ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 03:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 11 » Արցախի ժողովրդի ազատ եւ անկախ կյանքը այլընտրանք չունի /Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը տարածաշրջանի հոգեւոր առաջնորդներ/
11:04
Արցախի ժողովրդի ազատ եւ անկախ կյանքը այլընտրանք չունի /Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը տարածաշրջանի հոգեւոր առաջնորդներ/

 Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ—ուլ—իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին. «Ձերդ սրբություն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարք,
Հարգարժան շեյխ—ուլ—իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,
Ողջունում ենք ձեզ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգեւոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետեւողական ջանքերի շնորհիվ։ Վեց տարի է անցել այս ձեւաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երեւանում 2011թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով։
Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին՝ քննարկելու ուղիները, որոնցով հոգեւոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ եւ առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ։
Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից։
Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգեւոր առաջնորդներիս կոչերի եւ պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ եւ երբեմն նաեւ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ։ Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու եւ այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը։
Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները։ Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության եւ փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը եւ, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաեւ միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները։
Մտաբերելով այս դեպքերը՝ բնական հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող են պահպանվել իրավիճակի կայունությունը ու խաղաղությունը, երբ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը միակողմանի են։ Ինչպե՞ս կարող ենք հասնել խաղաղության, երբ ջանք եւ միջոց չի խնայվում բոլոր հնարավոր եւ անհնարին ճանապարհներով սեփական բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու հարեւան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի եւ միջազգային հանրության արդարացի եւ օբյեկտիվ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով։
Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես եւ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ բացառապես բանակցությունների միջոցով։ Այլընտրանք չունի նաեւ Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ եւ անկախ կյանքը։
Այսօր հրամայական է, որ կամք եւ հանձնառություն դրսեւորվի՝ հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ եւ կասեցնելու հրադադարի խախտման դրսեւորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները եւ այլեւս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման՝ անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը։ Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաեւ Աստծո դեմ է։
Այստեղ ենք մենք տեսնում մեր՝ հոգեւոր առաջնորդներիս առաքելությունը՝ հորդորելու եւ պատգամելու, մեր լծակիցների հետ մեկտեղ ձեւավորելու այն գիտակցությունը եւ փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտը, որոնց պայմաններում հնարավոր պիտի դառնա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը։ Միեւնույն ժամանակ մեր հանապազ հորդորը պետք է բերենք զինվորականներին պահպանելու հրադադարը եւ խուսափելու սադրանքներից։
Մենք մեծապես կարեւորում ենք միջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման եւ սահմանային միջադեպերի հետաքննության հարցում։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Կիրիլ Ա պատրիարքին եւ Ռուս ուղղափառ եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսեւորած սրտացավության եւ միջնորդական ջանքերի համար։
Աստծուն հաճելի են արդարության եւ խաղաղության ճանապարհներով ընթացողները, որովհետեւ այդտեղ է Նրա սերն ու օրհնությունը, հովանին ու ողորմությունը, ինչպես Ս. Գիրքն է ասում. «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. Գ 18)։ Ուստի մեկտեղենք մեր ջանքերը ու միասնաբար ընթանանք այդ ճանապարհներով։ Այս գործընթացի մեջ պատասխանատվություն ունենք ամենքս։
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված եւ հայցում, որ օրհնի եւ արդյունավորի բոլոր անհատների, հասարակական կառույցների ու կազմակերպությունների այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազգամիջյան հարաբերությունների վերականգնմանը, համերաշխության զորացմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը։ Թող Բարձրյալի օրհնությամբ աշխարհում եւ մեր ժողովուրդների կյանքում միշտ գերակայի հաշտության ոգին եւ պտղաբերի փոխըմբռնումն ու բարի կամեցողությունը։
Շնորհակալություն այս հանդիպման համար»։



Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպման հայտարարություն
 

Սեպտեմբերի 8—ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ—ուլ—իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետեւյալ հայտարարությամբ։

Այսօր մենք՝ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հոգեւոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայում, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության եւ անվտանգության։
Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետեւողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը եւ միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնելու հակամարտության համապարփակ կարգավորմանը։
Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների եւ ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության եւ բարեգթության վրա։
Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջեւ մենք՝ մեր ժողովուրդների հոգեւոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ։
Աղոթում ենք խաղաղության պահպանման եւ հակամարտության հետ առնչված բոլոր հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար եւ առ այդ հորդորում մեր ժողովուրդների քաղաքական եւ հասարակական գործիչներին։
Մենք կոչված ենք միասին հոգ տանելու տառապյալների եւ ընչազուրկների համար, վկայելու հոգեւոր եւ բարոյական անանց արժեքների մասին, փնտրելու հակասությունների հանգուցալուծման խաղաղ եւ արդար ուղիներ։ Խիստ կարեւոր է հրաժարվել ռազմատենչ եւ թշնամական հռետորաբանությունից։
Կոչ ենք ուղղում համապատասխան անձնաց՝ նպաստելու բոլոր այւն խաղաղ բանկիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին եւ հայտնվել են գերության մեջ։
Իբրեւ հոգեւոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետեւաբար խիստ կարեւոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։
Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին՝ երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության եւ փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության եւ ավանդական բարոյականության ոգով։
Մենք, որպես հոգեւոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։ Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջեւ պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգեւոր առաջնորդներիս, անխոնջ եւ հետեւողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության եւ բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության եւ բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման եւ չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց եւ սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ եւ խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով։
Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, եւ Կովկասի մահմեդականների վարչության պատվիրակությունը՝ շեյխ—ուլ—իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն են հայտնում Ռուս ուղղափառ եկեղեցուն եւ նրա գահակալ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Նորին սրբություն Կիրիլ պատրիարքին տվյալ եռակողմ հանդիպման կազմակերպման, Կովկասում խաղաղության հաստատման գործում կարեւորագույն ներդրման համար եւ Նորին սրբությանը մաղթում Բարձրյալի օգնականությունը աստվածահաճո այդ բարձր առաքելությունը շարունակելու գործում։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 13 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017