ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Մարտ » 2 » Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
15:15
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր

Աստանայի գործընթացի անդամ երկրների միջեւ հակասությունները սրվում են

Սիրիայում իրավիճակը կրկին բարդացման միտում ունի։ Փետրվարի 27-ին, ռուսական ուժերի աջակցությամբ, Իդլիբ նահանգի Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող ահաբեկիչների դեմ իրականացված օդային հարձակումից զոհվել է 33 թուրք զինվոր, եւ, ըստ տարբեր աղբյուրների, շուրջ 36—ն էլ վիրավորվել է։ Էրդողանն այս առնչությամբ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո, ըստ թուրքական աղբյուրների, այդ երկրի զինված ուժերն սկսել են թիրախ դարձնել Սիրիայի բանակի դիրքերը եւ ոչնչացնել դրանք։ Միաժամանակ ԱԳ նախարար Չաուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Վերջինիս խոսնակը, անդրադառնալով հեռախոսազրույցին, նշել է, որ Ստոլտենբերգը դատապարտել է հարձակումը եւ պահանջել անհապաղ դադարեցնել այն։ Նա նաեւ Իդլիբում ներքաշված բոլոր ուժերից պահանջել է ներկա վտանգավոր պայմաններում ջանք չխնայել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ եւ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք էլ ավելի են վտանգելու այստեղ տիրող աղետալի հումանիտար վիճակը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ—ն կանգնած է ՆԱՏՕ—ում իր դաշնակցի կողքին, միաժամանակ, Սիրիայից եւ նրան աջակցող Իրանից ու Ռուսաստանից պահանջել է անմիջապես վերջ դնել Իդլիբի վրա հարձակումներին։
Յենս Ստոլտենբերգը երեկ, ամփոփելով դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստի արդյունքները, որը գումարվել էր Թուրքիայի պահանջով՝ քննարկելու Իդլիբի իրադրության շուրջ ստեղծված իրավիճակը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ—ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։
Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Աստանայի գործընթացում համագործակցող երկրների ռազմավարական շահերը հակընթաց են, եւ որ համագործակցությունը մարտավարական շահերից է բխում, ուստի վաղ թե ուշ շահերի բախումը, թերեւս, անխուսափելի պիտի լիներ։ Թեեւ դեռեւս կողմերի դիվանագիտական հռետորիկայում զսպվածությունը նկատելի է, մասնավորապես՝ թուրք—իրանական կապերի դեպքում, որտեղ Սիրիայի հարցում հակասությունն առավել ցայտուն է եւ մերթընդմերթ ակնհայտ է դառնում։ Թուրքական ԶԼՄ—ները նախագահ Ասադին աջակցող շիա ուժերին ահաբեկիչներ են անվանում, իսկ կիսապաշտոնական «Անատոլու» գործակալությունը շեշտել է, որ դրանք 22 տարբեր խմբեր են։ Բացի այդ, շեշտվում է, որ թուրքական զինված ուժերն Իրանի հովանու ներքո գտնվող հարյուրավոր զինյալների են ոչնչացրել։ Ավելին, որոշ վերլուծաբանների, այդ թվում՝ Թուրքիայում բնակվող Միջին Արեւելքի հարցերով փորձագետ իրանցի Հասան Հաշեմյանի կարծիքով, Սիրիայում Իրանն ու Թուրքիան առճակատվել եւ կանգնած են դեմ—հանդիման(www.dw.com, 25 փետրվարի 2020 թ.)։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը Թուրքիային նախազգուշացրել է, որ վերջինիս ցանկացած նոր գործողություն անկանխատեսելի հետեւանք կունենա ողջ տարածաշրջանի համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, թե թուրք զինվորները եղել են զինյալ ահաբեկիչների շարքերում, ինչի մասին Անկարան Մոսկվային տեղյակ չի պահել։ 
Սա այն դեպքում, երբ փետրվարի 27—ին Իդլիբի հարցի շուրջ ռուս—թուրքական բանակցությունների 3—րդ փուլը Անկարայում շարունակվում էր, ինչի վերաբերյալ թուրքական աղբյուրները հայտարարել էին, թե նույն օրը կամ էլ փետրվարի 28—ին հայտնի կդառնան դրանց արդյունքները։ Հաշվի առնելով ահաբեկիչների դիրքերի վրա փետրվարի 27—ի հարձակումը՝ կարելի է ենթադրել, որ բանակցությունների այդ փուլը եւս ավարտվել է ապարդյուն։ Նույն օրը Էրդողանն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքական գիտությունների ակադեմիայի բացման առիթով հայտարարել է, թե հարյուրավոր մարդկանց սպանող Ասադին չի կարող ընդունել որպես բարեկամի՝ հավելելով, որ վերջինս դեռ մնում է լոկ Ռուսաստանի ու Իրանի աջակցության շնորհիվ։ Նա նշել է նաեւ, որ Իդլիբում Թուրքիան 3 նահատակ ունի, սակայն սիրիական կողմի կորուստներն անհամեմատ մեծ են։ Ըստ թուրքական «Անատոլու»—ի, որը հենվել է հավաստի աղբյուրների վրա, Սիրիայում ոչնչացվել է 1800 զինվոր։
Թուրքիան, ներխուժելով հարեւան ինքնիշխան երկիր, անկախ այն բանից, թե ով եւ ինչ վարչակարգ է այնտեղ իշխում, ռազմական երեք գործողությամբ Սիրիայի հյուսիսում շուրջ 8 հազար 300 քկմ—ի վրա փաստացի վերահսկողություն է սահմանել՝ իր նեոօսմանական կրքերին հագուրդ տալու նպատակով։ Այժմ Անկարան ջանք չի խնայում նաեւ այդ երկրի տարածքի շուրջ 11 տոկոսը կազմող Իդլիբ նահանգը, ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելով, պահել իր ազդեցության տակ։ Սակայն այնպես է աղմկում, թվում է, թե Սիրիան է ներխուժել այդ երկիր։ Ավելին՝ Անկարան իր գործողությունների նպատակը խաղաղասիրական է համարում։ Էրդողանը փետրվարի 24—ին Իզմիրում հայտարարել է, թե Թուրքիան ձգտում է Իդլիբում խաղաղություն հաստատել։
Թեեւ միջազգային ԶԼՄ—ներում Իդլիբում տեղակայված ահաբեկիչներին հաճախ անվանում են ապստամբներ, սակայն միջազգային հանրությունը լավատեղյակ է, որ Իդլիբը Թուրքիայի աջակցությամբ վերահսկում են ահաբեկիչները։ Ահավասիկ, դրա վառ ապացույցն է փետրվարի 26—ին Եվրամիության 14 երկրի ԱԳ նախարարների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարներ Ժան—Իվո Լե Դրիանի եւ Հայկո Մասի ստորագրությամբ «Լը Մոնդ» օրաթերթում տպագրված հոդվածը։ Այնտեղ միաժամանակ նախազգուշացում կա, որ ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդարացնել մարդու իրավունքների համատարած խախտումները։ Ուստի Ռուսաստանից ու Թուրքիայից պահանջել են վերջ դնել Իդլիբում բռնություններին, ջանքեր գործադրել լարվածության թուլացման ուղղությամբ, որպեսզի իրադարձությունների այդօրինակ զարգացումը հումանիտար նոր աղետի չհանգեցնի։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ հայտարարել է, որ ի պատասխան՝ Թուրքիայի զորքերը թիրախ են դարձրել Սիրիայի բանակի 200 դիրք, սակայն սիրիական կողմը դեռեւս այս առնչությամբ լռություն է պահպանում։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024