Տնտեսական ռազմավարությունը կարող է ունենալ տարածաշրջանային նշանակություն
Տարածաշրջանային ռազմատնտեսական եւ քաղաքատնտեսական զարգացումների կենտրոնում մշտապես առկա են համաշխարհային բեւեռների ու գերտերությունների շահերը։ Դրանց հետազոտություններն անհրաժեշտ են Հայաստանի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ սոցիալ—տնտեսական եւ այլ շահերը պաշտպանելու եւ առաջ տանելու համար։
«ՀՀ»—ում հրապարակվել են Հայաստանին սպառնացող վտանգների ու շահերի պաշտպանության տեսակետներ, որոնք շարունակում ենք զարգացնել։
Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակը ձեւավորման փուլում է, որ հանդգնելու է փոխարինել տասնյակ տարիներ շարունակ տարածաշրջանում անմրցակից գործող Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա եռյակին։ Իսկ վերջինս միակ մասնակից դաշինքն էր Եվրոպա—Ասիա խաչմերուկում, որտեղ խաչվում են համաշխարհային նշանակության տնտեսական եւ այլ շահերը։ Այս խաչմերուկի տրանսպորտային, էներգետիկ, գազատար—նավթատարների, հումքավառելիքային եւ այլ միջազգային կարեւորության խնդիրները նպաստում են թուրք—ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմաքաղաքական շահերի սպասարկմանը, ի վնաս Հայաստանի զարգացման եւ առաջընթացի։
Իսկ Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակի կայացումը կնպաստի, որ ինչպես հորիզոնական ուղղությամբ՝ Վրաստանով դեպի Եվրոպա գնալու, այնպես էլ ուղղահայաց ուղղությամբ՝ Վրաստանով դեպի Ռուսաստան գնալու համար Հայաստանը դառնում է կապող շղթայի օղակ։ Եվ այստեղ է, որ այս եռյակը միանգամից գերազանցում է այսօր հորիզոնական ուղղությամբ իշխող Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա—Եվրոպա առանցքին, նաեւ Իրան—Ադրբեջան—Ռուսաստան ուղղահայաց կապին, որոնցից միտումնավոր դուրս է թողնված Հայաստանը։
Ուստի՝ շատ կարեւոր է, որ մեր արտաքին քաղաքականության հիմքում, նոր իշխանությունների գործունեության պարագայում վերստին հայտնվում են Իրանն ու Չինաստանը։ Իմիջիայլոց, Չինաստանի հետ հարաբերությունները տարածաշրջանային հարցերում եւս կարգավորվել են արտաքին փոխլրացնող քաղաքականության ժամանակ, երբ «կամ—կամ—ի» քաղաքականությանը եկավ փոխարինելու «եւ—եւ—ի» նպաստավոր ու արդյունավետ գործելաոճը։
Ի դեպ, եթե Իրանի հետ կապերը անչափ կարեւոր են տարածաշրջանային նոր եռյակի՝ Իրան—Հայաստան—Վրաստան, ձեւավորման համար, ապա Չինաստանի հետ հարաբեությունների զարգացումը մեծ նշանակություն ունի այն առումով, որ այս երկիրը փորձում է դառնալ համաշխարհային երրորդ բեւեռը, որն իր տնտեսական հզորությամբ այսօր զիջում է միայն Միացյալ Նահանգներին, իսկ տնտեսության զարգացման աճի տեմպերով արդեն իսկ առաջին տեղում է։ Այս առումով անչափ կարեւոր է, որ պաշտոնական Պեկինը «Մետաքսի հին ճանապարհի» վերականգնումը մեր տարածաշրջանում պայմանավորում է նաեւ Հայաստանի մասնակցությամբ, ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի (սրան մենք առանձին նյութով կանդրադառնանք)։ Իսկ այս ծրագիրը կարող է դառնալ տարածաշրջանի ամենամեծ տնտեսական նշանակության գործոն։ Եվ ոչ միայն տնտեսական նշանակության։
Հայ-չինական կապերը՝ որպես տարածաշրջանային տնտեսական առանցք
Հայ—չինական հարաբերություններն ու զարգացումը, ինչպես նշեցինք, կարեւոր ու հայանպաստ ծրագրեր կարող են իրականացնել տարածաշրջանում։ Այս առումով շատ կարեւոր էին նախորդ տարվա սեպտեմբերի վերջերին չինացի գիտնականների հետ կայացած քննարկումները Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը համակցելու հնարավորության շուրջ։
