գործողությունների ծրագիր։ Ստեղծված է ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհուրդ, որը գլխավորում է ՀՀ վարչապետը։ Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից է նաեւ թվային տախոգրաֆների տրամադրման եւ վերահսկողության համակարգի ներդրումը. «2011թ. հունիսի 8—ին մենք արդեն ստացել ենք թվային տախոգրաֆների ազգային բանալիները եւ առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կկարողանանք հրատարակել առաջին քարտերը։ Զգալի ուշադրություն է դարձվում նաեւ ավտոմոբիլային ճանապարհների բարեկարգմանը եւ նոր ճանապարհների կառուցմանը։ Ներկայումս իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների մի շարք լայնածավալ նախագծեր։ Առանձնացնեմ Հյուսիս—հարավ ավտոմայրուղու շինարարության նախագիծը, որի ընթացքում առաջին անգամ մեր երկրում նախագծային փուլում իրականացվեց ճանապարհների երթեւեկության անվտանգության աուդիտ»։ Կարեւորվում է նաեւ ՀՀ—ն վրացական սեւծովյան նավահանգիստների հետ կապող հիմնական երեք ուղղությունների բարեկարգումը եւ ճանապարհների դասի բարձրացումը՝ հաշվի առնելով Հայաստանի բարձր լեռնային ռելիեֆը։ Շարունակվում են նաեւ օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված քայլերը։ Այդ թվում «Ավտոմոբիլային փոխադրումների մասին» օրենքն է կատարելագործվում, շարունակվում են տրանսպորտի բնագավառի գործող միջազգային կոնվենցիաներին ՀՀ կողմից անդամակցության աշխատանքները։ Պարբերաբար ստորագրվում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին նոր երկկողմ համաձայնագրեր։ Վերջին երկկողմ համաձայնագիրը ստորագրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ 2011թ. մայիսի 26—ին Լեյպցիգում կայացած միջազգային տրանսպորտային ֆորումի շրջանակներում։
Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Մարտին Մարմին՝ նշելով, թե եթե ՀՀ—ն ձեռնարկում է ոլորտը կանոնակարգող բոլոր քայլերը, ապա իրենք էլ այնպես կանեն, որ սահմանների հատումը հեշտանա։ «Դեռ 700 տարի առաջ Մետաքսի ճանապարհը կար, բայց այն վերացավ, երբ ծովային ճանապարհը բացվեց։ Բայց ավտոտրանսպորտային ճանապարհի զարգացումը շատ կարեւոր է այսօր, որովհետեւ ավտոտրանսպորտի դեպքում ծովից կտրված երկրներ չկան»։ Ըստ Մ. Մարմինի, իրենց նպատակն է տարածաշրջանում էլ ներդնել այն նույն ընթացակարգերը, ինչը հաջողությամբ կիրառում են աշխարհի այլ մասերում. «Իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգը ցանկանում է աշխատել մեզ հետ՝ ի շահ իր երկրի բարօրության»։
Նիստի բացման արարողությունից անմիջապես հետո ստորագրվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ու Միջազգային ավտոմոբիլային միության միջեւ ՀՀ տարածքով Ասիայի, Եվրոպայի եւ հիմնական համաշխարհային շուկաների միջեւ ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիրը։ «Համոզված եմ, որ այս հուշագիրը կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տարածքով ավտոմոբիլային փոխադրումների զարգացման հերթական խթանը»,—ասաց Մանուկ Վարդանյանը։ Նույն համոզմունքը հայտնեց նաեւ Մարտին Մարմին։
Հարկ ենք համարում որոշ մանրամասներ ներկայացնել տախոգրաֆիայի համակարգի վերաբերյալ։ Տախոգրաֆիայի համակարգը ԱՊՀ երկրներում ներդրել է միայն Բելառուսը, որոշ քայլեր իրականացվել են նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից։ Համակարգի ներդրման ժամկետների առումով Հայաստանը համարվում է ԱՊՀ առաջատարներից մեկը։ Ի դեպ, Եվրամիությունն արգելել է առանց տախոգրաֆիկ քարտերի բեռնատար մեքենաների մուտքը։ Այս տախոգրաֆիկ քարտերն օգտագործվում են միջազգային բեռնափոխադրումներ անող բեռնատարներում՝ լինելով, այսպես ասենք, յուրօրինակ սեւ արկղ։ Այն էական նշանակություն ունի բեռների եւ վարորդների ավտանգությունն ապահովելու համար։ Նախարար Մ. Վարդանյանի տեղեկացմամբ՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների սեփականատերերը տախոգրաֆիկ քարտերից օգտվելու համար կվճարեն պետական տուրք։ Նախատեսվում է, որ այդ տուրքի արժեքը կսահմանվի 50 հազ. դրամ։
Հավելենք, որ Ավտոտրանսպորտի միջազգային միությունը ստեղծվել է 1948թ. եւ հիմնական նպատակը ցամաքային տրանսպորտի զարգացումն է եւ օպերատորների շահերի պաշտպանությունը։ IRU—ի անդամներ են աշխարհի 74 երկրների շուրջ 172 տրանսպորտային միություններ։ Հայաստանը IRU—ի անդամ է դարձել 1999թ.։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 662 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024