ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 03:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 1 » Դեմքի լավ արտահայտություն վատ խաղի ժամանակ / Բաքուն պետք է գործնականում ապացուցի կարգավորման ցանկությունը/
10:52
Դեմքի լավ արտահայտություն վատ խաղի ժամանակ / Բաքուն պետք է գործնականում ապացուցի կարգավորման ցանկությունը/

«Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային հանրության աչքերին»,–երեկ Երեւանում Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են սուբստանտիվ բանակցությունների՝ եռանախագահողների առաջարկների հիման վրա, եթե Հայաստանն ընդունի դրանք։ «Պատրաստ են սուբստանտիվ, այսինքն՝ բովանդակային, առարկայական բանակցությունների։ Ինչ է, վերջին 10 տարվա ընթացքում նախագահների մակարդակով 20, արտգործնախարարների մակարդակով 4 տասնյակից ավելի, բազմաթիվ հանդիպումները եռանախագահների հետ եղել են բովանդակությունից զո՞ւրկ։ Փաստորեն, ըստ Ադրբեջանի, այդպես է ստացվում»,–նշեց նա։
Նախարարն ընդգծեց, որ եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները եւ պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, ապա պետք է հաստատի եւ նաեւ գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են եռանախագահող երկրների կողմից։ «Բազմիցս է ասվել այդ երեք սկզբունքների մասին. ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք։ Հայաստանը համամիտ է, իսկ Ադրբեջանը փաստորեն մերժում է եւ անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որտեղ անգամ հղում կա կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները»,–ասաց նա։
«Երկրորդ, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, եւ պետք է անվերապահորեն հարգի եւ իրականացնի 1994—1995թթ. զինադադարի համաձայնագրերը։ Հայաստանը համամիտ է համանախագահ պետությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն մերժում է եռանախագահների կողմից արված կոչերը՝ վերահաստատելու այդ հանձնառությունները։ Եվ, իհարկե, Ադրբեջանը պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում»։
Էդ. Նալբանդյանը նկատեց, որ վերջին հայտարարության մեջ եւս մեկ անգամ ադրբեջանցիները հիշատակեցին Բաքվի կողմից այդքան սիրված ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, որոնք ընդունվել են 1993թ.։ «Պատահական չէ, որ եռանախագահող երկրներն իրենց հայտարարություններում հղում չեն կատարում այդ բանաձեւերին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ բանաձեւերի հիմնական նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Հենց Ադրբեջանի պատճառով էր, որ այդ ռազմական գործողությունները չէին դադարում, քանզի Ադրբեջանը չէր հարգում այդ բանաձեւերը եւ շարունակում էր ռազմական գործողությունները, որոնք հնարավոր եղավ դադարեցնել միայն 1994թ. մայիսին զինդադարի համաձայնագրի շնորհիվ։ Այն, ինչպես գիտեք, ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից։ Դա անժամկետ համաձայնագիր է։ Եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել, որ այս համաձայնագիրը պետք է անվերապահորեն հարգվի եւ կատարվի»։