Այդ ժամանակ էլ տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը, գլխավոր տնօրենի տեղակալը, Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ—3—ի ղեկավարը, կազմակերպության Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատուն ընդունել էին «PowerChina» ընկերության Անդրկովկասյան տարածաշրջանի ներկայացուցչին, «PowerChina/Sinohydro»—ի Կովկասի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխտնօրենին եւ Հայաստանում «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցչին։ Նշենք, որ «PowerChina»—ի կազմում է ընդգրկված Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի տրանշ—3—ի (Թալին—Լանջիկ, Լանջիկ—Գյումրի) շինարարությունն իրականացնող «Սինոհիդրո» ընկերությունը։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները չինական կողմի հետ քննարկել են տրանշ—3—ում կատարվող շինարարական աշխատանքները։ Ընդգծվել է այս ճանապարհի կարեւորությունը Հայաստանի համար, ուստի նաեւ որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Ներկայացվել է նաեւ Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի հարավային ուղղությունը՝ տրանշ—4—ը (Արտաշատ—Ագարակ)։ Չինական կողմին, մասնավորապես, հետաքրքրում էին մի շարք հարցեր տրանշ—4—ի կառուցման ընթացքում պետություն—մասնավոր հատված հնարավոր համագործակցության վերաբերյալ։
Ինչպես նշել էին հյուրերը, Չինաստանի համար այսօր առաջնային է հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրենք Հայաստան են այցելել ուսումնասիրելու մեր երկրի հետ համագործակցության հեռանկարները։ Եվ իրենց կատարած հետազոտության արդյունքները առաջարկների տեսքով ներկայացնելու են Չինաստանի կառավարությանը։ Ուստի շատ կարեւոր է այդ ակնկալվող հեռանկարները միշտ արդիական պահել եւ փոխշահավետ։ Այս դեպքում հույս կա, որ չինական այլ շինարարական կազմակերպություններ նույնպես, որոնք մեծ փորձ ունեն կամուրջների, թունելների կառուցման գործում, հետաքրքրություն կդրսեւորեն Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի այլ հատվածների հետագա կառուցման աշխատանքներին միանալու հարցում։
Իսկ այս ծրագրի իրականացումը կարեւոր է, քանի որ միայն Հյուսիս—հարավի վերջնական կառուցումից հետո հնարավոր կլինի Հայաստանը ճանապարհային ցանցերի ծրագրերից դուրս չթողնել։
Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի վերջնական ու ամբողջական շահագործումը իրապես կնպաստի մեր երկրի տնտեսության աճին, որովհետեւ Հայաստանի հյուսիսից հարավ ընկած բնակավայրերում գործունեություն ծավալող գործարարները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց հնարավորությունները, կմեծանա համագործակցության հնարավորությունը, եւ իրենց արտադրանքը անխոչընդոտ կհասցնեն մեր երկրի այլ քաղաքների ու գյուղերի շուկաներ, այսպես ավելի էժան կլինի բեռնափոխադրումների արժեքը եւս։ Բացի այդ, ավելի դյուրին կդառնա մարդկանց տեղաշարժը, ինչը կնպաստի ոչ միայն ներքին տուրիզմի զարգացմանը։ Ի հայտ կգան այնպիսի հանգամանքներ, որ կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Միաժամանակ, մեր ներքին շուկայում գործունեություն ծավալելը կհետաքրքրի նաեւ արտաքին ներդրողներին։ Եվ արտաքին նորանոր ներդրումները ավելի գործնական հողի վրա կհոսեն Հայաստան։
