Երեւանում հունիսի 9—10—ը կանցկացվի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը։ Այս տարին ֆորումի համար հոբելյանական է։ Այն արդեն 10—րդ անգամ յուրօրինակ հարթակ է դառնում ՏՏ ոլորտի եւ բիզնեսի մյուս ճյուղերի ներկայացուցիչների համար։
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարեւոր միջոցառումներից է։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
«Այս տարի ֆորումի ժամանակ կհայտարարվի Երեւանում 2019 կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։ Այս կարեւոր միջոցառումն անցկացնելու համար պահանջվում է հսկայածավալ աշխատանք։ Հայաստանում այս կոնգրեսի անցկացումը մեծ հնարավորություններ է ենթադրում, քանի որ համաշխարհային IT ընկերությունների 2000—ից ավելի լիդերներ են գալու Հայաստան։ Դա նշանակում է, որ կարող ենք նրանց ցույց տալ Հայաստանի IT լուծումները, հնարավորությունները, ներուժը»,– ասաց Ալեքսանդր Եսայանը։
Այս տարի կայանալիք «ԴիջիԹեք» ֆորումի հյուրերն են լինելու Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance —WITSA) նախագահն ու քարտուղարը։ Կքննարկվեն 2019 թվականին Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կներկայացվի ՀՀ—ում անցկացվելիք համաժողովի բրենդը՝ գրաֆիկական եւ տեքստային մոտեցումները, որոնք մշակել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2017—ին կշարունակի նախորդ տարվա ուղղությունները, որոնք, մասնավորապես, նվիրված են ռազմարդյունաբերությանը, անվտանգությանը։
«Նախորդ տարի ապրիլյան դեպքերից հետո մեծ քննարկումներ տեղի ունեցան, որից հետո Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ձեռնարկությունների միությունը ինժեներների մոբիլիզացիա հայտարարեց։ Այսօր ձեւավորված խումբն աշխատում է ՊՆ—ի հետ նոր զինատեսակների մշակման առումով»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ՊՆ—ի հետ համագործակցության մակարդակն անհամեմատ մեծացել է։ Նրա խոսքով, ՊՆ—ի հետ աշխատում են տարբեր ուղղություններով՝ գաղտնագրված կապ, հակառակորդի անօդաչու սարքերի հայտնաբերում, հարձակվողական գործիքների հեռահար կառավարում, հետախուզության գործիքներ, բանակի կառավարման համակարգ եւ այլն։ Առաջարկվում են IT լուծումներ նշված ուղղություններով։
Կարեն Վարդանյանը նշեց, որ վերջին տարիներին նկատվում է, որ անհատները, բիզնեսը սկսել են ավելի շատ օգտագործել ՏՀՏ տեխնոլոգիաներ։ Այդ գործում առաջատարը բանկային ոլորտն է։
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը եւս սկսել է ավելի շատ կիրառել տեխնոլոգիական լուծումներ, նշեց Կարեն Վարդանյանը։
«Տուրիզմի ոլորտում ՏՏ լուծումների կիրառման գործում առաջընթացը նկատելի է։ Այս տարիների ընթացքում բավական լուծումներ են առաջարկվել։ «Դիջիթեք» բիզնես ֆորումում կքննարկենք այդ լուծումները եւ կփորձենք հասկանալ, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ինչով կարող է օգնել տուրիզմի զարգացմանը, մասնավորապես, գյուղական համայնքներում»,–ասաց նա։
Կարեն Վարդանյանը նշեց, որ պետք է աշխատել ավելի ակտիվ օգտագործել առցանց մարկետինգի հնարավորությունները՝ տուրիստներին Հայաստան ներգրավելու առումով։
«Երկու կարեւոր գործիքի ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։ Տուրիստը Հայաստան մտնելուց առաջ եւ դրանից հետո։ Պետք է հասկանալ, թե ինչպես Հայաստան մտնելուց առաջ տուրիստին համապարփակ ինֆորմացիա փոխանցվի, որով նա կոգեւորվի։ Դրանից բացի, շատ կարեւոր է Հայաստանից գնալուց հետո զբոսաշրջիկների արձագանքները հավաքելը եւ մյուս այցելուներին ներկայացնելը»,–ավելացրեց Կարեն Վարդանյանը։
|