Արտգործնախարարը նաեւ ընդգծեց, որ եթե ադրբեջանական կողմն իսկապես պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը այն առաջարկությունների հիման վրա, որ եռանախագահող երկրներն են անում, ապա պետք է չփորձի հղում կատարել միայն այն տարրերին, որոնք իրեն դուր են գալիս, այն էլ՝ աղավաղված ձեւով։
«Եռանախագահող երկրների նախագահների հինգ, այլ ոչ թե երեք հայտարարությունների մեջ նշված են այն սկզբունքները եւ տարրերը, որոնց հիման վրա պետք է հիմնախնդիրը կարգավորվի։ Եռանախագահող երկրները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքներից եւ տարրերից որեւէ մեկն առաջնայնություն չունի մյուսների նկատմամբ, եւ անընդունելի է խտրականությունն այս տարրերի կամ սկզբունքների նկատմամբ, որոնք մեկ ամբողջություն են կազմում։ Համանախագահներն ընդգծել են, որ մեկ սկզբունքին կամ մեկ տարրին առաջնայնություն տալն անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը։
Հայաստանը համամիտ է համանախագահ երկրների հետ։ Մինչդեռ Ադրբեջանը հղում է կատարում միայն մեկ կամ երկու տարրերին՝ այն էլ, ինչպես ասացի, աղավաղելով դրանք»։
Այդ ամենը նորություն չէ։ «Ադրբեջանը փորձում է, ինչպես ասում են, դեմքի լավ արտահայտություն ձեւացնել վատ խաղի ժամանակ։ Բայց դա էլ իր մոտ չի ստացվում,–ասաց նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահող երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։–Եթե Բաքուն ցանկանում է միանալ այդ ջանքերին, ապա ես կեզրափակեի նրանով, ինչով սկսեցի. Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հավատարմությունը եռանախագահների կողմից առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին»։
Կրկին անդրադառնալով օրեր առաջ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած կարգավորման վեց տարրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Ասել եմ, որ, ընդհանուր առմամբ, Հոգլանդի ասածը նորություն չէ։ Ինչո՞ւ ընդհանուր առմամբ, որովհետեւ պարոն Հոգլանդի կողմից իր պաշտոնը թողնելուց առաջ ասվածը, միգուցե, ոչ ամբողջովին է համապատասխանում եռանախագահող երկրների հայտարարություններին։ Եռանախագահ երկրների մոտեցումներն արտացոլված են այդ երկրների համանախագահող դեսպանների, արտգործնախարարների, նախագահների կողմից արված հայտարարություններում։ Դրանք է պետք դիտարկել որպես եռանախագահների դիրքորոշում։
Մենք՝ Հայաստանը, հայտարարել ենք, որ պատրաստ ենք շարունակել բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող առաջարկությունների հիման վրա, որոնք վերջին անգամ վերահաստատվել են դեկտեմբերին եռանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների կողմից։
Դրա վրա է պետք հիմնվել։ Իսկ Հոգլանդի հայտարարությանը ես մանրամասն անդրադարձել եմ։ Ավելացնելու նոր բան չկա»։