Եվ ամենակարեւորը՝ տարածաշրջանում պարբերաբար կառուցվում են շահութաբեր ավտոճանապարհներ ու երկաթգծեր, որոնցից Հայաստանը մշտապես կտրված է մնում (մեծապես քաղաքական գործոնով պայմանավորված)։ Իսկ միջազգային տրանսպորտային ուղիներից դուրս մնալը սպառնալիք է ոչ միայն տնտեսության մեկուսացմանը, այլեւ մեր պաշտպանությանն ու անվտանգությանը։ Հյուսիս—հարավի շահագործմամբ պետք է փորձել ճեղքել առկա շրջափակումը եւ միանալ միջազգային ճանապարհային ցանցին։ Եվ ինչպես նշվեց վերեւում, սա հնարավորություն կտա ընդգրկվելու չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու Չինաստան—Կենտրոնական Ասիա—Արեւմտյան Ասիա տնտեսական միջանցքում։ Իսկ սա էլ կուժեղացնի մեր դիրքերը ԵՄ—ի TRASECA ծրագրում եւ այլ համաշխարհային ճանապարհային ցանցերում։ Կարծում ենք, այստեղ շահագրգռված կլինի նաեւ մեր սփյուռքը, կմեծանա հայ գործարարների շահագրգռվածությունը, ինչը ավելի կմեծացնի Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը։
Նախորդ տարվա սեպտեմբերի վերջերին չինացի գիտնականների հետ քննարկումներում հստակեցվեցին այն խնդիրները, որոնք կարեւոր ու առաջնային են միջազգային ասպարեզում քաղաքական ու տնտեսական խոշոր դերակատարներից մեկի՝ Չինաստանի զարգացման միտումների ու հայ—չինական հարաբերությունների ընդլայնման հեռանկարի առումով։ Այսօր լուրջ վերլուծություններ կան, գործելու հնարավորություններ, որոնք կարող են մեծ նշանակություն ունենալ նաեւ Չինաստան—Եվրասիա քաղաքական ու ռազմավարական հարցերում։ Չինաստանի դերի պարզաբանման առումով ներկայացվել է ներկա իրավիճակը՝ համադրելով քաղաքական ու տնտեսական իրողությունները, նաեւ համեմատական վերլուծություն է կատարվել 21—րդ դարի Չինաստանի արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Իսկ այն արդիական է, քանզի հիմնված է խաղաղության, ժողովրդավարության, գլոբալացման քարոզչության վրա։ Դիտարկվել են այս ամենին Հայաստանի ինտեգրվելու հնարավորությունները, եւ հստակ է, որ մեր երկրին անհրաժեշտ է ենթակառուցվածքների զարգացում, ինչի մասին խոսեցինք վերեւում։
Ըստ «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանի, Հայաստանը պետք է գործուն քայլեր կատարի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Չինաստանի հետ համագործակցելու ուղղությամբ։ 21—րդ դարում համաշխարհային տնտեսության ներուժը կուտակվում է Ասիա—խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Սա է պատճառը, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը հայտարարել են, որ շրջադարձ են կատարում դեպի այս տարածաշրջան։ «Չինաստանը՝ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը, իր հերթին, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ շրջադարձ է կատարում դեպի Եվրասիա մայրցամաքում իրենից արեւմուտք ընկած տարածաշրջանները»,— ասել է հիմնադրամի ղեկավարը։
Ըստ այս տեսակետը պաշտպանողների, Չինաստանն իր նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շնորհիվ փորձում է սեփական տնտեսությունը համակցել եվրասիական մյուս երկրների տնտեսությանը, տնտեսական հզորություններն օգտագործելով՝ դառնալ առանձին քաղաքատնտեսական բեւեռ։ Եթե ռուսական կողմը փորձում է իր կողմից առաջնորդվող Եվրասիական տնտեսական միությունը համակցել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, ապա ամերիկացիները, հասկանալով, որ չինական նախաձեռնության հաջողության դեպքում Եվրասիական մայրցամաքում եւ աշխարհում կմեծանա Պեկինի ազդեցությունը, փորձում է զսպման մեխանիզմներ մշակել Չինաստանի դեմ։ Սա, իհարկե, առանձին թեմա է։
