Գլխավոր էջ » 2016»Հոկտեմբեր»4 » Վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
09:25
Վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել հայ–ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները եւ նշել, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՄՆ–ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առեւտրի եւ ներդրումների բնագավառներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ի կառավարության կողմից՝ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար եւ այդ համատեքստում առանձնակի կարեւորել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը։ Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք իրացման եւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Կ. Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը։
Հանդիպմանը ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ–ամերիկյան համագործակցության ընթացքի եւ զարգացման հեռանկարների շուրջ։