Նոր փուլ երկկողմ  հարաբերություններում
 

Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը գոհունակությամբ նշեց, որ տարբեր միջազգային համաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան այցը տեղի ունեցավ։ «Սա մեզ համար երկկողմ հարաբերությունների նոր փուլ է նշանակում, եւ վստահաբար առաջիկայում մենք ավելի ակտիվ կլինենք, կունենանք ավելի շատ բարձր մակարդակի այցելություններ։ Վստահ եմ՝ դա բարերար ազդեցություն կունենա երկու երկրների հասարակությունների համար»։
Անդրադառնալով երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթին, որը հնարավորություն կտա դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց այցելելու Բոսնիա եւ Հերցեգովինա առանց վիզայի, ասաց, որ դա խորհրդանշական սկիզբ է, եւ իրենք անդրադարձել են նաեւ հասարակ մարդկանց համար վիզայի ազատականացմանը վերաբերող հարցերին, որպեսզի ավելի շատ հոսք լինի Բոսնիա Հերցեգովինայից Հայաստան եւ հակառակը։ Նախարարը նաեւ նշեց, որ քննարկվել է տարբեր ոլորտներում ավելի շատ համաձայնագրեր ունենալու հարցերը։
Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջ կայցելի Բոսնիա եւ Հերցեգովինա՝ ընդունելով Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարի հրավերը։
Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարը հույս հայտնեց, որ այդ այցելության շրջանակներում նոր փաստաթղթեր կստորագրեն։ Նա ընդգծեց, որ թեպետ այդ այցը ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցը չի լինի Բոսնիա եւ Հերցեգովինա, սակայն կլինի բավականին երկար դադարից հետո կատարած այց, ուստի իրենք սիրով կսպասեն նրան՝ որպես թանկագին եւ սպասված հյուր։
Պարոն Ցրնադակը, անդրադառնալով ԵՄ—ի հետ հարաբերություններին, նշեց, որ կառույցին անդամակցելը Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ռազմավարական նպատակն է. «Չնայած այն հանգամանքին, որ մենք երկրում ունենք ներքաղաքական լարումներ, բոլորը սատարում են այս քաղաքականությանը, մեր երկրում ապրող բոլոր ազգերը՝ սերբերը, խորվաթները, բոսնիակները։ Բոլորիս սա միավորում է»։
Նա հավելեց, որ 2016թ. Բոսնիա եւ Հերցեգովինայի համար «լավագույն եվրոպական տարին էր»։ Այդ տարվա ընթացքում Բոսնիա եւ Հերցեգովինան դիմել է Եվրոպական միությանն անդամակցելու համար եւ տարվա վերջում ստացել է Եվրոպական հանձնաժողովի հարցաթերթիկը. «Սրանք շատ կարեւոր գործընթացներ են։ Մենք ակնկալում ենք գալիք տարվա առաջին կեսում ստանալ պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։ Միակ բանը, որ ես կցանկանայի կանխատեսել, առայժմ սա է»։
Նա նշեց, որ ընդհանրապես շատ դժվար է կանխատեսումներ անել այդ ճանապարհի վերջնակետի մասին՝ ելնելով այն հանգամանքից, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք իրենք չեն կարող վերահսկել։ «Մենք մեր կողմից կանենք հնարավորը, մասնավորապես, օգտվելու համար թեկնածուի կարգավիճակով մեր ժամանակահատվածից։ Ուրիշ երկրների փորձը ցույց է տալիս, որ դա ցանկացած երկրի համար լավագույն ժամանակահատվածն է՝ սկսած այն պահից, երբ երկիրը պաշտոնապես դառնում է թեկնածու մինչեւ լիարժեք անդամակցությունը Եվրոպական միությանը։ Այս ժամանակահատվածում երկրները կարողանում են օգտվել բազմատեսակ կարեւոր միջոցներից, իսկ ինքը շատ պարտավորություններ չի ունենում»,–ընդգծեց Ցրնադակը։
Նա ասաց, որ չի ցանկանում գուշակություններ անել, թե երբ իրենք Եվրոպական միության անդամ կարող են դառնալ՝ հավելելով, որ կցանկանար իմանալ դա, իսկ եթե իմանար, անպայման կասեր։

Քաղաքական երկխոսությունը կակտիվանա

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հանդիպումը։
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակը՝ հույս հայտնելով, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջպետական կապերի ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի համար՝ Իգոր Ցրնադակը շեշտել է, որ իր այցելության նպատակը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությանը խթան հաղորդելն է։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները մտքեր են փոխանակել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման, զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ։
Հայաստանի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը կարող է լավ մեկնարկ հանդիսանալ քաղաքական երկխոսության խորացման համար։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ առեւտրատնտեսական կապերի խթանման ուղիներին։ «Տնտեսական հարաբերությունները գրեթե չեն զարգացել։ Առկա թվերը շատ փոքր են։ Բայց, կարծում եմ, ներուժը բավական մեծ է, եւ մենք կարող ենք շատ ավելին անել, որպեսզի այս բնագավառում համագործակցությունը զարգանա, փոխադարձ ծրագրեր իրականացվեն՝ ի շահ երկու երկրների»,–ասել է Նալբանդյանը։
Նախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական ձեւաչափով փոխգործակցությանը, քննարկել ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները։
Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը։ Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարեւորությունը։
Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է. «Բոսնիա եւ Հերցեգովինան ցանկանում է, որ հիմնախնդիրն ունենա խաղաղ հանգուցալուծում։ Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ կարծում ենք, որ բոլորը պետք է աջակցեն նրան։ Մենք հույս ունենք, որ երկար տեւած այս հակամարտության վճռական ավարտը կտեսնենք ի շահ այնտեղ ապրող ժողովրդի»։
Էդվարդ Նալբանդյանը եւ Իգոր Ցրնադակը ստորագրել են համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի նախարարների խորհրդի միջեւ դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին»։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024