ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 05:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 16 » Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր /«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից /
11:19
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր /«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը, պաշտպանական եւ անվտանգության խնդիրներին, տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ ապագա ծրագրերին վերաբերող հարցերի։


Հայաստան–Եվրամիություն
 

Ըստ նախագահի՝ նոյեմբերի 24—ին ԵՄ—ի հետ համաձայնագիր ստորագրելը ցույց տվեց Հայաստանի մոտեցման իրավացիությունը, որ Ասոցացման համաձայնագիրը չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն։
«Ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված ե՛ւ Եվրամիության մեր գործընկների կողմից, ե՛ւ մեր կողմից։ Խնդիրն այստեղ ուրիշ բանում է. երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր հակադրություն կարող է լինել, թեեւ ինչ—որ տեղ պարտավոր ենք մտածել, եւ մեր գործողությունները միայն սրանով պայմանավորենք, մենք շատ բանի չենք հասնի։ Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, Մաքսային միությունը հսկայական շուկա ունի, եւ մեր նպատակը պետք է լիներ եւ այդպիսին էլ կա, արտահանման խթանումը։ Այսինքն՝ մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք, արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված՝ որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, եւ այդ ապրանքները կարող են հավասարապես արտահանվել ե՛ւ Եվրասիական տնտեսական միության շուկա, ե՛ւ Եվրամիության շուկա՝ ուղիղ այնպես ինչպես հիմա է տեղի ունենում։ Մեր արտահանումների 28 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային։ Իհարկե, կառուցվածքների մեջ տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք եւ այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն այդպիսին է։ Մենք մշտապես պետք է այս ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահերը եւ ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ։ Նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում։ Կան այդպիսի օրինակներ»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Այս համատեքստում անդրադառնալով վիզաների ազատականացման խնդրին, նախագահը կարծիք է հայտնել, որ լավ աշխատելու դեպքում 2—3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին։


ԼՂ խնդիր
 

Պատասխանելով Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքված նոր փաստաթղթում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բավականաչափ հավասարակշռված դիրքորոշման ու ձեւակերպումների հետ կապված հարցին՝ նախագահը նկատել է, որ «փաստաթղթում հաստատորեն նշվում են այն երեք սկզբունքները, որ բոլորի կողմից ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ՝ նկատի ունեմ կողմերին, առաջարկել է։ Այսինքն՝ երեք սկզբունքներն այնտեղ առկա են, ձեւաչափն առկա է, Եվրամիության հանձնառությունը կա։ Ներողություն, ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ այդտեղ, որպեսզի մարդիկ կասկած չհայտնեին այս փաստաթղթի օգտակարության եւ շատ կարեւորության մասին։ Ես կարծում եմ, որ սա այս փաստաթղթի կարեւորագույն հատվածներից մեկն է»։
«Իսկ ճի՞շտ է պնդումը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի շուրջ կամ կարգավորման կետերի շուրջ արդեն գոնե երկու տարի չի խոսվում» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կոնկրետ կետերի շուրջ, այո՛, չենք խոսում։ Բայց Դուք եթե տեսնեք, թե այս երկու տարիներին ինչ է տեղի ունեցել, ապա այդ պրոցեսը պետք է բնական համարել։ Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, եւ հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով։ Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, եւ որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ։ Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուս ձեռքով՝ կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում»։


Գնաճը կառավարելի է
 

Հայաստանում ընդհանուր գնաճը կառավարելի է, նկատել է Սերժ Սարգսյանը. «Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք։ Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է։ Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ, թեեւ, բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում եւ այլն, աշխատավարձի բարձրացման տեմպը հենց այսօր, այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը։ Սա, կարծում եմ, շատ կարեւոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր»։


Հայաստան—Իրան
 

Անդրադառնալով հարեւան Իրանի հետ մեր երկրի հարաբերություններին՝ նախագահն ասել է. «Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք, եւ այսօրվա առեւտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա, եւ այդ հսկայական ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն եւ այդ դեպքում, իրոք, այդ կայունության եւ խաղաղության պտուղները կարող ենք քաղել նաեւ մենք»։ Նրա խոսքով՝ մենք պետք է մտածենք հետեւյալ կերպ. «Որքանով բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին»։