Իսկ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի երկրները շարունակում են ակտիվորեն մասնակցել չինական նախաձեռնությանը, երբ Արեւմտյան Եվրոպայի երկրները դեռ զգուշություն են դրսեւորում։ Չինաստանն ահռելի ներդրումներ է կատարում Արեւելքից Արեւմուտք, ինչն իր հերթին դրական ազդեցություն է թողնում այն պետությունների տնտեսությունների վրա, որոնք այդ ներդրումներն օգտագործում են նպատակային՝ զարգացնելով սեփական տնտեսական հզորությունները։ Եվրասիա մայրցամաքում տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն ազդում են նաեւ Հայաստանի տնտեսության ու անվտանգության վրա, բայց Հայաստանը դուրս է մնացել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից, որը ձեւափոխում է տնտեսական, աշխարհաքաղաքական կարգը։
Հայաստանը շատ արագ պետք է գործուն քայլեր կատարի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Չինաստանի հետ համագործակցելու ուղղությամբ։ Այս համատեքստում ուշագրավ էր Երեւանում անցկացված «Չինաստան—Եվրասիա» գիտաժողովը, որը համախմբել էր անվանի գիտնականների Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Պակիստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ռումինիայից եւ այլ երկրներից։ Ներկայացվեցին հետազոտություններ, որոնք վերաբերում են սեփական երկրների փորձին ու վարած քաղաքականությանը եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական փոփոխությունների վերաբերյալ, որոնցում մեծանում է Չինաստանի դերը։
Ինչպես նշեցինք, Հայաստանը միայն Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքը կառուցելուց հետ հնարավորություն կստանա «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու «Չինաստան—Կենտրոնական Ասիա—Արեւմտյան Ասիա տնտեսական միջանցքի» միջոցով ընդգրկվելու Չինաստանը Եվրոպային կապող տրանսպորտային ենթակառուցվածքներում։ Իսկ Հայաստանի կողմից կառուցվող աշխարհաքաղաքական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող այս ուղին լիովին համընկնում է 2018թ. հոկտեմբերին Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկի կողմից ընդունված ռազմավարության դրույթներին, ըստ որոնց՝ բանկը, որը ստեղծվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» ֆինանսավորելու համար, պետք է ներդրումներ կատարի ասիական տարածաշրջանի այն ծրագրերում, որոնք նպատակ ունեն նպաստել Ասիայի տնտեսության կայուն զարգացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման միջոցով ամրապնդել կապը տարածաշրջանային պետությունների միջեւ։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ այդ նախաձառնությանը մասնակցելու հեռանկարին, պաշտոնական Երեւանը պետք է գործնական քայլեր անի երկրում ճանապարհները բարեկարգելու, երկաթուղին զարգացնելու ուղղությամբ։ Խնդիրն այն է, որ նման հավակնություն ունենալու դեպքում մեր երկիրը պետք է ներկայացնելու մրցակցային բան ունենա։ Հայ—չինական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր է նաեւ հանրային դիվանագիտության դերը՝ մշակութային, գիտական կապեր, Չինաստանի հայ համայնքի ներուժը եւ այլն։ Նշվեց, որ Չինաստանի հետ հարաբերությունները հնարավոր է օգտագործել նաեւ արցախյան հիմնախնդրի լուծման եւ այլ ազգային նպատակներով։ hhpress.am
Շարունակելի
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|