Շփման գիծ
 

ՀՀ նախագահն ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության նվազագույնի հասցնելը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որոնք առկա են շփման գծում։ «Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որ կբացառեն այլ գործողություններ եւս։ Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք, եւ դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում։ Հիմա ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ եւս»,–շեշտել է նա։


ԶՈՒ բարեփոխումներ
 

«Բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է նոր սպառազինությամբ, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, բայց մենք մի քանի ամիս հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը եւ այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան զինված ուժերում, որպեսզի այդ անցումը լինի շատ հարթ։ Սա մեկ, որը շատ կարեւոր է։ Երկրորդ՝ միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել։ Միշտ էլ զինված ուժերն իր աշխատանքը պլանավորել է մեկ տարով, երկու տարով, երեք տարով, երբ կառավարությունը սկսեց միջնաժամկետ ծրագրեր քննարկել, բայց հիմա մենք նախ մի կողմից հնարավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորելու մեր բարեփոխումները, մյուս կողմից դա ուղղակի անհրաժեշտ է։ Մենք պետք է տեսնենք, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ ենք ունենալու եւ ելնենք ոչ թե նրանից, թե ինչ միջոցներ կարող ենք ներդնել, այլ թե ինչ միջոցներ են անհրաժեշտ։ Փիլիսոփայությունն է մի քիչ փոխվում»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Խոսելով «Global Military» ինդեքսի հրապարակած վարկանիշի մասին, ըստ որի՝ Հայաստանը Եվրոպայի ամենառազմականացված երկիրն է եւ երրորդն աշխարհում, նախագահն ասել է, որ Հայաստանը պարտադրված է ունենալ այն զինված ուժերը, որն ունի այսօր, քանի որ դա հնարավորություն կտա լուծել երկրի անվտանգության խնդիրները։
«Իհարկե, նորմալ պայմաններում որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ երեք միլիոն ժողովուրդը ունենար այսպիսի զինված ուժեր, բայց արդյոք մենք կամավոր ենք այդ ճանապարհն ընդունել, մենք պարտադրված ենք դա անել»,–նկատել է նա։


Իրավապահ համակարգ
 

Խոսելով իրավապահ մարմինների աշխատանքի մասին՝ նախագահը օրինակ է բերել, որ սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են. այս տարի դիտավորյալ սպանությունները մոտավորապես 15—20 տոկոսով կրճատվել են, տեղի ունեցած գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ «Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում տվյալ համակարգը՝ իրավապահ համակարգը, բացահայտել այդ հանցագործությունները եւ որ ամենակարեւորն է՝ կանխարգելել,–ընդգծել է Սերժ Սարգսյանը եւ հավելել.–Կարծում եմ, մեր վիճակը բավարար է, թեեւ մենք իրավունք չունենք հանգստանալ այս ձեռքբերումներով։ Մենք, իրոք, պետք է լինենք շատ անվտանգ երկիր՝ անվտանգ երկիր ներսում եւ անվտանգ՝ մեր սահմաններում»։


Կառավարության գործունեությունը
 

Անդրադառնալով երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու համար կառավարության քայլերին՝ նախագահը նշել է, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում տնտեսական աճ ապահովելու նպատակով։ Նա նկատել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության առջեւ շատ հստակ խնդիր էր դրված՝ հասնել արդյունավետ կառավարման. «Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետեւ դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով եւ այլն։ Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը եւ Կարեն Կարապետյանի կառավարությունը իրենք իրենց առջեւ են խնդիր դրել, եւ այդ խնդիրը 5—6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջեւ խնդիր է դնում, եթե կառավարությունը իր առջեւ խնդիր է դնում, եւ այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է արդյոք հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ, վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ տնտեսական աճի արդյունքներից, դա տեսանելի կլինի եւ շոշափելի կլինի»։


Ապագայի ծրագրեր
 

Անդրադառնալով նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո ծրագրերի մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը ասել է, որ կգա ժամանակը եւ կհայտարարի որոշման մասին։ Իսկ մինչ այդ «պետք է մինչեւ վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտավորությունները, որ դու կամովին ես ստանձնել։ Վերջիվերջո որեւէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին եւ դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ եւ իրոք պատրաստ եմ մինչեւ վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել եւ ինչ ոլորտում կարող եմ օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ»։ Այնուհետեւ Սերժ Սարգսյանը հավելել է. «Չեմ սեթեւեթում, չեմ ծանրացնում, չեմ ձեւացնում։ Ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024